Լորա Մովսիսյանը 37 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկ-օրդինատոր է: Ապրիլի 5-ին լրացել է տիկին Մովսիսյանի 62 ամյակը: Ծննդյան օրը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքում ավարտելով գործերըՙ անմիջական ղեկավարի թույլտվությամբ աշխատանքից դուրս է եկել մի փոքր շուտ:
Նույն օրը երեկոյան ղեկավարը նրան զանգահարում է` տեղեկացնելու, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանից խիստ նկատողություն է ստացել: «Դա առաջին նկատողությունն էր: Մինչ այդ ստանում էի երախտագիտություններ ու պատվոգրեր», «Ազգ»-ին ուղարկած նամակում պատմում է Մովսիսյանը:
Հաջորդ օրը Մովսիսյանը տեղեկանում է, որ խիստ նկատողությունը չեղյալ է համարվել, Ասոյանն էլ բացատրություն է պահանջում ոչ սահմանված ժամին աշխատանքից հեռանալու մասին: Բժշկուհին գլխավոր բժշկի ընդունարանում բացատրագիր է գրում, սակայն երկու օր անց տեղեկանում է, որ դարձյալ արժանացել է խիստ նկատողության: Ասոյանին չի բավարարել, որ բժշկուհին ավարտել է իր աշխատանքն ու անմիջական ղեկավարից թույլտվություն ստանալով, նախատեսված ժամից մի փոքր շուտ է գնացել տուն:
«Գուցե նա ճիշտ էր օրենքի տեսանկյունից, սակայն խոզի գրիպի համաճարակի ժամանակ, երբ պարոն Ասոյանը ելույթ էր ունենում բոլոր հեռուստաալիքներով, ես ու իմ գործընկերները միանգամայն անվճար մեկուկես ամսվա ընթացքում գրեթե առանց հանգստյան օրերի աշխատում էինք արտաժամ: Մեկ անգամ հերթապահությունից հետո Ասոյանի կարգադրությամբ ուղեւորվեցի Երեւանի երկու միջնակարգ դպրոցներՙ անհայտ ծագմամբ ցանով երեխաների հետազոտության: Այդ անգամ իմ աշխատանքային օրը տեւեց 33 ժամ»:
Բժշկուհի Մովսիսյանի ներկայացմամբ` Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները 5 տարվա ընթացքում աշխատանքային պայմանագրով գիշերային հերթապահությունների համար իրենց հասանելիք աշխատավարձը չեն ստացել: «Դա կոչվում է «ընկերական ծառայություն» մատուցել գլխավոր բժշկին», գրում է Մովսիսյանը:
Բժշկուհին որոշում է դիմել դատարանՙ խիստ նկատողությունը բողոքարկելու եւ 5-ամյա հերթապահության եւ խոզի գրիպի համաճարակի ժամանակ արտաժամ աշխատանքի դիմաց օրենքով հասանելիք աշխատավարձը ստանալու: Տեղեկանալով, որ Մովսիսյանը դիմել է դատարան, Ասոյանը «ոտքի հարվածով ջարդեց դուռը, ներխուժեց բժիշկների սենյակ եւ 1 ժամ իմ գլխին էր տեղում փողոցային հայհոյանքներ ու սպառնում ֆիզիկական հաշվեհարդար տեսնել: Այդ ամենը տեղի էր ունենում իմ 4 գործընկերների աչքի առաջ: Այդ ընթացքում Ասոյանը ձգվում էր ինձ հարվածելու, բայց իմ գործընկերները կանգնում էին մեր միջեւ»: Կատարվածի վերաբերյալ Մովսիսյանը հայտնում է ոստիկանությանը:
Մի քանի օր անց բժշկուհուն ոստիկանությունից տեղեկացնում են, որ դուռը տեղում է, հետեւաբար դատական գործը փակված է: Իր իրավունքների պաշտպանության նպատակով բժշկուհին նամակ է գրում դատախազություն, սակայն այնտեղից էլ հայտարարում են, որ գործը փակված է: «Դատախազության որոշումը կարելի է վիճարկել միայն դատարանում: Ես ամենայն հավանականությամբ կդիմեմ այնտեղ, քանի որ հավատում եմ, որ մեր երկրում օրենքները գրված են բոլորի, նույնիսկ բաժանված կանանց համար, որ չունեն որդիներ, ովքեր կարող են պաշտպանել իրենց մայրերի պատիվը»:
Հ. Հ.