Նոր ընտրական օրենսգրքով պետք է ձեւավորվի նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նոր ԸՕ-ով` ԿԸՀ նոր կազմի համար Հայաստանի նախագահի հաստատմանը թեկնածուներ են առաջադրում Հայաստանի Վճռաբեկ դատարանը, Փաստաբանների պալատը եւ Մարդու իրավունքների գրասենյակը: Երեկ թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն էր, հուլիսի 14-ին հին ԿԸՀ-ն վայր է դնում իր լիազորությունները: Սակայն արդեն անակնկալներ կան թեկնածուների առաջադրման գործընթացում:
Երեկ հայտնի էին ԿԸՀ անդամի 5 նոր թեկնածուների անունները: Վճռաբեկ դատարանի նախագահն առաջարկում է ԿԸՀ այժմյան նախագահ Գարեգին Ազարյանին, ինչպես նաեւ Լաուրա Գալստյանին (այս թեկնածուն չէր անցել ՄԻՊ-ի հայտարարած մրցույթը` ԿԸՀ անդամի թեկնածության համար): Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի առաջարկած թեկնածուներից մեկը անցած ընտրություններին թիվ 10 ԸԸՀ-ի նախագահ Սիլվա Մարկոսյանն է, մյուսը` փաստաբան Գեորգի Մարտիրոսյանը: Մարդու իրավունքների պաշտպանի առաջադրած երեք թեկնածուներից երկուսը` Աիդա Մուրադյանն ու Ռոզա Ստեփանյանը երեկ ինքնաբացարկ հայտնեցին, մյուսը էկոնոմիկայի նախարարության վարչության պետ Արտակ Մելիքսեթյանն էր. սա էր անակնկալը, եւ փաստորեն ՄԻՊ-ը նոր թեկնածուներ պետք է առաջադրի: Ըստ նոր ընտրական օրենսգրքի` ՄԻՊ-ը պետք է առաջադրի ԿԸՀ անդամներից երեքին:
Մ. Խ.