«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2011-07-12 | #128, 2011-07-13 | #129, 2011-07-14


ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԼԻԵՎԻՆ

Իլհամ Ալիեւը սեփական կառավարության անդամներին կառավարության նիստում տեղեկացրել է ԼՂ կարգավորման գործընթացի ներկա պահի, իր խոսքով, «բանակցությունների վճռական փուլի» մասին: Նա հանգստացրել է իր նախարարներին, թե Մինսկի խմբի վերջին համատեղ հայտարարությունը չափազանց հուսադրող է Ադրբեջանի համար` Հելսինկյան եզրափակիչ ակտին քանի որ հղում է արված: Ալիեւի համար մյուս հաճելին այն է այդ հայտարարության մեջ, որ ստատուս քվոյի անընդունելիության մասին է խոսվում, քանի որ էս մեր պուճուր Ալիեւը խիստ մեծ հույսեր ունի, որ ստատուս քվոյի փոփոխությունը կբերի «օկուպացիայից» ադրբեջանական հողերի ազատման: Իսկ որպես երրորդ ադրբեջանանպաստ պահ Ալիեւը նշել է համանախագահ երկրների ակտիվացումն ու իր շփումները տվյալ երկրների առաջին դեմքերի եւ արտգործնախարարների հետ: Այդ ակտիվացումն էլ Ալիեւը պայմանավորել է իր երկրի հզոր բանակով եւ պետականությամբ: Դրան զուգահեռ` Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պատասխանատու Ալի Հասանովն է հարցազրույց տվել «Ադրբեջան» թերթին ու ասել, թե Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրել, ու դա է Բաքվի զիջումը բանակցային գործընթացում: Ու չնայած առաջարկվող սկզբունքներից ոչ բոլորն են ադրբեջանական կողմի սրտով, բայց այդ զիջմանը պատրաստ են, թե ոչ` պետք է պատերազմ սկսեին եւ գրավեին «իրենց» տարածքները:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովն էլ մյուս կողմից, չգիտենքՙ այս բոլորին տեղյակ, թե անտեղյակ, Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու խոսակցությունն աբսուրդային է համարել` ասելով, եթե ապագայում այդպիսի հարց անգամ քննարկվի, ապա միայն Ադրբեջանի սահմաններում Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին պետք է խոսք լինի:

Առաջին տեսակետները երկրորդին զուգահեռ են հայտնվելՙ մտածել տալով, որ ուրեմն կամ Ադրբեջանում ձախ եւ աջ ձեռքերը միմյանց արածից եւ ասածից անտեղյակ են, կամ` «Նաջարյանը փոշմանել է», բայց ճար չունի ու դրա համար Ալի Հասանովի բերանով է դա ասում: Կամ էլ ներքին անհամաձայնությունն ու խժդժությունները ԼՂ հարցի հետ կապված Ադրբեջանում այն աստիճանի են, որ այդպիսի իրարամերժ կարծիքներ են ի հայտ գալիս: Մանավանդ հենց Ալիեւը նույն կառավարության նիստում ասել է, թե բանակցություններում քննարկվել է ԼՂ-ին ժամանակավոր կարգավիճակ տալու հարցը, Բաքուն համաձայն է եղել:

ԼՂ-ի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եկել է Պուճուրի բերանին` ուժեղ բանակի ու պետականության մասով, թե 10 օր անընդհատ ԼՂ-ի պաշտպանական բանակի զորամիավորումները շփման գծում իրականացրել են պատժիչ գործողություններ, որի հետեւանքով է հենց, որ արդեն մեկ ամիս հակառակորդը իրեն խաղաղ է պահում եւ լուրջ խնդիրներ չի ստեղծում. «Նման գործողություններով մենք նաեւ ապացուցում ենք, որ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դեպքում Ադրբեջանը շատ ավելի մեծ կորուստներ կունենա, քան այսօր... Մեր ամեն զոհի դիմաց հակառակորդը պետք է պատժվի տասնակի ավելի, ինչն, ի դեպ, մենք արել ենք: Պաշտպանության բանակի զինծառայողները շատ թեթեւ են իրականացնում նման պատժիչ գործողություններ, որոնք հետագայում զսպում են հակառակորդին», ասել է Արցախի պաշտպանության նախարարը:

ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովն ավելի հարմար բառապաշարով է Պուճուր Ալիեին խոսք հասկացրել. «Նավթադոլարներն այնքան են պտտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլուխը եւ մթագնել նրա ուղեղը, որ անգամ չի նկատում, որ իր ղեկավարած երկրի հարեւանությամբ արդեն 20 տարի գոյություն ունի անկախ Լեռնային Ղարաբաղ, որին Բաքուն վաղ թե ուշ ստիպված է լինելու ճանաչել», ասել է նա` Ալեքսանդր Նեւսկու խոսքը շպպացնելով Ալիեւի երեսին, թե ով մեզ վրա սրով գա, սրից էլ կընկնի:

Միջանկյալ կարգավիճակի մասին հակասական հայտարությունները գուցե մեր արտաքին գերատեսչության ղեկավարի բացատրության կարիքը ունեն, քանի որ հարցեր են առաջացնում, իսկ ընդհանրապես` երեւի այսպես ճղճղան են դիմավորում Ադրբեջանում Մինսկի խմբի համանախագահներին, որոնք այսօր ժամանում են Բաքու: Տեսնենք ի՞նչ կերգի Ալիեը նրանց ներկայությամբ: Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էլ էր ափալ-թափալ հայտարարել, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է անհապաղ ձեռնամուխ լինել ղարաբաղյան կարգավորման խաղաղ համաձայնագրի աշխատանքներին, քանի որ որոշակի առաջընթաց է արձանագրվել, հիմնական սկզբունքները գոյություն ունեն, եւ կա ընկալումը, թե որ ուղղությամբ է շարժվում խաղաղ կարգավորումը:

Պահո, էս ի՞նչ եղավ Մամեդյարովին, մինչեւ հիմա բա ինչո՞ւ պատրաստ չէին, որ հիմա ասում է, թե բազային սկզբունքների մեջ չհամաձայնեցված կետեր կան, դրա համար պետք է եռապատկել ջանքն ու համաձայնություն ձեռք բերել, դեռ ալամ-աշխարհին էլ ցույց տալ, որ Ադրբեջանը քաղաքական կամք ունի ու պատրաստ է աշխատել խաղաղ համաձայնագրի վրա: Բա Կազանում էդ ինչի՞ց էին խռովել Պուճուր Ալիեւն ու Մամեդյարովը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4