Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ եւ Մարտունի քաղաքների ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքների ընթացքի մասին հեղինակային հսկողություն իրականացնելու նպատակով Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի նախագծային խումբը հունիսի 20-ից 24-ը գտնվել է Ստեփանակերտ եւ Մարտունի քաղաքներում: Նախագծային խմբի այցը պլանային էր, որի նպատակն էր գտնվել շինարարության վայրում, հանդիպել պատվիրատուների եւ շինարարների հետ, պարզաբանել նախագծերի մանրամասները, հետեւել շինարարության ընթացքին:
Ներկայումս Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներ են ընթանում N6,10,11,12-րդ գոտիներում: N10 եւ 11 գոտիների շինարարական աշխատանքներն իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, իսկ N6 եւ 12-րդ գոտիները կառուցվում են ԼՂՀ կառավարության միջոցներով:
Ստեփանակերտ քաղաքի 11-րդ գոտին ընդգրկում է Արմենավան եւ Ստեպ-ԳԷՍ թաղամասերը, որտեղ գրեթե ավարտված են ներքին բաշխիչ ցանցի ճյուղերի եւ մագիստրալ ջրագծերի շինմոնտաժային աշխատանքները: Այս գոտիում միանում է միայն Բաղրամյան փողոցով, Վարարակն գետի վրայով անցնող երկու կամրջային անցումները ներառող ջրագծի շինարարությունը, որից հետո կսկսվեն անհատական ջրասպառողների մուտքագծերի եւ ջրաբաշխական հանգույցների մոնտաժման աշխատանքները:
Որպեսզի 11-րդ գոտու բնակիչներին 24 ժամյա ջրամատակարարումով ապահովելՙ անհրաժեշտ կլինի կառուցել նաեւ այս գոտու համար նախատեսված օրվա կարգավորիչ ջրամբար (ՕԿՋ), որի սնուցումը նախատեսված է իրականացնել N1 մաքրման կայանից եւ N5 խորքային հորից: Շինմոնտաժային աշխատանքներ են իրականացվում նաեւ 11-րդ գոտու ՕԿՋ-ների սնման գծերի Վ. Վաղարշյան, Բաղրամյան եւ Կնունյանց փողոցների տեղամասերում:
Շինարարությունն ընթանում էր եղանակային անբարենպաստ պայմաններում: Տեւական անձրեւների պատճառով գրունտն ամբողջովին հագեցված էր ջրով, որը այն դարձրել էր դժվար մշակելի, խրամուղու շեպերը հաճախ փլուզվում էինՙ լցվելով փռված խողովակների վրա: Շինարարները ստիպված ձեռքով հեռացնում էին փլուզված գրունտը, որպեսզի տեղադրեն խողովակի պաշտպանիչ շերտը:
Շին. մոնտաժային աշխատանքները Ստեփանակերտ քաղաքում ընթանում են անբարենպաստ պայմաններում: Առաջինՙ այն պատճառով, որ փողոցներով անցնող խրամուղու ողջ հանույթը հեռացվում է քաղաքի սահմաններից դուրս, իսկ հետլիցքի գրունտը բերվում է դրսից: Դա պարտադրված աշխատանք է, որը թելադրվում է քաղաքի կենսագործունեության ապահովման պայմաններից: Խրամուղու հանույթի կողլիցքը նեղ փողոցներում կառաջացնի երթեւեկության ընդհատում, որը անթույլատրելի է:
Երկրորդՙ նոր ջրագծերի մոնտաժման ժամանակ պետք է պահպանել գոյություն ունեցող ջրամատակարարման ցանցը, որը գտնվում է ծայրահեղ քայքայված վիճակում: Հաճախ շինարարները ստիպված են լինում վերականգնել նաեւ գոյություն ունեցող քայքայված ջրամատակարարման ցանցը, որը բնականաբար պահանջում է լրացուցիչ ժամանակ եւ միջոցներ:
Չնայած այս բոլոր բարդություններինՙ շինարարական բոլոր կապալառու կազմակերպություններն աշխատում են ժամանակին եւ բարձր որակով ավարտել իրենց պայմանագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները:
Շինարարության տեխնիկական հսկողությունը 10 եւ 11-րդ գոտիներում իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնագետների կողմից, որոնք մշտապես վերահսկում են շինարարության ընթացքը:
Մյուս շինարարական տեղամասերում տեխնիկական հսկողությունն իրականացվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի գրասենյակի մասնագետների կողմից, որոնք ամենաբարձր պատասխանատվությամբ հետեւում են, որպեսզի շինարարությունն ընթանա նախագծի տեխնիկական պայմաններին համապատասխան:
Ջրամատակարարման ցանցի 10-րդ գոտու շին. մոնտաժային աշխատանքներն ընթանում էին քաղաքի կենտրոնական հատվածումՙ Մամիկոնյան փողոցում:
Այստեղ, մագիստրալային ջրագծի մոնտաժման հետ միաժամանակ, տեղադրվում էին նաեւ ջրաբաշխական հորերը: Շինարարների հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին նախագծի փոփոխությունների մանրամասները եւ շինարարի կողմից արված առաջարկությունները: Մասնավորապես, շինարարը պահանջում էր, որպեսզի ջրաբաշխական հորերը եւ դիտահորերը տեղադրվենՙ ելնելով տեղանքի նպատակահարմարությունից, որն ամբողջովին հավանության արժանացավ:
Նույն շինարարական կազմակերպությունը, որն իրականացնում էր 10-րդ գոտու ջրամատակարարման ցանցի մոնտաժման աշխատանքները, իրականացնում է նաեւ N1 մաքրման կայանի շինարարությունը: N1 մաքրման կայանը նախատեսված է Վարարական գետի մակերեւութային հոսքի մաքրման համար: Այն կառուցվում է քաղաքի հյուսիսարեւմտյան հատվածումՙ 908 նիշի վրա: Մաքրման կայանի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն իրականացվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի եւ «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնագետների կողմից: Ներկայումս մաքրման կայանի շինարարությունն ընթանում է վարչական շենքի II հարկում եւ արտադրական շենքի քամիչների շինարարության տեղամասերում: Հեղինակային խումբը, գտնվելով շինարարության վայրում, բացատրություններ տվեց նախագծի մանրամասների վերաբերյալ:
N1 մաքրման կայանի գործարկումով քաղաքը կապահովվի շուրջ 100լ/վրկ. մաքուր խմելու ջրով, որը կբավականացնի քաղաքի գրեթե 60% բնակչությանը:
Բացի վերը նշված շինարարություններիցՙ լայնամասշտաբ շինարարություն էր ընթանում նաեւ ներքին բաշխիչ ցանցի 6-րդ եւ 12-րդ գոտիներում: 6-րդ գոտու շինարարական աշխատանքներն ընթանում էին քաղաքի կենտրոնումՙ Բաղրամյան փողոցի հարակից թաղամասերում, իսկ 12-րդ գոտու շինարարական աշխատանքներըՙ Առաքելյան փողոցի շրջակայքում:
Բացի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրիցՙ Ստեփանակերտ քաղաքում նախատեսվում է իրականացնել նաեւ մեկ այլ կարեւոր կենսական նշանակություն ունեցող ծրագիր. դա կենցաղային կեղտաջրերի քաղաքի սահմաններից հեռացման ծրագիրն է:
Այսօր կենցաղային կեղտաջրերն ինքնահոս լցվում են քաղաքի տարածքում գտնվող ձորակներըՙ ստեղծելով հակասանիտարական պայմաններ, որը անթույլատրելի է շրջակա միջավայրի պահպանության եւ նորմալ կենսագործունեության տեսանկյունից:
Քաղաքի սահմաններից կենցաղային կեղտաջրերի հեռացման ծրագրի շրջանակներում Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը 2010թ. կատարել է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, որի իրականացումով կենցաղային կեղտաջրերը կհեռացվեն քաղաքի սահմաններից դուրս, որով կտրուկ կբարելավվի քաղաքի տարածքի էկոլոգիական վիճակը եւ այսօրվա համաճարակային օջախ հանդիսացող ձորակները կդառնան գրավիչ բնակչության եւ զբոսաշրջիկների համար:
2011թ.-ին սկսվել է այս ծրագրի իրականացումը: Կառուցվել է 4-ա ձորակով անցնող շուրջ 450մ երկարությամբ կոլեկտորը, որով կենցաղային կեղտաջրերը Ստարավոյտովա փողոցից կտեղափոխվեն դեպի Կառկառ գետը: Այս տարի նախատեսվում է շարունակել այդ կոլեկտորի շինարարությունը մինչեւ Կառկառ գետը:
Այսօր Մարտունի քաղաքն ապահովված չէ շուրջօրյա ջրամատակարարումով: Ավելին` քաղաքում գրեթե գոյություն չունի ներքին բաշխիչ ցանց, քանի որ ծայրահեղ քայքայված վիճակում է եւ գոտեւորված չէ: Այդ պատճառով ջուրը տրվում է գրաֆիկով, որը ցանցի մաշվածության պատճառով չի հասնում զգալի թվով սպառողներին:
Մարտունի քաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ունենալու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերով առաջադրանք տրվեց Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանին մշակել նախագծանախահաշվային փաստաթղթեր, որի իրականացումով կապահովվի Մարտունի քաղաքի շուրջօրյա ջրամատակարարումը:
Այդ փաստաթղթերի I փուլի մշակումը մեր կողմից ավարտվեց 2011թ. հունվարին, իսկ II փաթեթըՙ փետրվարի վերջին:
I փուլի շինարարական աշխատանքները սկսվել են ապրիլ ամսին, որի իրականացման հեղինակային հսկողությունը կատարում են մեր համալսարանի մասնագետները: Այդ նպատակով նախագծի հեղինակային խումբը հունիսի 22-ին հերթական այցելությունն է կատարել Մարտունի քաղաք` թվով 4-րդ հեղինակային հսկողություն իրականացնելու նպատակով: Այցելության ընթացքում հանդիպումներ ենք ունեցել «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների եւ շինարարների հետ: Շինարարությունն ընթանում էր ջրաբաշխական հորերի եւ առանձնատների մուտքագծերի մոնտաժման տեղամասերում:
Շինարարությունն ընթանում է առանց նախագծային շեղումների, բոլոր տեխնիկական պահանջներին համապատասխան:
Մարտունի քաղաքն ամբողջովին կոյուղացված չէ: Բազմաբնակարան շենքերի կոյուղագծերը կեղտաջրերը հասցնում են քաղաքի տարածքով անցնող Խոնաշին գետը: Առանձնատների սեփական հողատարածքում կառուցված հորերից, որոնք հաճախ լցված են, կեղտաջրերն արտահոսում են քաղաքի փողոցներՙ առաջացնելով շրջակա միջավայրի աղտոտում:
Քաղաքի ջրամատակարարման համակարգի կառուցմանը զուգահեռ խնդիր դրվեց կառուցել նաեւ կենցաղային կեղտաջրերի հեռացման համակարգ: Հանձնարարվեց համալսարանինՙ մշակել քաղաքի կենտրոնական հատվածի կենցաղային կեղտաջրերի հեռացման համակարգի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Նախագծային աշխատանքների առաջին փուլը հանձնվել է դեռեւս մայիս ամսվա առաջին կեսին, իսկ շինարարությունը սկսվել է արդեն հունիս ամսին:
Համաձայն ներկայացված նախագծիՙ նախատեսվում է քաղաքի կենտրոնական շրջանների կոյուղագծերի հավաքագրում գլխավոր կոլեկտորի մեջ, որով այն հեռացվելու է քաղաքի սահմաններից դուրս: Ներկայումս իրականացված է շուրջ 400 մ երկարությամբ կոյուղագիծ, աշխատանքները շարունակվում են ըստ գրաֆիկի, նախագծային տեխնիկական պահանջներից շեղումներ չկան:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ