Երեկ նախկին «Հայրենիք» կինոթատրոնի ճեմասրահում, ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում էին կազմակերպել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը (նախագահ` Կարլեն Թորոսյան) եւ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկները: 2001-ին ստեղծված հիմնադրամն արդեն երրորդ անգամ կազմակերպում է ՔԿՀ-ում գտնվող անազատության մեջ ապրող եւ ստեղծագործող կալանավորների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք միջոցառումը: Տոնի օրը միջոցառմանը ներկայացված էին մեր երկրի 7 ՔԿՀ շուրջ 40 կալանավորների 300 աշխատանքներՙ փայտից, կտորից, ոսկորից, ապակուց, մետաղից եւ այլն, որոնց գները տատանվում էին 500-50.000 դրամի սահմաններում: Ինչպես «Ազգ» -ին ասաց պրն. Թորոսյանը , վաճառքից գոյացած գումարները կհատկացվեն կալանավորների ընտանիքներին:
Տասը տարվա պատմություն ունեցող հիմնադրամը հոգում է, որպեսզի անազատության մեջ գտնվող մարդը ստեղծագործիՙ նրան տրամադրելով անհրաժեշտ նյութեր ու պարագաներ: Հիմնադրամում ընդգրկվել են նաեւ կալանավայրերում իրենց պատիժը կրած եւ այժմ ազատության մեջ գտնվող 13 անձինք, որոնք օգնում են ստեղծագործող անձանց:
Ցուցահանդես-վաճառքը բացեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ առաջին իրը գնեց: Իսկ լրագրողների հետ զրուցելիս նա ասաց. «Ներկայումս գործող քրեակատարողական հիմնարկները սովետական տիպի են, սովետական հոտն է մնացել եւ 1-ին հերթին հենց այդ պետք է փոխել...»: Ըստ նախարարի, դա այն հիմնարկն է, ուր մարդն ազատ պետք է զգա: «Պատիժն այսօր չի կատարում իր դերը, եւ ունենք կրկնահանցագործներ: Ուստի անհապաղ անհրաժեշտ է նոր քրեակատարողական հիմնարկների կառուցումըՙ ժամանակակից չափանիշներով: Իսկ մեկ այդպիսի կառույցի համար անհրաժեշտ է 20-30 միլիոն դրամ...»:
Սահմանադրության օրը նման միջոցառում կազմակերպելը նախարարը համարեց խորհրդանշական, քանզի այդ վայրում գտնվողների ստեղծագործություններում ազատության գաղափարն է հիմնականում դրված, որն էլ ամրագրված է սահմանադրորեն:
«Ազգ»-ի հարցին ի պատասխան պրն. Թովմասյանն ասաց, որ 7 ՔԿՀ-ում կային 5300 կալանավոր, որոնցից համաներումից հետո մնացել են 4600, այդ թվում 160-170 կին, 25 անչափահաս: Իսկ կրկնահանցագործների թիվը 30 տոկոս է կազմում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ