«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2011-07-08 | #126, 2011-07-09 | #127, 2011-07-12


ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ադրբեջանցի քաղաքագետ եւ խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը որոշ բացահայտումներ է արել, թե ինչու Կազանում առաջընթաց չի արձանագրվել եւ ինչ ակնկալիքներ ունի պաշտոնական Բաքուն առաջիկայում: Մուսաբեկովը նախ ասում է, որ «Ռուսաստանի ԱԳՆ-ում որոշել էին, որ Մոսկվայի, Փարիզի եւ Վաշինգտոնի կոնսոլիդացված ջանքերով կհաջողվի պոկել Ադրբեջանի համաձայնությունը հակամարտության կարգավորման մի սխեմայի վերաբերյալ, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի սեցեսիան` հանրաքվեի միջոցով: Չհաջողվեց»:

Եթե նկատի ունենանք, որ Լեռնային Ղարաբաղի «սեցեսիայի հավանականությունը», այսինքն` ինքնորոշված ԼՂՀ (ի անկախության միջազգայնացման հնարավորությունը «մադրիդյան առաջարկություններում» թերեւս ամենաէականն է, եւ որի շուրջը Իլհամ Ալիեւը բանակցություններ է վարում արդեն առնվազը հինգ տարի, ապա զարմանալի է, թե Մուսաբեկովն ինչո՞ւ է այն վերագրում Ռուսաստանի ԱԳՆ-ում «ընդունված որոշմանը»:

Մուսաբեկովն, այսպիսով, գրեթե պարզ ասում է, որ Կազանում առաջընթաց չի արձանագրվել, քանի որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի «սեցեսիայի հավանականությունը» ենթադրող փաստաթուղթ ստորագրելու կամք չի ունեցել: Այս կերպ, սակայն, ստացվում է, որ Ադրբեջանը Կազանում դեմ է արտահայտվել Մոսկվայի, Փարիզի եւ Վաշինգտոնի «կոնսոլիդացված ջանքերին»: Ավելի պարզ ասած, Իլհամ Ալիեւը հակադրվել է Դովիլի հայտարարության հեղինակներին` Մեդվեդեւին, Սարկոզիին եւ Օբամային: Քանի որ վերջիններս նրան հորդորել էին Կազանում հասնել ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնության: Իսկ այդ սկզբունքներից մեկն էլ, եթե օգտագործենք Մուսաբեկովի տերմինաբանությունը, «հավանական է համարում Լեռնային Ղարաբաղի սեցեսիան հանրաքվեի միջոցով»:

Տրամաբանական է, որ Կազանում Իլհամ Ալիեւը փորձել է հակադրվել Լեռնային Ղարաբաղի «սեցեսիայի հավանականությանը» եւ առաջարկել ձեւակերպումներ, որոնք էլ ընդունելի չեն եղել ոչ միայն Հայաստանի, այլեւ միջնորդների համար: Մուսաբեկովն, իհարկե, դա փորձում է քողարկել, բայց այստեղ էլ անում է երկրորդ բացահայտումը. «Զգացվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի պահանջից «նահանջի դիմաց» (չակերտները մերն են- Վ.Ա.) Երեւանը ցանկանում է պոկել Բաքվի համաձայնությունը` բանակցությունների հետագա փուլին «բաց թողնել սեպարատիստական ռեժիմի» (չակերտները մերն են- Վ.Ա.) ներկայացուցիչներին», գրում է նա:

Սա, իհարկե, միամիտ լսարանի համար է ասված: Իրականում, ինչպես եւ Մուսաբեկովի ակնարկներն են վկայում, Կազանում Ադրբեջանը որեւէ շահագրգռվածություն չի դրսեւորել, որպեսզի բանակցություններում առաջընթաց լինի: Այդ է հուշում ադրբեջանցի քաղաքագետի հաջորդ ընդգծումը, ըստ որի, քանի որ թե՛ ԼՂ կարգավիճակի, թե՛ «օկուպացված տարածքների» հարցում որեւէ տեղաշարժ չի արձանագրվել, ապա միջնորդներին մնում է, որ պահպանեն երրորդ սկզբունքը` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Այսինքն` մի կողմ թողնել սուր հարցերը եւ պարզապես պայմանավորվել, որ ամեն դեպքում հարցը ռազմական լուծում չունի:

Դատելով այս առթիվ Մուսաբեկովի արած ակնարկից, թե «դա սահմանափակում է Ադրբեջանի հնարավորությունը` ծայրահեղ դեպքում ուժի միջոցով վերականգնել տարածքային ամբողջականությունը», կարելի է թերեւս զգուշորեն ենթադրել, որ ՌԴ արտգործնախարարի վերջին այցի հիմնական նպատակն է եղել մինչեւ տարեվերջ հասնել եւս մեկ եռակողմ հանդիպման, որի արդյունքում հնարավոր կլինի ստորագրել ուժի կիրառումը բացառող իրավական փաստաթուղթ:

Այս, ըստ էության տրամաբանական վերլուծությունը, սակայն, ադրբեջանցի քաղաքագետը եզրափակում է ակնհայտ քարոզչական բնույթի մտահանգումներով, որոնց առանցքում դրված է Ադրբեջանի «բացառիկության» գաղափարը: Միաժամանակ էլ Մուսաբեկովը, կարծես ալիբի ապահովելու համար, ասում է, որ «ոչ Ռուսաստանը, ոչ ՄԽ-ի մյուս համանախագահ երկրները Հայաստանի վրա ճնշում գործադրելու մտադրություն չունեն»:

Ընդհանրացնելով, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը, սկզբունքորեն գիտակցած լինելով, որ ղարաբաղյան կարգավորման` դեռեւս բանակցությունների սեղանին գտնվող առաջարկությունները ենթադրում են ԼՂ փաստացի անկախության միջազգայնացում այս կամ այն կերպ ու թերեւս համոզված լինելով, որ դա այլընտրանք չունի, պարզապես երկարաձգում է որոշում ընդունելու պահը: Իլհամ Ալիեւին գուցե պակասում է քաջությունը: Բայց հավանական է նաեւ, որ նա սպասում է ինչ-որ «հրաշքի», միջազգային այնպիսի ճգնաժամային իրավիճակի, որի դեպքում օրակարգից դուրս կգան «մադրիդյան առաջարկությունները»:

Դա, իհարկե, հնարավոր է: Բայց ի՞նչ երաշխիք, որ միջազգային որեւէ «ճգնաժամ», որի դեպքում սպառված կարող են դիտվել ՄԽ-ի համանախագահ երկրների կոնսոլիդացված ջանքերը, ուղղակի ճանապարհ չի բացի նրանց կամ նրանցից որեւէ մեկի համար` ճանաչելու ԼՂ անկախությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4