Աջակցություն տեսողական խնդիրներ ունեցողներին
«Օրանժ հիմնադրամը» կաջակցի տեսողության խանգարումներ ունեցողներին: Այս մասին երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան: Սա նորաստեղծ հիմնադրամի բարեգործական առաջին ծրագիրն է: Բրունո Դյութուայի փոխանցմամբ` «Օրանժ» հիմնադրամը ստանձնել է մարդասիրական այն գործունեությունը, որը մինչ հիմնադրամի ստեղծումը կատարում էր «Օրանժ Արմենիան»: Հայաստանում հիմնադրամը ստեղծվել է այս տարվա ապրիլին, եւ նրա ուշադրության կենտրոնում նաեւ առողջապահական խնդիրներն են: Հայաստանում նրա բարեգործական առաջին ծրագիրը կյանքի կկոչվի շուտով: Դա լինելու է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հետ համագործակցության արդյունքը: Նախագծին «Օրանժը» ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու:
Ասուլիսին ներկա էին նաեւ Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանն ու հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը: Վերջինս տեղեկացրեց, որ մարդասիրական ծրագրի շրջանակներում օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին Շիրակի մարզում կատարվելու են ակնային անվճար զննումներ, որոնք նախատեսված են մարզի բոլոր բնակիչների համար: Իսկ սոցիալապես անապահով մարդկանց համար նախատեսված են եւ բուժումներ:
«Տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ «Օրանժ հիմնադրամի» հոգածության ներքո են ոչ միայն Հայաստանում, այլեւ ուրիշ երկրներում, որտեղ եւս գործում է հիմնադրամը: Այսօրվանից սկսվում է մի համագործակցություն, ինչի շնորհիվ իրենց աչքի լույսը կվերագտնեն տարբեր տարիքի բնակիչները: Բացի դրանից` ցուցաբերելու ենք օգնություն, որպեսզի կանխենք հիվանդությունների հետագա առաջացումը», ասաց Բրունո Դյութուան:
Շիրակի մարզում ՀԱՆ-ի աշխատանքներին աջակցելու նպատակով «Օրանժ» հիմնադրամը տրամադրել է 9 միլիոն դրամ: Ըստ նախնական հաշվարկներիՙ Շիրակում նախատեսվում է կատարել շուրջ 3000 մեծահասակների ու 1200 երեխաների ակնային զննումներ, նաեւ շուրջ 250 վիրահատություն ու լազերային բուժում: Նունե Եղիազարյանի խոսքով` բնակիչներին նաեւ անվճար ակնոցներ են տրամադրելու: Եվ այս ամենն արվելու է հիմնադրամի ու Ակնաբուժության նախագծի մարդասիրական առաքելության շնորհիվ:
Նունե Եղիազարյանը նշում է` ընտրվել է Շիրակի մարզը, քանի որ Հայաստանում սոցիալական ամենածանր վիճակում հենց Շիրակն է: Բացի դրանից` մինչ «Օրանժ» հիմնադրամի ստեղծումը ընկերությունը Շիրակում շատ աշխատանքներ չէր կատարել: «Այս անգամ որոշեցինք սկսել Շիրակից», ավելացրեց Բրունո Դյութուան:
Հայկական ակնաբուժության նախագիծը բարեգործական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1992 թվականին Միացյալ Նահանգներում: Կազմակերպության գլխավոր նպատակն է Հայաստանում կանխարգելել ձեռքբերովի կուրությունը: Իսկ 2003-ին ՀԱՆ-ը սկսել է «Լույս հայի աչքերին» ծրագիրը: Ինչպես գիտենք, նախագիծն ունի նաեւ աչքի շարժական հիվանդանոց, որը ներկրվել է 2002-ին, հիվանդանոցն ունի 7 հոգուց բաղկացած անձնակազմ: Շարժական հիվանդանոցը շրջայցեր է կատարել Հայաստանի մարզերում ու Արցախում: Ռոջեր Օհանեսյանը նշում է` շարժական հիվանդանոցի ծառայությունները մատուցվել են լրիվ անվճար: Շուրջ 20 տարիների աշխատանքները նախագիծը կատարել է շնորհիվ Սփյուռքի օժանդակության: «Իհարկե, Հայաստանում էլ եղել են խմբեր, որոնց հետ համագործակցել ենք», հավելեց Ռոջեր Օհանեսյանը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց «Օրանժին», որը հնարավորություն է տալիս մարդասիրական ծրագիրն իրականացնելու եւ Շիրակի մարզում: Լրագրողներից մեկի հարցին` արդյոք շարունակական է լինելու համագործակցությունը, եւ ուրիշ ո՞ր մարզերն են ընդգրկվելու ծրագրում, Բրունո Դյութուան պատասխանեց. «Մյուս մարզերում չշարունակելու համար որեւիցե պատճառ չեմ տեսնում: Ամեն ինչ լավ ընթանալու դեպքում` հուսով ենք, կմիանանք ՀԱՆ-ին եւ մյուս ծրագրերի իրականացման գործում»: Իսկ Նունե Եղիազարյանն էլ նշեց, որ «Լույս հայի աչքերին» ծրագիրն իրականացվում է Հայաստանի բոլոր մարզերումՙ բացի Գեղարքունիքի մարզից. «Գեղարքունիքում չենք աշխատում, քանի որ այնտեղ գործում է ամերիկյան մեկ ուրիշ կազմակերպության հիմնադրած ակնաբուժական կլինիկան»:
Կրկին անդրադառնալով Շիրակում կայանալիք ծրագրին` Նունե Եղիազարյանն ասաց, որ Շիրակում կազմակերպվելու են հանրակրթական դասընթացներ: ՀԱՆ-ը նաեւ ակնկալում է տեղի ակնաբույժների աջակցությունը:
Այսպիսով, օգոստոսի 16-ից ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը կայցելեն Շիրակի մարզի Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի ու Ամասիայի շրջանների 2 քաղաքային ու 44 գյուղական համայնքներ: Ապա ՀԱՆ-ի աչքի շարժական հիվանդանոցը կկայանի 3 շրջկենտրոնում` Մարալիկում, Արթիկում ու Ախուրյանում, որտեղ անհրաժեշտ բուժում ու վիրահատություններ կստանան ուղեգրված բոլոր հիվանդները: Աշխատանքների ստույգ ժամանակացույցը կհրապարակվի լրացուցիչ:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ