Եվրոգավաթներում «Ուլիսի» եւ «Բանանցի» անփառունակ մրցելույթներից հետո հայ մարզասերներին հերթական, ավելի դառը հիասթափություն պատճառեց Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը», որը սեփական հարկի տակ չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում երեկ 0-4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Չեխիայի ուժեղագույն ակումբից` «Վիկտորիայից»: Եվրոգավաթներում փյունիկցիները կրկնեցին ամենախոշոր հաշվով պարտության իրենց տխուր ռեկորդը, որը գրանցվել էր չեմպիոնների լիգայի մրցաշարում 2002-ին Կիեւում, տեղի «Դինամոյի» հետ մրցախաղում:
«Վիկտորիան» բավական գրագետ ու կազմակերպված խաղ ցուցադրեց, ու թիմի հաղթանակն օրինաչափ է: Հյուրերը գրոհները կազմակերպում էին դաշտի ողջ լայնքով, հաճախակի էին դիմում եզրային սուր ճեղքումների, որոնք ավարտվում էիմ բարձրից տուգանային հրապարակ կատարվող փոխանցումներով, որտեղ չեխ ֆուտբոլիստները հաջողությամբ էին պայքարում 2-րդ հարկում: Հենց նման իրավիճակներում Մարեկ Բակոշն ու Դանիել Կոլարը գլխի հարվածներով 2 անգամ գրավեցին «Փյունիկի» դարպասը:
Ողջ խաղի ընթացքում «Փյունիկը» դարպասը գրավելու միայն մեկ հնարավորություն ունեցավ, սակայն Էդգար Մալաքյանի հարվածը դիպավ դարպասաձողին: Փյունիկցիներին չհաջողվեց առջեւի գծում աչքի ընկնել խելամիտ գործողություններով, իսկ ահա պաշտպանությունում դաշտի տերերը հստակ չէին գործում, որի արդյունքում «Փյունիկը» 2 անգամ պատժվեց 11մ հարվածներով ու Պավել Հորվաթն ու Մարեկ Բակոշը եւս 2 գոլ խփեցին: Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, եթե ընդմիջումից հետո հյուրերը չբավարարվեին ձեռքբերածով ու զգալիորեն չնվազեցնեին ակտիվությունը:
Իհարկե, «Փյունիկի» մարզչական կազմը կարող է որպես արդարացում բերել այն փաստը, որ թիմի ներկայիս կազմում մի խումբ անփորձ, երիտասարդ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Սակայն ո՞վ է մեղավոր նման իրավիճակի համար: Վերջին տարիներին «Փյունիկի» մի խումբ առաջատար ֆուտբոլիստներ մեկնել են արտերկիր, իսկ ակումբի ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկել նրանց քիչ թե շատ համարժեք խաղացողներով համալրելու թիմի կազմը: Եվ քանի դեռ նման քաղաքականությունը շարունակվում է, «Փյունիկն» ասելիք չի ունենա եվրոպական մրցասպարեզում: