«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2011-07-09 | #127, 2011-07-12 | #128, 2011-07-13


ՇԱԽՄԱՏԻ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆԵՑ ՉԻՆԱՍՏԱՆ

Երեկ շախմատի Հայաստանի ազգային հավաքականը Երեւան-Մոսկվա-Պեկին-Նինբո ուղերթով մեկնեց Չինաստան, որտեղ հուլիսի 17-ին մեկնարկելու է աշխարհի թիմային 8-րդ առաջնությունը: Հավաքականի կազմում առաջնությունում հանդես կգան Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Հավաքականի անփոփոխ մարզիչն է միջազգային գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը, որի գլխավորությամբ մեր շախմատիստները 2 անգամ նվաճել են օլիմպիական չեմպիոնի տիտղոսը:

Հայաստանի հավաքականն աշխարհի թիմային առաջնության նախապատրաստական ավարտական փուլն անցկացրեց Դիլիջանում: Հիշեցնենք, որ մեր հավաքականը Չինաստանի մրցաշարի ուղեգիր է ստացել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովից: Իսկ մյուս մասնակիցներն այդ իրավունքը նվաճել են տարբեր մրցաշարերում, բացառությամբ Չինաստանիՙ որպես կազմակերպիչ երկրի: Ռուսաստանը 2009-ի աշխարհի թիմային առաջնության հաղթողն է, Ուկրաինայի, Իսրայելի եւ Հունգարիայի հավաքականները ուղեգրեր են նվաճել անցյալ տարվա շախմատային օլիմպիադայում, Ադրբեջանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի շախմատիստներն էլ մասնակցության իրավունքը նվաճել են մայրցամաքների առաջնություններում:

Մրցաշարը կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով, 9 տուրով: Հաղթողը որոշվելու է թիմային մրցախաղերում վաստակած առավելագույն քանակի միավորներով: Հաղթանակի դեպքում թիմին կտրվի 2 միավոր, ոչ-ոքին գնահատվում է 1 միավոր: Եթե թիմային միավորները հավասար են, ապա հաշվի կառնվի բոլոր պարտիաներում վաստակած միավորների ընդհանուր քանակը: Մրցանակային եռյակը կպարգեւատրվի գավաթներով, իսկ շախմատիստներըՙ համապատասխանաբար ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով: Կխաղարկվեն նաեւ անհատական մրցանակներ առանձին խաղատախտակների վրա հանդես եկած շախմատիստների միջեւ: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 5 շախմատիստից, որոնցից 4-ը կմասնակցեն տվյալ մրցախաղին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4