«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2011-07-13 | #129, 2011-07-14 | #130, 2011-07-15


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԿԱՆՋԸ ՔԱՇՈՂ Է ՊԵՏՔ, ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ

Ադրբեջանը մերժում է մադրիդյան սկզբունքները, տապալելով բանակցային գործընթացը, այդպիսով եւս մեկ անգամ ապացուցելով, որ հենց այս կողմի ապակառուցողական գործողություններն ու մոտեցումն էլ գրեթե միշտ առիթ ու այդուհետեւ նաեւ պատճառ են դառնում տապալելու տարիների ջանքերը, որ ներդնում են ոչ միայն հայկական կողմը, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` ի դեմս համանախագահող երկրների ամենաբարձր մակարդակի ներկայացուցիչների:

«Ազգն» արդեն ներկայացրել է Ադրբեջանում դիրքորոշման արտահայտման հարցում տիրող խառնաշփոթ իրավիճակը: Եվ երբ Ալիեւ կրտսերի ու մանր-մունր չինովնիկների խոսքի անհամապատասխանությանը, որ առավելապես վկայում է ոչ այնքան խուճապի, որքան հետքայլ անելու հստակ իրավիճակի մասին, ավելացնենք նաեւ «Ինտերֆաքս» գործակալության հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ոչ թե հակասող, այլ տրամագծորեն հակառակ դատողությունները, ապա եզրակացությունը մեկն է. հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած եռակողմ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան նախագահների մակարդակով հանդիպման անարդյունք լինելու մեղավորն Ադրբեջանն է, որ բացահայտ ցանկություն է հայտնում «թաղելու» մադրիդյան սկզբունքների տեսքով ձեւակերպում ստացած, 2004-ից մեկնարկած պրահյան գործընթացը:

Չհամաձայնելով, թե Կազանի հանդիպումն անարդյունք էր, Մամեդյարովը հայտարարել է, թե «մերձեցում եղավ, նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն բանակցություններն առանց հիստերիայի, PR-ի, աշխատեն մոտեցնել դիրքորոշումները»: «Ադրբեջանը մնում է նույն դիրքորոշմանը, ինչ 2010-ին Սոչիում: Մենք պատրաստ ենք սկսել խաղաղ համաձայնագրի տեքստի մշակումը` այն ամենի ըմբռնումից, ինչ արդեն քննարկվել է... Մենք հասկանում էինք, որ կան չհամաձայնեցված տարրեր, բայց ցանկացած դեպքում դրանք պետք է արտացոլվեն խաղաղ պայմանագրում, եւ եթե բարի կամք իսկապես կա, ապա եկեք միանգամից աշխատենք դրա վրա` չսպասելով հիմնարար սկզբունքների ուղղությամբ հաջորդ բանակցային փուլին», հայտարարել է Մամեդյարովը` հակասելով ցայսօր ինչպես համանախագահների, այնպես էլ հենց Ադրբեջանի հնչեցրած բոլոր տեսակի դիրքորոշումներին:

Մամեդյարովի ասածները որեւէ կերպ չեն տեղավորվում նախ այն հիմնական տրամաբանության մեջ, որ առանց գեթ մեկ սկզբունքի համաձայնեցման` մադրիդյան սկզբունքները, որոնցից համաձայնեցվածների առումով Մամեդյարովն առաջարկում է աշխատել, չեն կարող համարվել համաձայնեցված: Մյուս կողմից, Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը բանակցություններին ենթադրվում է հենց սկզբունքների համաձայնեցումից հետո, թեեւ առողջ տրամաբանությունը պարտադրում է ԼՂՀ մասնակցություն արդեն վաղուց:

Ընդունելով, որ կազանյան հանդիպմանը ադրբեջանական կողմից ներկայացվել են առաջարկներ` «ոչ տասը, այլ պակաս», Մամեդյարովն ակնհայտ ստի է գնացելՙ համանախագահող երկրների նախագահներին ստախոսի կարգավիճակ տալու փորձ անելով. «Կազանում որեւէ հռչակագրի ստորագրում չէր նախատեսվում եւ չէր քննարկվում... անգամ հիմնարար սկզբունքների ստորագրում չէր նախատեսվում»: Թե ինչպես է մեկնաբանում Մամեդյարովը հիմնարար սկզբունքները` բազմիցս կրկնված իրողություն է, միայն հարկ է ավելացնել, որ ստելու հարցում լկտիության է հասնում Ադրբեջանի ԱԳ նախարարը, երբ հայտարարում է. «Ես ենթադրում եմ, որ ղարաբաղցի հայերը կքվեարկեն Ադրբեջանի կազմում մնալու համար»: Ընդ որում, Մամեդյարովը կարծում է, որ ղարաբաղցիներին կհամոզեն, թե ինչ «չքնաղ երկիր» է Ադրբեջանը:

Այս ամենի համատեքստում հետաքրքրական է, որ երեկ Ադրբեջանում նշում էին «Հեյդար Ալիեւի` 1969թ. հուլիսի 14-ին Ադրբեջանի ղեկավար նշանակվելու» տարեդարձը, աբսուրդի հասնող սուլթանական իրողության դրսեւորում, որի ֆոնին ադրբեջանական պաշտոնական տեսակետը որպես քաղաքագիտական միտք ներկայացնող որոշ քաղաքագետներ անգամ հայտարարել են «Հայաստանը հրթիռակոծելու անհրաժեշտության մասին, եթե Հայաստանը արկածախնդրության գնա», իբր արկածախնդրություն Ադրբեջանից լավ որեւէ մեկը կարող է դրսեւորել:

Ռազմատենչ հայտարարություններ շատ են արվել, արվում են ու դեռ կարվեն` ելնելով ներքին լսարանը ենթակա պահելու անհրաժեշտությունից, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանի` այս մի գործընթացն էլ տապալելու ակնհայտ ցանկությունը պետք է արժանանա միջազգային հանրության հստակ գնահատականին, այնպես, որ այսուհետեւ տարիների աշխատանքը ջուրը լցնելուց առաջ Ադրբեջանում մի երկար մտածեն, ոչ թե մեկը մեկից անտեղյակ դուրս տան` ինչ հարմար են գտնում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4