«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2011-07-09 | #127, 2011-07-12 | #128, 2011-07-13


ԲԺԻՇԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ...

Շամշադինում Սարգիս Գալուստի Հովսեփյանին բոլորն այդպես էին ճանաչում ու դիմում: Շատերը երեւի նրա անունն էլ չգիտեին:

Զարմանալի ճակատագրի տեր անձնավորություն էր: Ծնվել է 1888 թվականին Կ. Պոլսի Օրթագյուղ բնակավայրում, սովորել տեղի Կեդրոնական վարժարանում: 1913 թվականին ավարտելով Պոլսի համալսարանի բժշկական ֆակուլտետըՙ ուսումնառությունը շարունակել է Լայպցիգում, Ժնեւում, խորացնելով մասնագիտական գիտելիքները: Վերադառնալով Թուրքիաՙ նշանակվել է Տրապիզոնի նահանգի Թերմե գավառի քաղաքապետարանի բժիշկ:

Սկսված Առաջին համաշխարհային պատերազմը Հովսեփյանին բերում է թուրքական բանակ: Սակայն Եղեռնի մահասարսուռ շոշափուկները չէին կարող չհասնել նույնիսկ ամենամարդասիրական մասնագիտության տեր հայ մարդկանց: Իսկ չէ՞ որ Հովսեփյանը թուրքական բանակում բուժում էր առաջին հերթին հենց թուրք զինվորականներին: Եվ նրանցից մեկը (ով գիտե, գուցեեւ թուրք չի եղել), որի կյանքը փրկել էր օսմանյան բանակի հայ բժիշկը, զգուշացնում է նրան, որ լուսաբացին բոլոր հայերին սպանդ է սպասում: Նույն գիշերը բժիշկ Հովսեփյանին հաջողվում է փախչել եւ գերի հանձնվել ռուսներին:

Գերությունից նրան ազատում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Չորրորդի միջնորդությունը: Եվ սկսվում է երիտասարդ բժշկի կյանքի արեւելահայաստանյան փուլը` Էջմիածին, Դիլիջան, Իջեւան, Շամշադին...

Ի՞նչ էին 20-ական թվականների հայոց աշխարհը ու հատկապես նրա ծայրամասերը` սով, համաճարակ, նահապետական կյանք, «հեքիմական» բժշկություն: Սակայն եվրոպական փայլուն կրթություն ստացած մասնագետը 1920 թվականի դեկտեմբերին հաստատվում է Շամշադինում եւ մինչեւ կյանքի վերջը ապրում ու աշխատում լեռների մեջ ծվարած այդ շրջանում:

Նա ոչ միայն բուժում էր: Բժիշկ Հովսեփյանը դարձավ Շամշադինում առողջապահական գործի հիմնադիրըՙ երկար տարիներ լինելով սանտեսուչ, գլխավոր բժիշկ, առողջապահության բաժնի վարիչ: Այսօր թերեւս էկզոտիկ են հնչում մալարիա, տիֆ, խոլերա եւ մի շարք այլ վարակիչ հիվանդությունների անունները: Սկսելով 10 մահճակալով անշուք հիվանդանոցիցՙ Հովսեփյանը ուշադրությունը կենտրոնացնում է պրոֆիլակտիկայի վրա: Հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, ծննդատներ, բուժտեղամասեր է բացում շրջանի շատ գյուղերում, համառ աշխատանքով չեզոքացնում է համաճարակները: Ժամանակին եղել է Հայաստանի ամենամեծ աշխատանքային ստաժ ունեցող բժիշկը` 68 տարի:

Ստեղծում են նաեւ առաջին մշակույթային օջախները, առաջին հասարակական բաղնիքները եւ այլն: Շրջան այցելող արվեստի մարդիկ իրենց պարտքն էին համարում հանդիպել ու շփվել հանրագիտական գիտելիքների տեր բժիշկ Հովսեփյանի հետ:

Նրա կյանքի մի դրվագ երիտասարդ տարիներն է հիշեցնում: 1937-ի բռնությունների ժամանակ կարող էր ձերբակալվել կամ աքսորվել, եթե չասենք ավելին: Սակայն պետանվտանգության կոմիտեում գտնվեց ազնիվ մի անձ (բժիշկ Հովսեփյանը նրա կյանքն էլ էր փրկել), որը ոչ միայն զգուշացրեց նրան սպասվող, այս անգամ արդեն խորհրդային «ջարդից», այլեւ բոլոր հնարավոր միջոցներով ապահովագրեց նրա կյանքը:

Երբ արդեն տարիքն առած բժիշկը ձեռնափայտով դուրս էր գալիս շրջկենտրոն Բերդի փողոցը, բոլորը հարգանքով ողջունում էին նրան, զրուցում, խորհուրդ հարցնում: Հիրավի համաշամշադինյան էր հարգանքը բժիշկ Հովսեփյանի նկատմամբ:

Վերջերս Բերդի քաղաքապետարանի որոշմամբ բնակավայրի փողոցներից մեկը կոչվեց նրա անունով: Իսկ շնորհապարտ թոռները, համաքաղաքացիների ջերմ աջակցությամբ, մեծավաստակ պապի պատվին հուշաքար տեղադրեցին քաղաքային հիվանդանոցի առջեւ: Ու նորից վերհիշեցինք բժիշկ Հովսեփյանին, նրա գործերը...

ՖՐՈՒՆԶԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Բերդ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4