«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2011-06-29 | #120, 2011-06-30 | #121, 2011-07-01


ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ` ԹՈՒՐՔԻԱ, ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱ

Հունիսի 27-ին հրապարակած զեկույցում ԱՄՆ պետդեպարտամենտը նշել էր, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն ստանդարտները, սակայն այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ կատարվել են: Պետդեպարտամենտը դրական էր համարել, որ 2010-ից կառավարությունը մասնակի ֆինանսավորում է ապահովել թրաֆիքինգի զոհերի ապաստարանին եւ ուսուցումներ է անցկացրել պաշտոնյաների համար: Թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը երեկ մեկնաբանել է ԱՄՆ պետդեպարտամենտիՙ թրաֆիքինգի վերաբերյալ զեկույցը: Կաժոյանի գնահատմամբ` զեկույցի առումով Հայաստանի ակնկալիքներն արդարացել են:

«Ակնկալվում է, որ Հայաստանը պետք է պահպանի իր դիրքը երկրորդ խմբում, աշխատանքները կատարվել են բավարար մակարդակով, աշխատանքների նման ձեւով շարունակվելու դեպքում Հայաստանը շուտով կարող է տեղափոխվել առաջին խումբ»:

Կաժոյանի փոխանցմամբ` Հայաստանում թրաֆիքինգի զոհերի համար «Ամքոր» եւ «Հույս եւ օգնություն» կազմակերպություններում գործում է 2 ապաստարան: Կառավարությունն անցյալ տարի վերոնշյալ կազմակերպություններին հատկացրել է 6 միլիոն 200.000 դրամ գումար:

Պետդեպարտամենտի զեկույցում նշվում էր, որ առանձնակի մտահոգության տեղիք է տալիս տարվա ընթացքում բացահայտված զոհերի կտրուկ անկումը, ինչպես նաեւ հարկադիր աշխատանքի հետ կապված դեպքերի քննությունների բացակայությունը: «Մտահոգություն կառաջանա միայն այն դեպքում, եթե դեպքերը եղել են, ու բավարար քանակությամբ ոստիկանական հետաքննություն չի անցկացվել, բայց երբ դեպքերը քիչ են եղել եւ ուշադրության են արժանացել համապատասխան մարմինների կողմից, միայն ողջունելի է», ասաց Կաժոյանը:

Պետդեպարտամենտի ներկայացրած տվյալների համաձայնՙ անցյալ տարի թրաֆիքինգի համար դատապարտվել է 5 մարդ, որից 4-ը` սեռական, իսկ 1-ը աշխատանքային թրաֆիքինգի համար, մինչդեռ 2009-ին դատապարտյալների թիվը 11-ն էր: 2010-ին թրաֆիքինգի համար դատապարտված անձանցից որեւէ մեկը վաղաժամկետ ազատ չի արձակվել:

Անդրադառնալով պետքարտուղարության զեկույցում ներկայացված թրաֆիքինգի հիմանական ուղղություններինՙ Կաժոյանն ասաց, որ նախորդ տարիների համեմատ փոփոխության չեն ենթարկվել` Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա եւ Գերմանիա: Թրաֆիքինգով զբաղվող հանցավոր խմբերը վերոնշյալ 3 ուղղությունն օգտագործում են կանանց սեռական շահագործման նպատակով:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4