Մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման նպատակով Երեւանի քաղաքապետարանը` համագործակցելով տրանսպորտի եւ կապի նախարարության ու ճանապարհային ոստիկանության հետ, մշակել է ծրագիր, համաձայն որի մայրաքաղաքի կենտրոնը պետք է բեռնաթափվի տրանսպորտային միջոցներից: Ըստ այդմ կարգելվի մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում մերձքաղաքային ուղեւորատար տրանսպորտային միջոցների կայանումը:
Համաձայն ծրագրի, Երեւան քաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիները վերջնականգառը կկատարեն մայրաքաղաքի ավտոկայաններում կամ քաղաքապետարանի նախատեսած համապատասխան երթակարգավարական կետերում:
Երեւանի քաղաքապետարանի առաջարկությամբ Արագածոտնի մարզից Երեւան եկող ուղեւորատար տրանսպորտային միջոցները, որոնք շարժվում են Կիեւյան, Բաղրամյան, Պարոնյան, Պռոշյան փողոցներով, այսուհետեւ Պարոնյան փողոցի փոխարեն կկայանեն կենտրոնական ավտոկայանում:
Արարատի մարզից եկած ուղեւորատար տրանսպորտային միջոցներին (այդ թվում նաեւ նրանց, որոնք նախկին «Այրարատ» կինոթատրոնի մոտ էին կայանում) որպես վերջնականգառ կառաջարկվի Երկաթուղային կայարանի հարակից հրապարակում հատկացված շուրջ 5.000 քառ. մետր երթակարգավարական տարածքը:
Նախկին «Այրարատ» կինոթատրոնի մոտ կայանող Գյումրի, Արթիկ, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքաներից եկող տրանսպորտային միջոցների վերջնականգառը Կենտրոնական ավտոկայանն է:
Արմավիրի մարզից մայրաքաղաք եկող եւ նախկինում Սարյան փողոցում կայանող ուղեւորատար տրանսպորտային միջոցները ծառայությունները կսպասարկեն Կենտրոնական ավտոկայանից:
Մայրաքաղաքին հարակից հյուսիսային շրջաններից Երեւան եկող ուղեւորատար տրանսպորտային միջոցների համար վերջնականգառ կառաջարկվի հյուսիսային ավտոկայանը:
Քաղաքապետարանի վստահեցմամբ` վերոնշյալ փոփոխությունները որեւէ կերպ չեն խոչընդոտի բնակչության պատշաճ սպասարկմանը:
Անհրաժեշտության դեպքում մայրաքաղաքի կենտրոն եւ հակառակ ուղղությամբ գործող երթուղիների թիվը կավելացվի:
Հ. Հ.