Կոսովոյի անկախացումից ի վեր առաջին համաձայնությունն է ստորագրվել Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ, որը թույլ կտա մարդկանցՙ հատել սերբական սահմանը Կոսովոյի փաստաթղթերով, ձեռք բերել անշարժ գույքի փաստաթղթեր, կրթական հավաստագրեր, որ ճանաչված կլինեն երկու կողմերում էլ: Ըստ «Եվրոդիտորդ»-ի հրապարակման, հուլիսի 2-ին Սերբիան եւ Կոսովոն ստորագրել են համապատասխան համաձայնագիր Եվրոմիության միջնորդությամբ:
Համաձայնագիրն առաջին փաստաթուղթն է Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ եւ հատկապես վերաբերում է փաստաթղթային ոլորտին: Այդուհանդերձ, պաշտոնական Բելգրադն անմիջապես հայտարարել է, որ այսօրինակ համաձայնագրի ստորագրումը բնավ էլ չի նշանակում, թե Սերբիան ճանաչում է իր նախկին շրջանը որպես անկախ: Մինչդեռ Կոսովոյի պարագայում ստորագրված համաձայնագրի հիմնական մեկնաբանությունն էլ հենց այդ տարածքի անկախության ճանաչմանը տանող քայլի համատեքստում է:
Չնայած այսպիսի հարաբերություններին` ստորագրված համաձայնագրով սերբական սահմանապահներն այսուհետեւ ընդունելի կհամարեն Կոսովոյում կիրառության մեջ գտնվող քննության քարտերն ու վարորդական իրավունքները, բայց ոչ կոսովյան անձնագրերը, որոնց համեմատությամբ, ըստ սերբական կողմի, ինքնության քարտերը պետության խորհրդանիշ չեն:
Համաձայնագրին Եվրոմիության աջակցությունն ու միջնորդությունն ամենից առաջ պայմանավորված են նրանով, որ Կոսովոյի բնակչությունը հենց Սերբիայի տարածքով այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կարող է ազատորեն հայտնվել Եվրոմիության մյուս երկրներում` փոխանակ շրջանցող ճանապարհով եւ Խորվաթիայի ու Մոնտենեգրոյի տարածքով հասնելու ԵՄ:
Սերբիայի պարագայում էլ այս համաձայնագիրը որոշ առումով կանաչ լույս է դեպի Եվրոմիություն անդամության իրականացում, հատկապես պատերազմական հանցագործությունների մեղադրանքներով Ռադկո Մլադիչի ձերբակալությունից հետո: Ամենայն հավանականությամբ, աշնանը կարելի է սպասել, որ Սերբիային պաշտոնապես տրվի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ