«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2011-07-12 | #128, 2011-07-13 | #129, 2011-07-14


ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ «ՄԻԿԱՆ» Է

Ֆուտբոլի եվրոպական գավաթների ընթացիկ խաղարկությունը շատ անհաջող է հայկական ակումբների համար, որոնք իրենց անփառունակ ելույթներով խորը հիասթափություն են պատճառել հայ ֆուտբոլասերներին: Արդեն 4-րդ մրցաշրջանն է, ինչ հայկական ակումբները չեն կարողանում հաղթահարել առաջին փուլի արգելքը, իրենց դժգույն ելույթներով դառնություն են պատճառում ֆուտբոլասերներին: Իսկ ակումբների ղեկավարները ոչինչ չեն ձեռնարկում դրությունը շտկելու, վերջապես արժանապատվորեն հանդես գալու հարցում: Մեր ակումբների համար կարծես թե կարեւորը ներքին առաջնությունում եվրոգավաթների խաղարկության ուղեգիր նվաճելն է, իսկ թե հաջորդ մրցաշրջանում ինչպես պետք է հանդես գան մրցաշարում, դա նրանց բնավ չի էլ հուզում: Նրանք շարժվում են օլիմպիական սկզբունքովՙ կարեւորը մասնակցությունն է: Դեռ ավելին, եվրոգավաթների խաղարկության շեմին որոշ ակումբների հաջողվում է իրենց առաջատար ֆուտբոլիստների համար արտերկրում խաղալու եւ գումար վաստակելու հնարավորություն ստեղծելՙ դրանով իսկ թուլացնելով թիմի կազմը ու նույնիսկ չմտածելով այն համալրելու գոնե համարժեք ֆուտբոլիստներով: Այս ամենի արդյունքում մեր թիմերը եվրոգավաթներում զիջում են նույնիսկ միջակ ակումբներին:

Ընթացիկ մրցաշրջանում եվրոգավաթների մասնակից հայկական 4 ակումբներից 3-ն արդեն դուրս են մնացել հետագա պայքարից: Միակ հույսը մնացել է «Միկան», որն այսօր նորվեգական «Վոլերենգայի» հետ Օսլոյում կայանալիք խաղով կմեկնարկի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի մրցաշարում: «Միկան» երեկ է մեկնել Օսլո, որտեղ հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 22-ին: Թիմի կազմում մրցավայր են մեկնել 18 ֆուտբոլիստներ, որոնց թվում չեն թիմի նորեկ Ադայ Բենիտեսն ու Վահագն Մինասյանը: Թեեւ Օսլո է մեկնել չինացի հարձակվող Դոնգ Ֆանգժուն, սակայն նա դեռեւս լրիվ չի ապաքինվել վնասվածքից, ուստի նրա մասնակցությունը խաղին հարցականի տակ է:

«Միկայի» համար եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունը հոբելյանական է: Թիմը 10-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու: Եվրոպական ասպարեզում թիմի նորամուտը կայացել է 2000-ի օգոստոսի 10-ին, ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Այդ օրը «Միկան» Բուխարեստում 0-3 հաշվով զիջեց տեղի «Ռապիդին»: Իսկ Գյումրիում կայացած պատասխան խաղում «Միկան» հաղթեց շնորհիվ Սամվել Նիկոլյանի խփած միակ գոլի:

«Միկային» առայժմ միայն մեկ անգամ է հաջողվել հաղթահարել եվրոգավաթների մրցաշարերի առաջին փուլի արգելքը: Դա 2007-ին էր, երբ թիմը գլխավորում էր Արկադի Անդրեասյանը: Նրա գլխավորությամբ «Միկայի» ֆուտբոլիստները 2 խաղերի ընդհանուր արդյունքով առավելության հասան հունգարական ՄՏԿ-ի նկատմամբ (1-2, 1-0): «Միկան» կարող էր հաղթահարել նաեւ 2-րդ փուլի արգելքը: Սակայն Սլովակիայի «Արտմեդիայի» հետ սեփական դաշտում կայացած խաղում ունենալով զգալի առավելություն, «Միկան» չիրացրեց գոլային մի քանի հիանալի պահերը ու հաղթեց ընդամենը 2-1 հաշվով: Իսկ ահա հյուրընկալվելիս «Միկայի» ֆուտբոլիստները պարտվեցին 0-2 հաշվով ու դուրս մնացին հետագա պայքարից:

Վերջին 2 տարիներին էլ «Միկան» ձեռքից բաց է թողել հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորությունը: 2009-ին թիմը երկու խաղերի արդյունքով զիջեց Շվեդիայի «Հելսինգբորգին» (1-3, 1-1), ընդ որում առաջին խաղում «Միկան» 2 գոլ բաց թողեց վերջին րոպեներին, իսկ պատասխան հանդիպման ժամանակ ունենալով զգալի առավելություն, խաղն ավարտեց ոչ-ոքի:

Անցած տարի էլ մրցակցի դաշտում կրկին վերջին րոպեներին թիմը գոլ բաց թողեց ու 0-1 հաշվով պարտվեց մակեդոնական «Ռաբոտնիչկիին», իսկ սեփական հարկի տակ չկարողացավ ռեւանշի հասնել (0-0):

Եվրոպական գավաթների մրցաշարերում «Միկայի» ցուցանիշը համեստ է: Անցկացրած 20 հանդիպումներից միայն 3-ում է թիմը հաղթել, 6 խաղ ավարտել է ոչ-ոքի, 11-ում պարտվել է: «Միկայի» ֆուտբոլիստները 12 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 32 գնդակ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4