Ադրբեջանում վերջին օրերին շոգն այնքան անտանելի է դարձել, որ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հատուկ հրաման է ստորագրել, որով սահմանել է զինվորների օրվա արտակարգ ժամանակացույց` ժամը 12-17-ը նրանք «չպետք է լքեն զորանոցները»: Այդ մասին տեղեկացրել է ՊՆ մամլո ծառայությունը եւ պարզաբանել, որ հրամանն արձակվել է «դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով»: Ըստ այդմ, զորամասերում նաեւ մեթոդական ցուցումներ են տրվել, թե «ինչպիսի առաջին օգնություն պետք է ցուցաբերել արեւահարության դեպքերում»:
Տեղեկատվության աղբյուրը, սակայն, չի մանրամասնել` Սաֆար Աբիեւի հրամանը վերաբերում է բոլո՞ր զորամասերին, թե՞ միայն նրանց, որ մարտական հերթապահություն չեն իրականացնում: Իսկ դա շատ կարեւոր է: Քանի որ եթե հրամանը վերաբերում է բոլորին, ապա ստացվում է, որ ցերեկվա ժամը 12-17-ն ադրբեջանցի զինվորները պետք է լինեն զորանոցներում, որպեսզի չարեւահարվեն եւ դժբախտ պատահարներ չլինեն: Բայց այդ դեպքում հարց է առաջանում` իսկ ովքե՞ր են մարտական հերթապահություն տանելու շփման գծում կամ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը, ըստ ադրբեջանական կողմի, «նույնպես ռազմաճակատային գիծ է»: Իսկ եթե հրամանն արձակվել է որպեսզի շփման գծից հեռու տեղակայված զորամասերում դժբախտ պատահարներ չլինեն, ապա ստացվում է, որ Սաֆար Աբիեւն ադրբեջանցի զինվորների միջեւ խտրականություն է դնում:
Մեկ անգամ չէ, որ Բաքվի որոշ ոչ իշխանական լրատվամիջոցներ բացեիբաց գրել են, որ Ադրբեջանում կան արտոնյալ եւ ոչ արտոնյալ զինվորներ: Պետական ապարատի, գործարար եւ մտավորական շրջանակների ներկայացուցիչներն իրենց զավակներին ծառայության են դասավորում այսպես կոչված «պահեստային զորամասերում», որոնք տեղակայված են զորքերի շփման գծից հարյուրավոր կիլոմետրեր հեռու եւ երբեք մարտական հերթապահության մեջ չեն ընդգրկվում, իսկ «առաջավոր գիծ» ուղարկվում են այն ընտանիքներից նորակոչիկները, որոնք սոցիալական վիճակի բերումով զինկոմիսարիատների հետ «լեզու չեն գտնում»:
Անպատկերացնելի է, որ ներկա իրավիճակում, երբ «պատերազմի անխուսափելիության» մասին Ադրբեջանում ով չի ծուլանում, խոսում է, պաշտպանության նախարարը հրաման արձակի եւ շփման գծում տեղակայված զորամասերում «մեռյալ ժամ» հայտարարի: Հետեւաբարՙ Աբիեւի հրամանը տարածվելու է միայն այն զորամասերի վրա, որոնք «պահեստային են»: Այսինքն` կոմպլեկտավորված են ադրբեջանական հասարակության «ընտյալ խավի» զավակներից: Չի բացառված նույնիսկ, որ հենց «ընտրյալներն» էլ պահանջել են, որ պաշտպանության նախարարն իրենց սիրասուն բալիկների համար հինգժամյա զորանոցային հանգիստ սահմանի:
Զավեշտն այն է, սակայն, որ եթե Ադրբեջանում իրոք արտակարգ շոգ է, ապա առաջին հերթին պետք է անտանելի լինի շփման գծում մարտական հերթապահություն անցկացնող զինվորների համար: Քանի որ նրանք տեղակայված են «անապատային գոտիներում», որտեղ ամռան ամիսներին առանց այդ էլ ջերմաստիճանը երբեք 40-ից ցածր չի լինում:
Ինչ-որ բան, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական զինված ուժերում այն չէ: Հակառակ դեպքում Սաֆար Աբիեւն «առողջարանային ռեժիմ» չէր սահմանի: Իսկ գուցե այդ հրամանն արձակվել է, որ արցախյան զինուժի զգոնությունը թուլանա՞: Այն էլ` Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին «նոր թափ հաղորդելու» մասին միջնորդների հայտարարության համատեքստո՞ւմ:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ