«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2011-07-13 | #129, 2011-07-14 | #130, 2011-07-15


ՀԵՖՖԵՐՆԸ ԵՎՍ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ ՉԻ ԱՍՈՒՄ

Հուլիսի 13-ին ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի առջեւ ելույթ է ունեցել Ջոն Ա. Հեֆֆերնը, ում ԱՄՆ նախագահ Օբաման առաջադրել է որպես Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուի: Այս մասին իմանում ենք Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրությունից: Հեֆֆերնը ներկայացրել է հարցերի այն շրջանակը, որոնց ուղղությամբ աշխատելու է, եթե Հայաստանում նշանակվի դեսպան: Նա ասել է, որ շարունակելու է իր նախորդների կատարած աշխատանքը` ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները խորացնելու համար, շեշտել, որ վերջին տասը տարում առաջին անգամ 2010-ի ապրիլին է տեղի ունեցել երկու երկրների նախագահների հանդիպում, ԱՄՆ պետքարտուղարի այցն էլ Հայաստան վերջին 19 տարում միակն է եղել:

Պատասխանելով հանձնաժողովի նիստը նախագահողի հարցին` ժողովրդավարական ընտրություններ Հայաստանում ապահովելու վերաբերյալ, Հեֆֆերնը նկատել է, որ թեեւ անցյալ ընտրություններն ուղեկցվել են հանրահավաքներով եւ ձերբակալություններով, այնուամենայնիվ վերջին վեց ամիսներին, նաեւ Մարի Յովանովիչի ջանքերով, դրական փոփոխություններ են եղել, Ազատության հրապարակում հանրահավաքներ են թույլատրվում, ազատազրկվածներն ազատ են արձակվել, մարտի 1-ի դեպքերի նոր եւ լիարժեք նախաքննություն է սկսվել. այս բոլորը Հեֆֆերնը երաշխիք է համարել նոր ընտրությունների ավելի ժողովրդավարական անցկացման համար: Հեֆֆերնի շեշտադրումներում եղել է նաեւ այն, որ չնայած ԱՄՆ-ը Եվրոպայում եւ Եվրասիայում ֆինանսական աջակցությունը կրճատել է, սակայն Հայաստանին տրամադրվող աջակցությունը պահպանվել է նույն չափով, եւ ինքը եթե նշանակվի` աշխատելու է Հայաստանի բիզնես- մթնոլորտի բարելավման եւ արեւմտյան ներդրումների ծավալների ավելացմանը նպաստելու վրա: Ընդհանրապես` խթանելու է արեւմտյան կողմնորոշումը:

Հեֆֆերն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրին` նշելով Մինսկի խմբի ձեւաչափում խաղաղ լուծմանն աջակցելը ԱՄՆ-ի վարչակազմի կողմից, ինչպես նաեւ այն աջակցությունը, որ ցուցաբերվել է Թուրքիային ու Հայաստանին` պատմական անցյալի հարցերին անդրադառնալու համարձակ քայլի առումով: Հեֆֆերնը խոսել է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը վերականգնելու անհրաժեշտության մասին: Հեֆֆերն ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ Օբաման ճանաչել եւ դատապարտել է 1915 թվականի հայերի կոտորածները Օսմանյան Թուրքիայում` դրանք անվանելով 20-րդ դարի ամենաահարկու եղեռն:

Հեֆֆերնի ելույթից հետո նրան հարցեր են ուղղել սենատորները: Նրանցից Ռոբերտ Մենենդեսը հարցը սուր է դրելՙ նշելով, որ պետդեպարտամենտը ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ է արել, ու թեեւ ցեղասպանության իրողության բազմաթիվ փաստերի է տիրապետում, սակայն «ցեղասպանություն» բառը ԱՄՆ-ում չեն ուզում արտասանել: Հեֆֆերնը փաստորեն ինքն էլ այդ բառը չի ասել` ի պատասխան նկատելով, որ այդպիսի բնորոշումը (ամենաահարկու եղեռն) վարչակազմի քաղաքական որոշումն էր, որը կրկնել է նաեւ նախագահ Օբաման իր ապրիլքսանչորսյան ելույթում: Մենենդեսն իր խոսքում ԱՄՆ վարչակազմի դիքորոշումը Հայոց ցեղասպանության նկատմամբ բնորոշեց որպես խոցելի: Հանձնաժողովը դեռ մի քանի օր ունի` Հեֆֆերնին դեսպան նշանակելու առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Ի դեպ, Յովանովիչի մասով Հեֆֆերնի ասածն արդեն ոչ միանշանակ արձագանքներ ունի Հայաստանում, քանի որ եթե հիշում եք` մամուլը բազմիցս գրել է, որ ԱՄՆ-ի վերջին դեսպան Մարի Յովանովիչը ընդդիմության եւ իշխանության հարաբերությունները կարգավորելու միջնորդի դերն էր ստանձնել, եւ մեկնաբանություններ էին հնչում, որ տիկինը խառնվում է Հայաստանի ներքին կյանքին:

Հիշեցնենք` Հեֆֆերնի թեկնածությունը Սենատին առաջարկել է Օբաման, բայց մինչեւ Սենատում հաստատվելը այդ առաջարկը պետք է ստանա արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դրական եզրակացությունը: Սակայն, փաստորեն, Հեֆֆերնը չի արտասանել «ցեղասպանություն» բառը, ինչպես որ ժամանակին Հոգլանդը չարտասանեց, ու նրա թեկնածությունը հայկական շրջանակները տորպեդահարեցին այնքան, մինչեւ Հոգլանդի թեկնածությունը Սենատը չհաստատեց: Տեսնենք, թե ինչ կլինի այս անգամ:

Էլի հիշեցնենք, որ Ամերիկայի հայկական համագումարն էր ավելի վաղ հայտարարություն տարածել` հույս հայտնելով, որ Ջոն Հեֆֆերնի հաստատման հարցում Սենատը խստապահանջ կլինի, մանավանդ նրա կենսագրության այն տվյալները նշելով, ըստ որոնց Հեֆֆերնը թուրքանպաստ դիրք է ունեցել տարբեր հարցերում, եղել է թուրքամետ կոնգրեսական Դոուզ Բերեութերի օգնականը, իսկ նրա «շեֆը» քվեարկում էր հակահայկական նախագծերի օգտին, ինչպես նաեւ դեմ էր արտահայտվել Թուրքիային ԱՄՆ-ի ցուցաբերած ռազմական օժանդակությանը կրճատելուն:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4