Աշխարհի քաղաքական քարտեզի եւս մեկ նախադեպային փոփոխություն` ի դեմս Հարավային Սուդանի Հանրապետության
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարավային Սուդանն այսօր կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումից հետո, ամենայն հավանականությամբ, կդառնա ՄԱԿ-ի 193-րդ անդամ պետությունը` միեւնույն ժամանակ համալրելով աֆրիկյան 53 պետությունների շարքը: Նախորդ շաբաթավերջին, հուլիսի 9-ին Հարավային Սուդանի անկախության հռչակումն արդեն նաեւ իրավական համատեքստում աշխարհի բազմաթիվ երկրների նախագահների շնորհավորական ուղերձների հիմնական հասցեատերն էր:
Սակայն մինչ աշխարհը կսկսեր Հարավային Սուդանի Հանրապետության ճանաչման գործընթացը, առաջինն այդ քայլն արեց Սուդանը` ընդունելով այս տարվա հունվարի սկզբին գրեթե միաձայն արդյունք ունեցած հանրաքվեի արդյունքները, որոնցով Սուդանը բաժանվեց երկու մասի` սկիզբ դնելով Հարավային Սուդանիՙ որպես պետության գոյությանը: Այդպիսով վերջ տրվեց տասնամյակներ Սուդանի հյուսիսի հետ հարավի մղած պայքարին:
Նույն օրը, ի թիվս այլ երկրների, Հարավային Սուդանի անկախությունը ճանաչեց նաեւ Հայաստանը: Ըստ ԱԳՆ հաղորդագրության, «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հարավային Սուդանի Հանրապետությունըՙ որպես անկախ պետություն: Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է եւ հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման եւս մեկ օրինակ»: Ընդ որում, Հայաստանը Սուդանը ճանաչած պետությունների առաջին 20-յակում էր:
ԱՄՆ պատվիրակությունը Հարավային Սուդանի անկախության հռչակման արարողությանը ներկայացնող Քոլին Փաուելը հենց Հարավային Սուդանում հայտարարել է, որ նորանկախ պետության առաջացումը ժողովրդավարության ու խաղաղ եւ բարգավաճ ապրելու ցանկության դրսեւորում է, ավելին, այդ պահը հատկանշական է ոչ միայն Հարավային Սուդանի, այլեւ նրանց հյուսիսային հարեւանների, ողջ Աֆրիկայի, միջազգային հանրության համար: Փաուելի ներկայացմամբՙ հարավսուդանյան բնակչությունը լավ գիտեր, թե ինչ է ցանկանում եւ դրա համար քվեարկել է հանուն խաղաղության:
Ամեն դեպքում, երկու քաղաքացիական պատերազմի միջով անցած եւ 2005-ին զինադադարի պայմանագիր ստորագրած Հարավային Սուդանի անկախությունը հատկանշական է հանրաքվեով հաստատվող կամարտահայտության դրսեւորման առումով, քանի որ այդպիսի ճանապարհն անցնող միավորները պետք է ստանան միջազգային հանրության աջակցությունը:
Սակայն եթե Կոսովոյի պարագայում Եվրոպան առավելապես մտահոգ էր իր սրտում առաջացած խնդիրը հնարավորինս արագ հարթելու եւ տնտեսական բարեկեցությամբ առեւտուր արածի վստահությամբ աշխարհին նոր պետություն մատուցելու խնդրով, Սուդանի պարագայում էլ, ամենից առաջ, խաղաղության կարեւորումը չէր մի տարածաշրջանում, որտեղ տառապանքներն ու հանցագործությունները շարունակվել են տասնամյակներ, թեեւ հենց խաղաղություն ունենալն էր ԱՄՆ ներկայացնող Քոլին Փաուելի ամենահիմնական գաղափարը, որ նա որպես ուղերձ տարել էր Սուդանում:
Սուդանի` բնական ռեսուրսներով հարուստ լինելու հանգամանքը լիովին բավարարեց, որ աշխարհը կանգնի նորաստեղծ պետության կողքին` մոռանալով տարածքային ամբողջականության ֆետիշացվող մոտեցումը, որ սկզբունքի տեսքով մատուցվում է այլ հակամարտությունների պարագայում: Որ Սուդանի իշխանությունների հետ դժվար էր լեզու գտնել, իսկ նորանկախ Հարավային Սուդանում կարելի է գոնե վերահսկելի իշխանություններ ձեւավորել, լիովին հիմնավորում է աշխարհի քարտեզի վրա նոր պետության արագ ու աներկբա ճանաչումը:
«Սուդանի կողմից Հարավային Սուդանի ճանաչումն ինքնին շատ կարեւոր զարգացում է: Կարելի է ասելՙ պատմության նոր էջ է բացում: Նախ եւ առաջ պետք է նշեմ, որ նոր պետությունների ձեւավորումը շարունակում է եւ, կարելի է ասել, շատ արագ զարգացումներ է ստանում: Աֆրիկյան երկրները անկախության գործընթացի առումով մեծ դեր են խաղում, քանզի այդ գործընթացն Աֆրիկայում շատ արագ է տեղի ունենում», անդրադառնալով Հարավային Սուդանի ճանաչման գործընթացին ու զուգահեռներ տանելով Արցախի ճանաչման գործընթացի հետՙ Panorama.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով, Կոսովոյի անկախությունն, իր հերթին, նոր թափ հաղորդեց անկախության գործընթացներին: Ըստ Բաբայանի, շատ կարեւոր է այն հանգամանքը, որ Հարավային Սուդանի անկախությունն այդքան արագ ճանաչում ստացավ Սուդանի կողմից: «Դրանով Սուդանը վերջնականապես վերջ դրեց տարիներ շարունակ երկրում շարունակվող պատերազմին: Այս տեսանկյունից շատ կարեւոր է, որ Ադրբեջանը եւս ընդօրինակի այս տարբերակը, քանի որ Սուդանն իր քայլով ձերբազատվեց երբեմնի ագրեսոր, անհանդուրժող լինելու պիտակից. հերթը Ադրբեջանինն է»:
Ինչ էլ լինեն դրդապատճառները, անկասկած կարեւոր է, որ աշխարհում ավելանում են ինքնորոշման իրավունքի իրացման օրինակները, որոնց նախադեպային ազդեցությունը չպետք է սպասել տա, չնայած նույն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման պարագայում ակնհայտորեն գերտերությունների տարածաշրջանային շահերը դեռեւս գերակայում են: