Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը գերազանց է հանդես գալիս Մոսկվայում անցկացվող Վլադիմիր Դվորկովիչի 6-րդ հուշամրցաշարում: 6 տուրից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում 8 միավորով Ադրբեջանի հավաքականն է: 7-ական միավոր են վաստակել Չինաստանի եւ Ուկրաինայի ընտրանիները:
Մրցաշարին մասնակցում են 8 հավաքականներ, որոնք միմյանց հետ մրցում են 2 շրջանով: Յուրաքանչյուր հավաքականում ընդգրկված է 4 շախմատիստ, որոնցից առնվազն մեկն աղջիկ է: Մասնակիցները 12-17 տարեկան են: Յուրաքանչյուր խաղատախտակի վրա մրցակիցները միմյանց հետ երկու պարտիա են անցկացնում սեւ եւ սպիտակ խաղաքարերով:
Հայաստանի հավաքականը գլխավորում է միջազգային գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը: Նա թիմում ընդգրկել է Կարեն Գրիգորյանին, Հովհաննես Գաբուզյանին, Տիգրան Հարությունյանին եւ Սուսաննա Գաբոյանին:
Առաջին օրը հայ շախմատիստները միեւնույն 3-1 հաշվով երկու անգան հաղթեցին Չինաստանի հավաքականին: Կարեն Գրիգորյանը երկու պարտիաներում էլ հաղթեց Լու Շանգլեյին, Հովհաննես Գաբուզյանն էլ պարտության մատնեց Յի Վեյին: Տիգրան Հարությունյան-Չու Վեյ Չհաո, Սուսաննա Գաբոյան-Վանգ Յուե մրցախաղերում մրցակիցները մեկական հաղթանակ տոնեցին:
Մրցումների 2-րդ օրը մեր շախմատիստները 3,5-0,5 եւ 4-0 հաշիվներով ջախջախեցին ղազախներին: Միակ կես միավորը Սուսաննա Գաբոյանի հետ անցկացրած 2-րդ պարտիայում վաստակեց Դինա Ասաուբաեւան: Գրիգորյանը հաղթեց Էրկեն Կոզգանբաեւին, Գաբուզյանը պարտության մատնեց Ալիբեկ Իգամբերգենովին, իսկ Հարությունյանն առավելության հասավ Այան Ահմետովի նկատմամբ: Նշենք, որ նախորդ օրը նույնպիսի հաշիվներ էին գրանցվել Ադրբեջանի եւ Ղազախստանի հավաքականների մրցավեճում:
Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների մրցավեճը: Առաջինում գրանցվեց ոչ-ոքի: Մեր թիմից հաղթեց միայն Կարեն Գրիգորյանը Ուրի Ելիսեեւի հետ մրցավեճում: Գաբուզյանն ու Հարությունյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Վյաչեսլավ Տիլիշեեւի եւ Կոնստանտին Նիկոլոգորսկու հետ, իսկ Գաբոյանը պարտվեց Լյուբով Կոստիցինային: Իսկ ահա 2-րդ մրցախաղում հայերը հաղթեցին 3-1 հաշվով: Կրկին հաջող խաղաց Գրիգորյանըՙ 2-րդ անգամ պարտության մատնելով մրցակցին: 2-րդ հաղթանակն իր թիմին պարգեւեց Գաբուզյանը, իսկ Հարությունյանն ու Գաբոյանը մրցակիցների հետ խաղաղ դաշն կնքեցին: