Վարդան Մինասյանը լավատես է
Այսօր մեկնարկում է չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլը: ՀՀ չեմպիոն «Փյունիկը» այսօր «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Չեխիայի Պլզեն քաղաքի «Վիկտորիային»: Խաղը կսկսվի ժամը 20-ին: «Վիկտորիան» իր պատմության մեջ առաջին անգամ է չեմպիոն հռչակվել ու նորամուտն է նշելու չեմպիոնների լիգայում:
«Ուլիսի» եւ «Բանանցի» անհաջող ելույթներից հետո դժվարանում ես հավատալ, որ «Փյունիկին» կհաջողվի հաղթահարել առաջին արգելքը: Մանավանդ որ թիմից բացակայում են առաջատարները: Ինչպես հայտնի է, Գեւորգ Ղազարյանն ու Մարկոսը տեղափոխվել են Դոնեցկի «Մետալուրգ», իսկ Էդգար Մանուչարյանն ըստ Վարդան Մինասյանի, ամենայն հավանականությամբ վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօրվա հանդիպմանը: Ի դեպ, Մարկոսը «Մետալուրգի» կազմում նորամուտը նշեց գոլով: Օդեսայում «Չեռնոմորեցի» դարպասը նրա խփած միակ գոլը թիմին հաղթանակ պարգեւեց Ուկրաինայի առաջնության մեկնարկային խաղում:
Վերադառնանք «Փյունիկի» խնդիրներին: Այսօր թիմում մեծ թիվ են կազմում տակավին պատանի ֆուտբոլիստները, որոնք միջազգային հանդիպումների փորձ չունեն: Չնայած այս ամենին, Վարդան Մինասյանը լավատես է. «Թեեւ չեխական ակումբում ատլետիկ տվյալներով ֆուտբոլիստներ են հանդես գալիս, իսկ «Վիկտորիան» աչքի է ընկնում խաղային կարգապահությամբ եւ կազմակերպված խաղով, սակայն կարծում եմ, որ կարող ենք հաջող խաղալ մրցակցի դեմ: Տղաներին ասել եմ, որ եթե ցանկանում են հաջողության հասնել, ապա պետք է մոռանան Հայաստանի առաջնությունն ու սկսեն արագ գործել»:
«Փյունիկն» ուսումնամարզական հավաք է անցկացրել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Ըստ Վարդան Մինասյանի, լավ ուսումնասիրել են մրցակցին, դիտել են «Վիկտորիայի» մասնակցությամբ հանդիպումների տեսագրությունները եւ եկել այն եզրակացության, որ կարելի է հաջող հանդես գալ: Մինասյանի կարծիքով, նախորդ տարիների մրցակիցներըՙ Զագրեբի «Դինամոն» եւ Բելգրադի «Պարտիզանն» ավելի ստեղծագործ ֆուտբոլ էին ցուցադրում:
Մեզ մնում է հուսալ, որ գլխավոր մարզչի լավատեսությունը կփոխանցվի նաեւ թիմի բոլոր ֆուտբոլիստներին ու նրանք կներդնեն բոլոր ուժերը գոնե այս անգամ մարզասերներին ուրախացնելու համար: