Հուլիսի 7-ին Հայաստանի Ազգային գրադարանում նշվեց արդեն ավանդական դարձած Ազգային գրադարանի օրը:
Հանդիսավոր բացման ժամանակ գրադարանավարներին եւ մտավորականությանը շնորհավորեց ՀԱԳ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Զարգարյանը : Նա նաեւ նշեց, որ Ազգային գրադարանը մեծ դերակատարություն ունի հայկական գրատպության 500-ամյակին նվիրված եւ Երեւանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու առթիվ նախատեսվող տոնակատարությունների շրջանակում: Տոնի խորհրդի եւ պատմության մասին հանգամանորեն խոսեց Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը : Շնորհավորանքի խոսքեր ասացին ԱԺ պատգամավոր Արտաշես Շահբազյանը , Մշակույթի նախարարության փոխնախարար Արեւ Սամուելյանը , ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն : Վերջինս խոսեց Ազգային գրադարանի հետ համագործակցության մասին, մասնավորապես շեշտեց Դ. Սարգսյանի նախաձեռնությամբ Շրջիկ գրադարանով կատարած այցերը, որի ժամանակ նոր գրականությամբ են համալրվել մարզային, գյուղական գրադարաններ: Ազգային գրադարանի օրվա խորհուրդը կարեւորեցին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը , գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը , բանաստեղծներ Արեւշատ Ավագյանը , Լեւոն Բլբուլյանը , արձակագիր Վանուշ Շերմազանյանը : Լիանա Զուրաբյանը տոնը շնորհավորեց ասմունքով: Ազգային գրադարանի եւ Մշակույթի նախարարության պատվոգրերով եւ շնորհակալագրերով պարգեւատրվեցին ՀԱԳ երկարամյա աշխատակիցներ:
Տոնի առթիվ գրադարանը կազմակերպել էր մի շարք միջոցառումներ, որոնցից ուշագրավ էին նոտաների եւ խազերի, նոր ստացված պատկերագրքերի, ոչ գրքային հրատարակությունների` բացիկների, օրացույցների ցուցադրությունները, առանձին ցուցափեղկով ներկայացված էին կոնդակներ: «Հեղինակները մեր ընթերցողներն են», այսպիսի խորագիր էր կրում ցուցափեղկերից մեկը, որտեղ ցուցադրված էին այն գրքերը, որոնք գրվել են Ազգային գրադարանի ընթերցասրահներում, եւ որոնք կրում էին հեղինակների ընծայագրերը: Ցուցահանդեսներից մեկն էլ կրում էր «Շրջակա միջավայր եւ բնապահպանություն» խորագիրը:
Տոնի առթիվ Ազգային գրադարանում անցկացվեց մասնագիտական մամուլի տեսություն, ցուցադրվեցին Ազգային գրադարանի պատմությունը, անցյալը եւ ներկան ներկայացնող տեսանյութեր:
Հայաստանի Ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում է 1832թ., երբ հիմնադրվում է Երեւանի արական գիմնազիայի գրադարանը: Ազգային գրադարանի օրը նշվում է 1999 թվականից:
Ազգային գրադարանի հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժին