«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2011-07-12 | #128, 2011-07-13 | #129, 2011-07-14


ՎՈՅՉԵԽ ՄԱՐՉԵՎՍԿԻՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ԿՎԱՐԻ

Փառատոնի պատվավոր հյուրերի թվում է նաեւ լեհ կինոռեժիսոր եւ սցենարիստ, Անջեյ Վայդայի կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցի համահիմնադիր եւ գլխավոր դասախոսներից մեկըՙ Վոյչեխ Մարչեւսկին: Վայդայի կինոդպրոցը նոր սերնդի ներկայացուցիչներին ուսուցանում է օպերատորական աշխատանք, ռեժիսուրա, պրոդյուսերի ու սցենարիստի մասնագիտությունները: Տարբեր երկրներից երիտասարդներ ուսանում են այդ հեղինակավոր դպրոցում: Դրանց շարքում է ներկայումս Երեւանից Վահրամ Մխիթարյանը: Վայդայի կինոդպրոցը լեհական ազգային կինոյի հիմքն է: «Ազգի» հարցին, թե ինտերնետի դարում ո՞ւր է գնում կինոն եւ արդյո՞ք համացանցը կարող է վնասել կինոյի զարգացմանը, նա պատասխանեց. «Սխալ կլինի, եթե ասեմ, որ ժամանակակից կոմունիկացիան ազդեցություն չի ունենա: Բայց չգնահատել այսօր ինտերնետի դերըՙ չեմ կարող: Շատ դժվար է կանխատեսել, թե ինտերնետը կօգնի, թե՞ կվնասի կինոյի զարգացմանը: Ինտերնետով մարդիկ գերադասում են կարճամետրաժ ֆիլմեր դիտել: Հիշում եմ, երբ հեռուստատեսությունը մուտք գործեց Լեհաստան, բոլորն ասում էինՙ կինոյի վերջն է, բայց տեսանք, որ այդպես չէ, եւ կարծում եմՙ այդպես էլ կլինի նաեւ ինտերնետի դեպքում: Ըստ ինձՙ կինեմատոգրաֆիան դեռ 50 տարի գոյություն կունենա»:

Մոտ երկու տասնյակ ֆիլմերի ռեժիսոր Վոյչեխ Մարչեւսկին հայկական կինոդպրոցի սաների համար անց է կացնելու վարպետության դասեր: Փառատոնի ընթացքում տեղի կունենա նրա ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությունը:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4