«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2011-07-08 | #126, 2011-07-09 | #127, 2011-07-12


«ԵՍ ԱԶԱՏ ԵՄ» ՍՈՒՏԸ ՀԱՃԱԽ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ

«Ես ազատ եմ» վավերագրական 87 րոպեանոց ֆիլմը նկարել է պրոդյուսեր եւ ռեժիսոր Անդրեա Ռոգոն (Գերմանիա): Ֆիլմը պատկերում է կուբացիների ներկա կյանքը, նրանց ազատության ձգտման երազանքները: Ինչպես պատմում էր ռեժիսոր Անդրեա Ռոգոն ՙ «Ես մեկ տարի ուսանեցի Կուբայի կինոյի եւ հեռուստատեսության միջազգային դպրոցում, մոտիկից ծանոթացա կուբացիների երազանքների հետ ու գրեցի սցենարը: Հետաքրքական էր, որ երբ զրուցում էի նրանց հետ, նրանք անկեղծանում էին ու ազատության մասին երազում, տենչում, իսկ երբ սկսում էինք նկարահանումները, նրանք խուսափում էին անկեղծ խոսքից: Ես ազատ եմ. այս սուտն այնքան հաճախ եմ կրկնել, որ ինքս էլ եմ սկսել հավատալ դրան»: Եվ ահա ռեժիսորը գտել է այնպիսի մատուցման ձեւ, որ երբ կուբացին պատմում է էկրանին բնության եւ քաղաքի պատկերներ են երեւում եւ հենց դրանց տակ էլ հնչում է ազատություն տենչող կուբացիների անկեղծ խոսքը, առանց վախի ու սարսափի: Անդրեա Ռոբոն բացի «Ես ազատ եմ» ֆիլմից նկարահանել է նաեւ «Ես աշխարհի կենտրոնն եմ», «Մարկուսըՙ բարձր կրունկներով», «Մտորումներ» եւ «Էնրիկեն եւ Խուդիտան» ֆիլմերը:

***

«Երկաթե դարպաս» վավերագրական 57 րոպեանոց ֆիլմում ռեժիսոր Արմեն Խաչատրյանը ցանկացել է ցույց տալ փոքրիկ քաղաքում իր կյանքը մի կերպ գոյատեւող, հայկական գեղանկարչության ինքնատիպ դեմքերից մեկիՙ Ապրեսիկ Ալոյանի հոգեկան աշխարհը, որն ամեն օր դուրս է գալիս փողոց եւ մարդ փնտրումՙ անընդհատ զարմանալով ու չհամակերպվելով շրջապատին... Ֆիլմի ռեժիսոր Արմեն Խաչատրյանը 1984-ին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտը եւ այդ ժամանակից ի վեր աշխատում է «Հայֆիլմ» եւ «Հայկ» կինոստուդիաներում: Նա մասնակցել է 40 ֆիլմի ստեղծման աշխատանքներին: Այժմ դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետ. ինստիտուտում: Նրա ֆիլմերն արժանացել են բազմաթիվ կինոփառատոների դափնեկրի կոչման:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4