Նախագահ Սարգսյանը երեկ խորհրդակցություն էր հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են համակարգի բոլոր առանցքային ներկայացուցիչները:
Նախագահն անդրադարձել է երկրում իրականացվող իրավական բարեփոխումների առաջնահերթ խնդիրներին, հասարակության անդամների համար արդարադատության մատչելիության ապահովման, դատարանների գործունեությունն ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնելու ուղղությամբ աշխատանքին. «Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը` նոր գաղափարների եւ մոտեցումների իրականացման ճանապարհով որակապես եւ սկզբունքորեն փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Սա մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է», ընդգծել է նախագահը` միաժամանակ անցած ժամանակահատվածում դատաիրավական համակարգի զարգացման ուղղությամբ կատարված որոշակի դրական աշխատանքի եւ շոշափելի արդյունքի մասին նշելով:
Արդյոք միայն ինստիտուցիոնալ կամ օրենսդրական փոփոխություններն ի վիճակի՞ են այս ոլորտում բերել ցանկալի արդյունքների. «Կարծում եմ` ոչ: Ժամանակի մարտահրավերներն օբյեկտիվորեն պահանջում են, որ դատական համակարգի բարեփոխմանն ուղղված ինստիտուցիոնալ նորարարություններն ունենան արագ, պրակտիկ դրսեւորում, ինչպես նաեւ անմիջական եւ ազդեցիկ նշանակություն այդ խնդիրների վրա: Այս խնդիրները հրատապ են եւ առաջնային: Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը` նոր գաղափարների եւ մոտեցումների իրականացման ճանապարհով որակապես եւ սկզբունքորեն փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ»: Ըստ նախագահ Սարգսյանի` դատարանների նկատմամբ հասարակության վստահության պակասը շարունակում է մնալ արդիական եւ չլուծված: Ընդ որում, այդ բացասական երեւույթը ծնող պատճառները հաճախ գտնվում են հենց մակերեսին, մեր աչքի առաջ, եւ դրանով ավելի են ընդգծում առկա դժգոհությունների կամ տարակուսանքների արդարացված լինելը. երկարատեւ եւ շարունակ հետաձգվող դատավարությունները, դատական գործերի ամիսներ, նույնիսկ տարիներ տեւող քննությունները ոչ միայն չեն բարձրացնում արդարադատության համակարգի հանդեպ վստահությունը, այլեւ ստվեր են գցում այդպիսի դատավարությունների արդյունքում կայացված դատական ակտերի օրինականության եւ արդարացիության վրա, ասել է նախագահ Սարգսյանը` հստակ առաջարկներ ակնկալելով խորհրդակցության մասնակիցներից:
Մ. Խ.