«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2011-07-09 | #127, 2011-07-12 | #128, 2011-07-13


ՀԻՇԵԼՈՎ ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Էֆթանազիայի վերաբերյալ տարակարծությունները եղել եւ դեռ երկար ժամանակ կլինեն հասարակության ուշադրության կենտրոնում: Քառասուն օր առաջ, հունիսի 3-ին մահացավ այդ բնագավառի ամենաթունդ պաշտպաններից եւ քարոզիչներից մեկըՙ հայազգի բժիշկ Ջեկ Գեւորգյանը, որին վաղուց արդեն կոչում էին «Բժիշկ Մահ»: Խմբագրությունը հունիսի վերջերին Մոնրեալից (Կանադա) ստացավ Վիգեն Աթթարյանի «Մեծ ամերիկացին եւ մեծ հայը» վերնագրով հոդվածը, որից թարգմանաբար ներկայացնում ենք հատվածներ:

«2008 թվի մարտի 8-ին Կոլումբիա համալսարանում դասախոսություն կարդացի «Հայ մտավորականության անհետացող սերունդը» թեմայի շուրջը, որտեղ սահմանելով «մտավորական» բառը, նշեցի, որ դա «այն անձնավորությունն է, որի ստեղծագործական մտքի արդյունքը (որեւէ բնագավառում) եւ դրանից բխող նրա գործունեությունը ձեւավորում եւ վերաձեւավորում են հասարակությունը կամ այն խմբավորումը, որն ուշադրությամբ հետեւում է նրան եւ իր համար բացահայտում մինչ այդ իրեն անհայտ հորիզոններՙ ջարդելով սահմանները մտածողության եւ պատկերացնելով գոյության նոր իրականություններ»:

Այնուհետեւ իմ ամերիկացի ունկնդիրներին բերեցի դոկտ. Ջեկ Գեւորգյանի օրինակը, նշելով որ նա լիովին համապատասխանում է այդ սահմանմանը, հակառակ որ հայկական շրջանակներում նրա անունը «տաբու» է համարվում: Ես հիասթափված եմ սփյուռքի բոլոր այն կազմակերպություններից եւ լրատվամիջոցներից, որոնք շարունակ անտեսել են նրան, անտարբեր եղել մեկի հանդեպ, ով գործել էր իր խղճի, իր համոզմունքների թելադրանքովՙ միշտ փորձելով ընդարձակել մտածողության սահմանները, մարտահրավեր նետելով ընդունված կարծրատիպերին, հանուն կյանքի բարելավման:

Երախտապարտ եմ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի «Հայ ուսանողների ասոցիացիայի» եւ Կալիֆոռնիայի «Հայ-ամերիկյան բժշկական ընկերության» անդամներին, որոնք մասամբ ուղղեցին վերոնշյալ սխալը այս տարվա սկզբինՙ հրավիրելով նրան, որ դասախոսություն կարդա եւ իր մտքերն արտահայտի: Գուցե փոքր, բայց ժեստ էր եւ հավանաբար շատ ուշացած, բայց այդուհանդերձ կայացավ:

Հիմա, որ այդ մարդը պատմության գիրկն է անցել, ես վստահորեն կարող եմ ասել, որ նա Մ. Նահանգներում եւ, ինչու ոչ, նաեւ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ամենամեծ ջատագովներից էր: Նրա շիջումով աշխարհը կորցրեց մի հերոսի եւս եւ բնականաբար դրանից ավելի փոքրացավ:

Հերոսական եմ համարում նաեւ Ալ Պաչինոյի դերակատարումը «Դուք չգիտեք Ջեկին» ֆիլմում, սոցիալական դրամայում, որը էկրան բարձրացավ 2010-ի ապրիլի 24-ին, եւ որի համար Պաչինոն մեկ «Էմմի» եւ երկու «Ոսկե գլոբուս» մրցանակների արժանացավ: Առաջարկում եմ բոլոր հայկական հաստատություններինՙ կազմակերպել այդ ֆիլմի ցուցադրումը եւ քննարկումներ ծավալել մեծ մտածողի եւ մարդու իրավունքների մեծ պայքարողիՙ դոկտ. Գեւորգյանի հիշատակը հավերժացնելու համար»:

Հ. Ծ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4