«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2011-07-01 | #122, 2011-07-02 | #123, 2011-07-06


ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐՆ ՈՒՆԵՆ ՆԱԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բժիշկների շրջանում շարունակ քննարկվում են պատվաստումների դրական ու բացասական հատկությունները: Տարբեր պատվաստանյութերի վերաբերյալ բժիշկները տարբեր կարծիքներ ունեն: Չնայած իրարամերժ կարծիքներինՙ այնուամենայնիվ առանց պատվաստվելու թե՛ մեծերը, թե՛ փոքրերը հիվանդություններից պաշտպանված չեն: Չափահասների ու մանկական ազգաբնակչության համար նախատեսված կանխարգելիչ պատվաստումների մասին նախորդ համարներում «Ազգը» արդեն գրել է: Քանի որ թեման հրատապ է, որոշեցինք մանկական պատվաստումներին կրկին անդրադառնալ: Նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ պատվաստումներից հրաժարվողների թիվն ավելացել է: Ծնողները հիմնականում հրաժարվում են հնգավալենտ վակցինայից, որով երեխաները պատվաստվում են դիֆտերիայի, փայտացման, կապույտ հազի, հեպատիտ B-ի եւ հեմոֆիլուս ինֆլուենզա B տիպի հիվանդության դեմ: Այս 5 հիվանդությունների դեմ պատվաստումն արվում է մի ներարկումով ու նույն վակցինայով, զուգահեռ պոլիոմելիթի դեմ պատվաստանյութից էլ 2 կաթիլ կաթեցվում է երեխայի բերանի մեջ: Հիշեցնենք, որ Հայաստանում պլանային օրացույցի համաձայն` հնգավալենտ վակցինայով երեխաները պետք է պատվաստվեն 6 շաբաթական հասակում:

Լիանելա Գեւորգյանի երեխան 4 ամսական է: Ծնողը պատմում է` հրաժարվել է, որ երեխային պատվաստեն հնգավալենտ վակցինայով: Ասում է, որ ծանոթների ու բարեկամների երեխաների մեջ այդ պատվաստումից հետո ծանր ռեակցիաներ են եղել: Հարցին, իսկ կոնկրետ ի՞նչ ռեակցիաներ, Լիանելան պատասխանում է. «Երեխաներին անձամբ չեմ տեսել, բայց ծնողներն ասել են` չարժե տանել այդ պատվաստմանը: Մեր ընտանիքում էլ բժիշկներ կան, նույնիսկ` մանկաբույժ, նրանք եւս խորհուրդ են տվել չտանել երեխային այդ պատվաստմանը` ասելով, որ հնգավալենտ պատվաստանյութը երեխաները դժվարությամբ են ընկալում»: Պատվաստումից հրաժարվելու ուրիշ պատճառներ զրուցակիցս չի նշում: Թեեւ նա հետեւում է ծանոթ-բարեկամ բժիշկների խորհուրդներին, սակայն հիմնավորումներ չունի, թե բժիշկներն ինչո՞ւ են դեմ հնգավալենտ պատվաստանյութին:

Թեմայի առնչությամբ «Ազգը» զրուցեց տարբեր մանկաբույժների հետ: Ծննդատան մի մանկաբույժ, որը խիստ զգուշանալով չուզեց իր անվան հրապարակումը, ասում է, որ հնգավալենտ վակցինայով պատվաստումից հետո իրեն հաճախ են դիմել գանգատներով: Մանկաբույժը կարծում է, որ 1,5 ամսականում (6 շաբաթական հասակում) երեխայի իմունիտետը դեռ կարգավորված չէ, իսկ թե ի՞նչ մակարդակի վրա է երեխայի իմուն համակարգն այդ տարիքում, որեւէ իմունոլոգ ասել չի կարող: «Մինչեւ մեկ տարեկանը երեխայի իմուն համակարգը կայացման շրջանում է, հետեւաբար չի կարելի 1,5 ամսականում միանգամից պատվաստել ինֆեկցիոն 5 հիվանդությունների դեմ», բացատրում է մանկաբույժը եւ հավելում. «Իսկ պոլիկլինիկաների բուժաշխատողներն այդպես հետամուտ են պատվաստումներին, որովհետեւ նախարարությունն էլ նրանց է ճնշում, որպեսզի դիմելիության անհրաժեշտ թիվն ապահովեն»:

Մեկ ուրիշ մանկաբույժ էլ, որը եւս չուզեց իր անվան հրապարակումը, նշեց, որ կարող են լինել նաեւ հետպատվաստումային ուշացած ռեակցիաներ. «Այսինքն պատվաստվելուց հետո` տարիների ընթացքում հնարավոր է, որ զարգանան աուտոիմուն հիվանդություններ, որոնցից է, օրինակ, սիստեմային կարմիր գայլախտը»: Թե տարիներ անց ո՞ր պատվաստանյութն օրգանիզմի վրա ինչպե՞ս կազդի, ոչ ոք կանխագուշակել չի կարող: Զրուցակիցս նշում է` 100-ից կամ 1000-ից մի երեխայի դեպքում պատվաստանյութի պատճառով կարող է լինել երիկամի ախտահարում. «Սակայն մենք չենք կարող վտանգի ենթարկել մանկական ողջ ազգաբնակչությանն ու չպատվաստել հարյուրհազարավոր երեխաների, ինչ է` մի երեխայի դեպքում հնարավոր է ուշացած ռեակցիաներ լինեն»: Վերջինիս կարծիքով` եթե երեխան չի պատվաստվում, օրինակ` դիֆտերիայի դեմ, ապա հիվանդությունից պաշտպանված չէ. «Իսկ հիվանդանալուց հետո քիչ հավանականություն կա, որ կկարողանանք փրկել երեխային»: Չնայած իր թվարկած բացասական կողմերին` զրուցակիցս պատվաստումներին կողմնակից է, խոստովանում է` տարիներ առաջ դստերը չի տարել կապույտ հազի դեմ պատվաստման, եւ աղջիկը հիվանդացել է կապույտ հազով: Աղջկան բուժել են, սակայն մեծ դժվարությամբ:

Մանկաբույժներն ընդգծում են, որ ծնողների մեջ այսպիսի սովորություն կա` կարծում են` առողջական տարբեր բարդացումների պատճառը պատվաստումներն են: Հաճախ ուրիշ պատճառ չգտնելով` ամբողջ մեղքը բարդում են պատվաստումների վրա, նույնիսկ այն դեպքում, երբ պատվաստումները հիվանդության հետ առնչություն չունեն:

Ինչեւէ, մանկաբույժները զգուշացնում են` եթե երեխան պատվաստվելու է, ապա այդ պահին պետք է լրիվ առողջ լինի, այլապես պատվաստվելուց հետո հնարավոր է, որ ունենա բարձր ջերմություն ու ընկնի անաֆիլակտիկ շոկի մեջ: Նույնիսկ հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ: Ուստի բժիշկը պետք է ճիշտ գնահատի երեխայի առողջական վիճակը, հետո նոր պատվաստի:

Եթե անաչառ դիտարկենք մանկաբույժների կարծիքները, կարող ենք հետեւություն անել` երկու դեպքում էլ վտանգն առկա է: Ամեն ծնող մտավախություն ունի, որ հետպատվաստումային ծանր հետեւանքները միգուցե լինեն հենց իր երեխայի հետ: Բայց եթե երեխան պատվաստված չէ, այս դեպքում ծնողն ավելի անհանգիստ է, որովհետեւ վարակիչ հիվանդություններից երեխան պաշտպանված չէ:

Ի վերջո, չստանալով կողմնորոշող պատասխաններ, «Ազգը» զրուցեց եւս մի մասնագետի հետ: «Հերացի» համալսարանական պոլիկլինիկայի ղեկավար Աննա Բալյանն ասում է. «Պատվաստումների չարագործության մասին խոսակցություններն ուռճացված են: Երբեմն ծնողներն առաջնորդվում են ինտերնետից վերցված թյուր ինֆորմացիայով ու պատվաստումների մասին սխալ կարծիք կազմում»: Ըստ տիկին Բալյանի` ինտերնետում կան այնպիսի նյութեր, որոնք հիմնված չեն ապացուցողական բժշկության դրույթների վրա: Աննա Բալյանն ասում է` կոնկրետ հնգավալենտ պատվաստանյութի հանդեպ նման կասկածելի վերաբերմունքը պայմանավորված է նաեւ բուժաշխատողների նկատմամբ անվստահությամբ:

Պոլիկլինիկայի ղեկավարը կարեւորում է, որ զանգվածային լրատվամիջոցները պատվաստումներին առնչվող թեմաներն ավելի շատ լուսաբանեն: Այսօր ԶԼՄ-ներն այս թեմաներին քիչ ուշադրություն են դարձնում, եւ բնակիչների անտեղյակ լինելը, ըստ Աննա Բալյանի, պայմանավորված է նաեւ այսօրինակ թեմաների հանդեպ լրատվամիջոցների անտարբերությամբ:

Այնուհետեւ անդրադառնալով պատվաստումների դրական ու բացասական կողմերին` տիկին Բալյանը եւս նշում է, որ հարյուր հազարից մեկի դեպքում կարող են լինել ծանր ռեակցիաներ` անաֆիլակտիկ շոկ, ցնցում եւ այլն: Ինչ վերաբերում է մտավախությանը, թե պատվաստանյութերն աուտիզմ են առաջացնում, Ա. Բալյանը նշում է. «Ասում ենՙ ինտերնետում կա ինֆորմացիա, թե կարմրուկի դեմ պատվաստանյութը հնարավոր է, որ աուտիզմ առաջացնի, սակայն դա ընդամենը վարկած է եւ ապացուցված չէ»:

Անկախ թվարկված ռիսկային կողմերից` մանկաբույժները կարծում են, որ պատվաստումներն անհրաժեշտ են: Աննա Բալյանը նույնիսկ ընդգծում է, որ ուրիշ երկրներում ավելի շատ պատվաստումներ են արվում, քան Հայաստանում. «Օրինակ` կան երկրներ, որտեղ պատվաստում են ջրծաղիկի, մենինգակոկային եւ այլ վարակների դեմ, իսկ մեզանում դրանք չեն արվում»: Հարցին` իսկ Հայաստան ո՞ր երկրներից են ներմուծվում պատվաստանյութերը, Աննա Բալյանը պատասխանեց, որ պետական ծրագրով դրանք ներկրվում են Բելգիայից, Ֆրանսիայից ու Բուլղարիայից: Մեր երկրում պատվաստանյութեր չեն արտադրում, իսկ դեղատներում վաճառվող պատվաստանյութերի ծագումից ու որակից մանկաբույժներն իրազեկ չեն:

Մանկաբույժները կողմ են պատվաստումներին, սակայն նրանց բացատրությունները բոլոր ծնողներին չեն համոզում: Կոնկրետ հնգավալենտ վակցինային կապված խնդիրը մնում է չլուծված: Ինչպես տեսնում ենք, կանխարգելիչ պատվաստանյութերն ունեն եւ բացասական հատկություններ:

Ամեն դեպքում, մարդկությունը կանխարգելիչ պատվաստումներից հրաժարվել չի կարող:

Հ. Գ. Քանի որ «Ազգն» ունի շատ ընթերցողներ նաեւ արտասահմանում, ուստի այս թեմայի վերաբերյալ կուզենայի իմանալ եւ նրանց կարծիքներն ու արձագանքները: Երեխաների պատվաստումներին կապված ի՞նչ խնդիրներ կան այլ երկրներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4