Արգենտինյան կինոն վերելք է ապրում եւ առաջիկայում նախատեսվում է արգենտինյան ֆիլմերի հատուկ ցուցադրություն, ասաց Միքայել Ստամբոլցյանը ՙ ներկայացնելով արգենտինյան «Անտեսանելի հայացք» ֆիլմի սցենարի հեղինակ Մարիա Մեյրանին: Ցավոք, ֆիլմի ռեժիսոր Դիեգո Լերմանը փաստաթղթային ինչ-որ քաշքշուկի պատճառով չի կարողացել ժամանել Երեւան: «Անտեսանելի հայացք» ֆիլմի սցենարի համար հիմք է ծառայել արգենտինացի գրող Մարտին Կոհանի «Բարոյական գիտությունները» վեպը: Ֆիլմում ներկայացված է 1976-82 թթ. ռեժիմը, որի ժամանակ Արգենտինան ապրեց տոտալիտար ժամանակաշրջան, որից հասարակությունը ծանր ապրումներ ու տարիներ անցկացրեց: Հենց այդ ռեժիմի թեման է ներկայացված Բուենոս Այրեսի ազգային վարժարանում, որտեղ 23-ամյա վարժուհի Մարիա Տերեսան փորձում է կրթել երկրի ապագա ընտրախավին, թե ինչպես զգոն, ուշադիր լինել այն ամենի հանդեպ, ինչը վրիպում է ուրիշների ուշադրությունից, այսինքնՙ դառնալ անտեսանելի հայացք: Վարժուհին, ընդդիմանալով ռեժիմին, կարողանում է իր սաների հոգում սերմանել ազատության ու պայքարի գաղափարը: «Ազգ» -ի հարցին պատասխանելով, Մարիա Մեյրանն ասաց, որ «Անտեսանելի հայացք» ֆիլմը ներկայացվել է Կաննի եւ Հավաննայի միջազգային կինոփառատոներին, իսկ արգենտինյան կինոփառատոնում արժանացել է երկու մրցանակիՙ լավագույն սցենար եւ գլխավոր դերակատար անվանակարգերում: Ֆիլմի առաջին պրեմիերան կայացել է Ֆրանսիայում, հետո Իտալիայում եւ ապա Հայաստանում:
Հայկական կինոյին որքանով են ծանոթ Արգենտինայումՙ «Ազգ» -ի հարցին Մարիա Մեյրանն ասաց. «Ես որոշ չափով ծանոթ եմ հայկական կինոյին Ատոմ Էգոյանի, Հարություն Խաչատրյանի, Փելեշյանի ֆիլմերից: Ձեր ֆիլմերը շատ եմ հավանում եւ կարծում եմ, որ կարող ենք ճանաչողական բնույթի ֆիլմերի փոխադարձ ցուցադրություններ կազմակերպել: Եվ փառատոների նպատակը հենց դա է, իրար ճանաչեն ու համագործակցեն: «Անտեսանելի հայացք» ֆիլմը ընդգրկված էր երեւանյան պրեմիերաներ ծրագրում եւ փայլուն հաջողություն ունեցավ:
***
Երեւանյան պրեմիերա շարքում էր ընդգրկվել նաեւ ամերիկացի ռեժիսոր Բրեյդեն Քինգի «Այստեղ» 110 րոպեանոց գեղ. ֆիլմը: Ֆիլմի ցուցադրումից հետո Միքայել Ստամբոլցյանը ներկայացրեց ռեժիսորին եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մշակույթի պատասխանատու Շոն Օ’Հարային : Վերջինս նշեց, որ դեսպանատունը սերտ կապերի մեջ է «Ոսկե ծիրան» փառատոնի կազմակերպիչների հետ եւ ամեն անգամ փառատոնին մեծ սիրով են մասնակցում: Իսկ «Այստեղ» ֆիլմը բազմամշակույթ շփումների խտացում է, քանզի ամերիկացի ռեժիսորը մտահղացել է ֆիլմ նկարել Հայաստանում եւ այդ հարցում դեսպանությունը մեծ աջակցություն է ցուցաբերել: «Ազգ» -ի այն հարցին, թե ինչպես որոշվեց հենց Հայաստանում նկարահանել ֆիլմը, ռեժիսոր Բրեյդեն Քինգն ասաց. «Ես 2004-ին այցելել եմ տարբեր երկրներՙ ֆիլմիս համար վայրեր ընտրելու, բայց երբ այցելեցի Հայաստան, կարծես թե ճանաչեցի ինձ ու իմ այդ հանդիպումը կարող եմ համեմատել սիրային կապի հետՙ երբ հանդիպում ես քո սիրուն, չես ուզում նրան կորցնել: Իսկ Հայաստանի հարուստ բնաշխարհը, անսահման պատմական արժեքներն անմիջապես գրավեցին ինձ եւ 7-8 տարի դրանք մնացին իմ հիշողության մեջ եւ հենց այդ պատկերները հիմք ծառայեցին, որ ես նախնական սցենարը փոխեմ ու Հայաստանում նկարահանեմ»: Ֆիլմը պատմություն է ամերիկացի արբանյակային քարտեզագրող հետազոտողի մասին, որը գալով Հայաստան, գյուղական հյուրանոցում հանդիպում է հայրենադարձ հայուհի լուսանկարչուհու, որը երկար տարիներ անց, առաջին անգամ տուն է վերադարձել հայրենի բնությունը լուսանկարելու: Երկու միայնակ ճամփորդների միջեւ գրեթե վայրկենական, չգիտակցված կապ է ստեղծվում, եւ նրանք ներքին մղումով որոշում են միանալ... Ռեժիսորը իր հիացական խոսքերն ասաց հայ դերասանական հրաշալի խմբին, որն իր հումորով, հայկական սովորույթներով ամեն կերպ փորձել է ֆիլմին տալ գունագեղություն, պահպանելով ավանդույթները ու դրանց մասնակից դարձնել նաեւ գլխավոր դերակատարներ Բեն Ֆոսթերին ու Լյուբնա Ազաբալին (հայուհի Կատարինեի դերակատար Մարոկկոյից): Իսկ Հայաստանում կրկին ֆիլմ կնկարե՞քՙ «Ազգ» -ի հարցին Բրեյդեն Քինգն ասաց. «Ձեր երկիրը իմ կյանքում վիթխարի մաս է կազմում: Երբ Երեւան եկա ու օդանավից իջա, զգացի ինձ հարազատ օջախում, իմ տանը, որն ինձ միշտ ձգել է իր չնաշխարհիկ բնությունով, մարդկային յուրատեսակ հատկություններով, որոնք չեմ կարող առանձնացնել: Այն ամենը, ինչ զգացել եմՙ անջնջելի է իմ կյանքի պատմությունից: Եվ ես կարծում եմՙ այս երկրում շատ հետաքրքիր ֆիլմեր կարելի է նկարել: Այս ֆիլմի ընթացքում ես ունեմ եւս 60 ժամ նկարահանած ժապավեն, որն իմ հաջորդ ֆիլմի մեջ կօգտագործեմ: Եթե անգամ 100 ֆիլմ էլ նկարվի Հայաստանում ու Հայաստանի, նրա ժողովրդի ու պատմության մասին, դեռ շատ ասելիք կմնա: Ցեղասպանւթյունը մի խորը վերք է հայ ժողովրդի սրտում, բայց դա անբուժելի ու անբաժանելի չէ...»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ