«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2011-06-29 | #120, 2011-06-30 | #121, 2011-07-01


ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ՑԱԾՐ ԵՆ ՀԵՏՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ 2009-Ի ԳՆԵՐԻՑ

Անիմաստ է ակնկալել դրանց նկատելի բարձրացումն այս պահին

Մեր թերթի մայիսի 28-ի համարում «Անշարժ գույքի շուկան լճացած վիճակում է» հրապարակման մեջ անդրադարձել էինք կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության մայիս ամսվա տվյալներին, ներկայացրել գործարքների քանակական եւ գնային ցուցանիշները: Ամփոփելով արձանագրված ցուցանիշներըՙ եզրակացրել էինք, որ այս պահին անշարժ գույքի շուկան լճացած վիճակում է: Սակայն անհրաժեշտություն կա փոքր-ինչ ավելի հանգամանալից ներկայացնելու անշարժ գույքի շուկայի կացությունը երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակի համատեքստում, պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցության հարցերը, այս շուկայում առկա միտումներն ու հավանական զարգացումները:

Հայաստանում անշարժ գույքի շուկան արագ տեմպերով սկսեց զարգանալ 2003-2004-ից, ինչը պայմանավորված էր 2000-ից սկսված երկրի տնտեսական աճի բարձր տեմպերով եւ այդ աճի մեջ շինարարության ունեցած որոշիչ մասնաբաժնով: Հարկ ենք համարում մեկ անգամ եւս ընդգծել, որ առնվազն տարօրինակ է, երբ բացասական երեւույթ է համարվում շինարարության աճն այդ տարիներին: Ընդ որում, չնայած շինարարության նման ծավալներին, Հայաստանում կառուցապատման շատ ավելի մեծ ծավալների անհրաժեշտություն եւ պահանջարկ կա նաեւ հիմա: Ինչեւէ:

Շինարարության աճը եւ անշարժ գույքի գների աճը շարունակվեցին մինչեւ 2008-ի տարեվերջ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ամենից շատ տուժեց շինարարությունը, ինչի հետեւանքով կտրուկ իջան նաեւ անշարժ գույքի գներըՙ մոտ 25-30 տոկոսով: 2009-ի ընթացքում գների անկումը կանգ առավ եւ կայունացավ մինչ ճգնաժամայինից 25-30 տոկոսով ցածր գների վրա: Նորակառույց բնակարանների գները գրեթե չնվազեցին, ինչը վկայում է, որ, ինչպես արդեն նշեցինք վերեւում, բարձր պահանջարկը նորակառույց բնակելի, ինչպես նաեւ այլ շինությունների նկատմամբ պահպանվում է:

2010-ի ընթացքում անշարժ գույքի շուկան որոշ չափով աշխուժացավ: Ամսական արձանագրվում էր միջինը 0,5-1 տոկոսի աճ: Սակայն այդ գործընթացը շատ փխրուն էր եւ ամրապնդված չէր ընդհանուր տնտեսական եւ շինարարության ծավալների բարձր աճի տեմպերով: Չնայած պահանջարկի առկայությանը, ճգնաժամի հետեւանքով բնակչության մեծ մասի գնողականության անկումը հարկադրեց նոր բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցողներին առժամանակ հետաձգել դա իրագործելը: Արդյունքում, անցյալ տարի անշարժ գույքի շուկան մի տեսակ իներցիոն զարգացման մեջ էր, որն ինչ-որ պահի պետք է կանգ առներ:

2011-ի սկզբներին իներցիոն ընթացքը կանգ առավ, եւ գները սկսեցին դարձյալ նվազել: 2010-ի տարեկան արձանագրված 6-10 տոկոս միջին գների աճն արդեն ի չիք դարձավ: Ներկայումս բոլոր ցուցանիշներով, այս տարվա մայիսի գները մոտ 8-10 տոկոսով ցածր են անցյալ տարվա մայիսի գներից: Ընդ որում, ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում, ինչպես բնակարանների, այնպես էլ անհատական տների դեպքում: Ավելին, այս տարվա մայիսին անշարժ գույքի գները հետճգնաժամային 2009-ի մայիսի գներից էլ ցածր են: Խոսքը փաստացի առքուվաճառքներով ձեւավորված միջին գների մասին է: Սա կարող է անհավատալի թվալ շատերին, քանի որ շուկայում անշարժ գույք վաճառողների եւ գնորդների վարքագիծը բոլորովին չի համապատասխանում ստեղծված իրավիճակին:

Անշարժ գույք գնել ցանկացողները բախվում են շուկայի տրամաբանությանը չհապատասխանող առաջարկի բարձր գներին: Շատերը կամ հետաձգում, կամ էլ հրաժարվում են գնելու մտադրությունից: Սրան ավելանում են գործարք կատարելու ցանկություն ունեցողների մեծ մասի սպասողական տրամադրությունները: Վաճառողները սպասում են գների բարձրացմանը, գնողներըՙ իջնելուն: Յուրաքանչյուրը վստահ է, որ տեղի է ունենալու հենց իր ցանկալի զարգացումը: Նրանք սպասում են, իսկ գործարքները կատարողները ձեւավորում են ներկայիս շուկայական գները:

Անշարժ գույքի շուկայում ներկայիս լճացած իրավիճակը նկատի ունենալովՙ ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում: Այս շուկայում առաջիկայում դժվար թե կտրուկ զարգացումներ տեղի ունենան: Տնտեսական անկման դեպքում անշարժ գույքի շուկան շատ արագ է արձագանքում: Սակայն տնտեսության ընդհանուր աճի դեպքում անշարժ գույքի շուկայի արձագանքն ավելի ուշ է գալիս: Ինչպես արդեն նշեցինք, 2000-ից սկսված տնտեսական բարձր աճին անշարժ գույքի շուկայի զարգացումը հետեւեց 3-4 տարի հետո, այն էլ շինարարության բուռն զարգացման պարագայում: Ներկայումս Հայաստանի տնտեսական աճի տեմպը դեռ այնպիսին չէ, ինչպիսին 2000-ականներին էր: Բացի դրանից, շինարարության մեջ զարգացում չկա: Հետեւաբար, օբյեկտիվորեն, անշարժ գույքի շուկայում որոշ ժամանակ կպահպանվեն ներկայիս գներըՙ չնչին փոփոխություններով: Այսինքնՙ անիմաստ է ակնկալել դրանց նկատելի բարձրացումն այս պահին: Ընդհանուր տնտեսական աճի շարունակման պարագայում միայն դրանք կսկսեն ավելի արագ տեմպերով բարձրանալ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4