«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2011-07-06 | #124, 2011-07-07 | #125, 2011-07-08


ՄԵՌՅԱԼ ՍԵԶՈՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը նշանակված էր օգոստոսի 1-ին: Չգիտենք, թե էլ ի՞նչ պիտի ասեն կամ անեն ՀԱԿ-ի ղեկավարները` ժողովուրդ հրապարակ բերելու եւ դատարկ հույսերով կերակրելու համար, էլ ի՞նչ ֆոկուսներ ու հնարքներ պիտի բանեցնեն, սակայն միայն այն փաստը, որ օգոստոսի 1-ը մեռելոց է, արդեն որպես մեռած հանրահավաքային սեզոնի խորհրդանիշ հատկանշական է, իսկ ուշացումով օրվա խորհուրդը ՀԱԿ-ականների հիշելն ու հանրահավաքի օրը տեղափոխելը իրերի դրությունը բոլորովին չի փոխում: Սեզոնն արդեն մեռել է եւ տեխնիկապես, եւ հատկապես օդում առկա անորոշությունների պատճառով: Իսկ օգոստոսի 2-ին հանրահավաքի կանչելով` իրեն միակ ընդդիմություն հայտարարած կառույցը ընդամենը մի ավելորդ անգամ շոգին մարդկանց մարմինն ու հոգին կտանջի` կրկին հիշեցնելով, որ այդպես էլ գործ չարվեց եւ ընդհանրապես` թանձրացավ անորոշության մշուշը ընդդիմադիր ձեւաչափի շուրջը:

Եթե հետ ենք նայում անցած տարիներին` նախագահական եւ խորհրդարանական հետընտրական շրջանին, հասկանում ենք, թե որքան իզուր ժամանակ անցավ փաստորեն, խաղաղության եւ կայունության ի՞նչ շրջան կորցրինք ազգովին` առանց լուրջ ձեռքբերման, առանց ժողովրդի կյանք բարելավելու, առանց պետության տնտեսական դիրքերն ամրապնդելու: Ղարաբաղի հարցում իրական լարվածություն, այո, չեղավ, եւ վատ բանի սպասման, դրանից զգուշանալու վրա ծախսված ժամանակը շատ ափսոս էր: Փաստորեն` այն ամենօրյա պատրվակը, թե ղարաբաղյան ճակատում վատ բան կլինի, բարելավում մի պահանջեք, դրանով ենք զբաղված, ու այդպես ձեռքներս ծալած-նստած էինք, դուրս եկավ դատարկ բան. տնտեսությունը մնաց բլած վիճակում, մարդկանց խնդիրների մեծ մասը չլուծվեց, ժամանակն էլ` չվող թռչուն, ոչ հետ բերել կլինի, ոչ էլ կուտակված խնդիրների լուծումը մի հրաշքով կունենանք: Հիմա այդ վիճակում մտնելու ենք նոր քաղաքական սեզոն, որին այս անգամ իսկապես կարող է զուգահեռվել ղարաբաղյան խնդիրը ճնշումներով լուծելու փորձերը:

Հիմա անզեն աչքով եւ ոչ մասնագետի համար էլ տեսանելի է, որ ղարաբաղյան հարցը հաստատ ինչ-որ հանգրվանի մոտենում է: Բայց դրանով զբաղվողները շատ լավ գիտեին, որ ոչ մեկ տարի առաջ, ոչ երկու տարի առաջ այդ հանգրվանը մոտ չէր, լուծման պարտադրանք չկար, մինչդեռ փոխանակ զբաղվեին երկիրը կարգի բերելով, ձեւ էին անում, որ այդ հանգրվանը շատ, շատ մոտիկ է, վա՜յ, պատերազմը միշտ մեր քթի տակ է, ու դա կապում է ձեռքերը, թույլ չի տալիս ողջ թափով ջանք թափել երկրում կուտակված խնդիրները լուծելու:

Այդպես էր անում իշխանությունը, այդպես էր անում ընդդիմությունը (համարյա նույն մոտեցումները հնչեցնելով), այդպես հարմար էր` երկիրը կարգի բերելու վերաբերյալ կարեւոր եւ դժվար որոշումները հետաձգելու համար «լուրջ պատճառ» կար: Վատ զարգացումներ այդպիսով հիմա մի կողմից կարող են լինել ղարաբաղյան հարցում, մյուս կողմից` մեր ապրելակերպը դույզն-ինչ լավացնելու մոտիկ հնար չի երեւում, եւ միաժամանակ` հիմնական քաղաքական ուժերն ուզում են վերարտադրվել: Նորմալ երկրում վերջինն անհնար կլիներ: Նորմալ երկրում երկրի կյանքում իրապես բան չփոխած քաղաքական ուժերը պիտի որ հավակնություն չունենային նույն տեսքով եւ նույն բովանդակությամբ ներկայանալու եւ նույն ծավալով իշխանական լծակներին տիրանալու: Մեզ մոտ ամեն ինչ ոտնիգլուխ շուռ է եկած` խոսքով ամեն ինչ օ քեյ է, նախընտրական բոլոր խոստումները կատարված, դեռ մի բան էլ ավելի: Հիշեցի՞ք կոմունիստների սուտ տոկոսներն ու գերակատարումները: Հիմա նայում ու տեսնում ենք` այդպես չէր իսկապես, ու մենք շատ լավ էլ կարող էինք ոչ թե ժամանակ ծախսել հայ-թուրքական պարտիայի, ղարաբաղյան ոչ հայանպաստ լուծման անընդհատ սպասման վրա, այլ մեր ներսի խնդիրները լուծելու. ո՞վ է պատասխան տալու կորսված տարիների համար, ո՞վ է անգին, թանկ, ազգին միգրացիայից հետ պահող գործերը չանելու համար պատասխանատվություն կրելու, ո՞վ է իրեն պատասխանատու զգալու այն բանի համար, որ չնորացվեց մեր քաղաքական համակարգը եւ չպատրաստվեց քաղաքական հերթափոխը, քանի որ դա ձեռք չէր տալիս նույն համակարգը ներկայացնող եւ արմատական ընդդիմությանը, եւ իշխանությանը: Այս երկուսի զգայաններն էլ ընդարմացել են` տեւաբար իրար դեմ պայքարելուց, եւ եթե այս անգամ գայլն իսկապես մոտենա հոտին (նկատի ունենք, որ միջազգային հանրությունն ուզում է ոչ այնքան հայանպաստ լուծում պարտադրել ղարաբաղյան խնդրում), խնդիր կա վստահ լինելու, որ որոշում կայացնողները վերը նշված պատճառներով զգոնությունը կորցրած չլինեն:

Փաստորեն Կազանով քաղաքական սեզոնը փակեցինք, ոչ մի վատ բան տեղի չունեցավ առայժմ, բայց մեր կյանքը մնում է մինուս նշանի տակ, մեր հարցերը չլուծված, իշխանություն-ընդդիմություն տունտունիկը` կիսատ, եւ ամեն ինչից երեւում է, որ աշնանը քաղաքական սեզոնը բացելու ենք ոչ թե երկխոսություն-բանակցություն, արտահերթ-հերթական շուտասելուկներով, այլ էլի ղարաբաղյան զարգացումներով, ամեն ինչ ցուցանում է դա, ու այս անգամ ոչ թե երեւութական, այլ իրական է վտանգը: Որ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քաթրին Էշթոնը ասում է` «Համաձայնության հասեք մինչեւ տարեվերջ», «Առաջիկա ամիսներին պետք է ավելին տեսնենք»` խաղաղ պարտավորությունը վերահաստատելուց զատ, «Ջանքը պետք է կրկնապատկել», սրանք, երեւում է, դատարկ խոսքեր չեն միայն , քանզի` «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն էլ առանցքային ռազմավարական հետաքրքրության առարկա է ԵՄ-ի համար», նայած ի՞նչ շահեր նկատի ունի տիկին Էշթոնը:

Իհարկե, մինչեւ սեպտեմբերին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողով ինչ-որ բան սպասելն իսկապես ռեալ չէ, սակայն որ ասվում է` փոխզիջման եւ խաղաղության ընտրություն պետք է անեն Սարգսյանն ու Ալիեւը, իսկ մարդ կա, որ հակամարտության կարգավորումը համարում է Նոբելյան մրցանակ ստանալու հնարավորություն, սա արդեն չափազանցություն է: Բայց մեջը ռեսուրս կա, վկաՙ Լավրովի ակտիվությունը, Մեդվեդեւի` նոր առաջարկներով փաստաթղթի մասին խոսակցությունը եւ բազմաթիվ այլ վկայություններ: Որ բարդ է Կազանից հետո, երեւում է ամեն ինչից, անգամ Իլհամն է չափը կորցրել ու էս անգամ մենակ ռազմական գործոնից չի խոսում, այլ համ էլ ձեռքի հետ հոխորտում է, թե հայկական պետությունը ադրբեջանական պատմական տարածքի վրա է ստեղծվել: Էխ, Իլհամ, քոչվոր նախահայրերդ եսիմ որտեղ էին վրան խփում, երբ հայերն այդ տարածքների տերն էին: Ու մեր Շավարշն էլ ստիպված հիշեցնում է, որ 100 տարի առաջ Ադրբեջան պետություն չկար քարտեզի վրա: Այս անգամ դժվար է լինելու նախ մեզ համար, ժամանակ էլ չունենք, որ եւ ներքաղաքական դաշտում խաբս տանք` անկապ արտաքին քաղաքական իբր հաջողություններով պարծենալով, այնպես որ ամռան այս ամիսուկեսը ընդդիմությունն ու իշխանությունը պետք է ավարտեն իրենց մուկնուկատուն, ու անգամ էական չէ` ի՞նչ արդյունքով, ոչ ոք այլեւս լուրջ արդյունքի չի սպասում, հասարակության լայն շերտերին ուղղակի այլեւս այս դիմակայությունը պետք չէ, պետք է արդյունավետ պետական ապարատ, խնդիրների հերթականությամբ լուծում, որն անձ փոխելով չի արվում, այլ աշխատելու ու բան փոխելու կամքով: Մինչդեռ մերոնք բոլոր ոլորտներում ժամանակի հետեւից մի կերպ են հասնում, մերոնք չեն կարողանում գործընթաց կառավարել` դրանց հետեւից քարշ են գալիս-ուշանում են: Ամեն ինչ ընթանում է ծանրաշարժ, անհետաքրքրական եւ առանց էնտուզիազմի: Սպանեցին` մեկը բանակցություն, մեկը` երկխոսություն ասելով: Հիմա էլ էդ բառախաղն է անվերջ-հոգեմաշ ձգվելու: Դե մի բան արեք, պրծնենք, էլի: Կուզեք` բանակցեք, կուզեք` երկխոսեք, հասարակությանն ի՞նչ դրանից: Սիրահարվեք, ամուսնացեք, բաժանվեք, լիճ ունենք, կուզեք լողացեք, կուզեք` խեղդվեք: Դե մի բան արեք, որ աշնանը ազգովին գոնե ղարաբաղյան աննպաստ զարգացման պատրաստ լինենք ու քաղաքական մանրախնդրությունների գերին չդառնանք: Իսկ թե նոր քաղաքական մշակույթ է ձեւավորվում Հայաստանում, էլ չգիտեմ ինչ, մի տեսակ չի երեւում խոսքի հետեւում նյութ. մենք չե՞նք ուզում էդ նոր մշակո՞ւյթը, բայց էդ մշակույթը հո մենակ «արտահերթ-հերթական» կամ «բանակցություն-երկխոսություն» եզրույթների արտաբերումով չի՞ սահմանափակվում: Հա, միգուցե երկրի ու պետականության համար երկխոսությունը լավ բան է, բայց այդ բառերը արտասանելով միայն ոչ հերթական, եւ ոչ էլ արտահերթ ընտրություններն ավելի թափանցիկ կամ հասարակության վստահությունը վայելող կդառնան, մանավանդ որ ընտրությունների կեղծման առումով ոչ մի իշխանության անուն մաքուր չի եղել, հավասարապես երեք նախագահների ղեկավարած իշխանություններն էլ դրա համար քննադատվել են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4