«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2011-07-13 | #129, 2011-07-14 | #130, 2011-07-15


ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ԱՌԱՆՑ ԼՂ ՈՒՂՂԱԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ ԼԻՆԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

Ադրբեջանը ցանկանում է... տապալել բանակցային գործընթացը

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ադրբեջանական ղեկավարներն իրենք իրենց դնում են անհարմար դրության մեջ միջազգային հանրության առջեւ, ուղղակի իրենք իրենց վարկաբեկում են: Եթե փաստերը խեղաթյուրելով նրանք ակնկալում են, որ կարող են շարունակաբար մոլորության մեջ պահել իրենց հասարակական կարծիքը, ապա նույնն անել միջազգային հանրության հետՙ ուղղակի անհնար է:

Հուլիսի 13-ին, լոնդոնյան այցելության շրջանակներում, ելույթ ունենալով Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտումՙ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ` ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ պատասխանելով ներկա քաղաքագետների, լրագրողների, վերլուծաբանների եւ Լոնդոնում հավատարմագրված դիվանագետների հարցերին:

Նալբանդյանը հիշեցրել է, որ պրահյան գործընթացից խոսելուց առաջ պետք է նաեւ նշել, որ այն «հայտնվեց, քանի որ նախորդՙ փարիզյան գործընթացը, որը եզրափակվել էր քիվեսթյան փաստաթղթով, վերջին պահին մերժվեց, փաստորեն, տապալվեց Ադրբեջանի կողմից»: Ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունների առումով արտգործնախարարը նաեւ հիշեցրել է, որ մադրիդյան սկզբունքները կազմված էին տասնչորս կետից, ինչպես եւ տասնչորս կետից է բաղկացած 2011 թ. հունիսին ներկայացված վերջին տարբերակը:

2007 թ. նոյեմբերից 2011 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ներկայացվել են մի շարք աշխատանքային տարբերակներ: Դրանցից ոչ մեկինՙ առաջինից մինչեւ վերջինը, ըստ Նալբանդյանի, Ադրբեջանը համաձայնություն չի տվել: Առավելագույնը հայտարարվել է, որ ինչ-որ տարբերակ կարող են ընդունել, այն էլ որոշակի վերապահումներով: «Դա կրկնվեց նաեւ վերջին տարվա ընթացքում: Հայաստանը միանշանակ պատասխան է տվել 2010 թ. հունիսյան, հոկտեմբերյան, դեկտեմբերյան եւ 2011 թ. հունիսյան տարբերակներին: Ադրբեջանն ամեն անգամ բազմաթիվ փոփոխություններ էր առաջարկումՙ առնվազն տասը փոփոխություն 2011 թ. մարտին Սոչիում, երբ քննարկվում էր 2010 թ. դեկտեմբերյան տարբերակը, եւ նորից տասը փոփոխություն վերջին հանդիպման ժամանակ` 2011 թ. հունիսին Կազանում»:

Ադրբեջանի ռազմատենչության պահպանման ու ավելացման համատեքստում էլ Նալբանդյանը հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների նախագահների դովիլյան հայտարարությունը, որում ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի պատրաստելու անհրաժեշտության մասին էր խոսվում: «Ակնհայտ է, որ դա ուղղված է Ադրբեջանին: Իսկ ինչպե՞ս պատասխանեց Ադրբեջանը: Նոր պատերազմի սպառնալիքով` ռազմական շքերթով, սուր ճոճելով, գլուխ գովելով, որ վերջին 7 տարում 20 անգամ ավելացրել է ռազմական բյուջեն, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներով: Չեմ կարծում, որ նման պատասխանի համար կարելի է գլուխ շոյել»:

Դովիլյան հայտարարությունը հասցեագրված էր «հակամարտության բոլոր կողմերին», ըստ Նալբանդյանի, «եւ դրա մասին ասվում է ոչ մեկ անգամ: Ինչո՞ւ: Քանի որ ակնհայտ է, որ առանց ԼՂ կողմից հիմնարար սկզբունքների հավանությանը հնարավոր չէ անցնել խաղաղ համաձայնագրի մշակմանը, եւ առանց բանակցություններին ԼՂ ուղղակի մասնակցության հնարավոր չի լինի համաձայնագրի կնքումը, հիմնախնդրի հանգուցալուծումը»:

«Դովիլյան հայտարարության մեջ նշվում է ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին: Դրան հասնելու համար հարկավոր է ամբողջապես իրագործել այն երեք սկզբունքները եւ վեց տարրերը, որոնց մասին ասում են համանախագահ երկրների ղեկավարներն իրենց հայտարարությունների մեջ: Հիշեցնեմ, որ այնտեղ կա շատ կարեւոր մի տարր, որը ադրբեջանական կողմը փորձում է մոռացության տալ կամ առնվազն հետին պլան մղել: Դա ԼՂ բնակչության իրավունքն է` որոշել ԼՂ վերջնական կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով», ասել է Նալբանդյանը:

Արձագանքելով վերջերս Բաքվից հնչած Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ խեղաթյուրմանը` Նալբանդյանն ընդգծել է, որ մինչեւ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ-ն ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որը պետք է միջազգայնորեն ամրագրվի, եւ դա հենց այն է, ինչն առաջարկել են եռանախագահները եւ ինչին համաձայնել է Ադրբեջանի ղեկավարը 2009 թ. մայիսին Պրահայում, առ այն, որ ԼՂ միջանկյալ կարգավիճակ նշանակում է status quo plus, այսինքն այն ամենն, ինչ այսօր ունի Լեռնային Ղարաբաղըՙ գումարած այդ կարգավիճակի միջազգային ճանաչում:

Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն առ այն, որ իմաստ չկա ժամանակ ծախսելու հիմնարար սկզբունքների համաձայնեցման վրա, եւ ճիշտ կլինի անցնել միանգամից խաղաղ պայմանագրի մշակմանը` Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ դա ադրբեջանական հին երգի, հին կրկներգ է: Ադրբեջանական ղեկավարության կողմից արդեն երկու տարի հնչող այդ գաղափարի վերաբերյալ եռանախագահները հայտնել են իրենց կարծիքը, որ եթե Ադրբեջանը չի կարող պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջը, ապա ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղ համաձայնագրի մշակման մասին:

Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանի այս մոտեցումը ակնհայտ ցանկություն էՙ ձերբազատվելու եռանախագահների ներկայացրած հիմնարար սկզբունքներից եւ փաստորեն տապալելու վերջին տարիների բանակցային գործընթացը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4