Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, շնորհավորել դեսպանատան աշխատակազմին, մաղթել բարեկամ Ֆրանսիային հետագա զարգացում եւ բարգավաճում, իսկ նրա ժողովրդինՙ բարօրություն: Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ դերակատարություն ունեն, եւ Հայաստանը շահագրգռված է Ֆրանսիայի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր մակարդակներում: Նախագահ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ` նշելով, որ Ֆրանսիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար, ինչը պայմանավորված է թե՛ պատմական կապերով, թե՛ մեր ժողովուրդների միջեւ առկա բարեկամությամբ, թե՛ միջազգային ասպարեզում Ֆրանսիայի վարած հետեւողական եւ սկզբունքային քաղաքականությամբ եւ թե՛, իհարկե, երկու երկրների միջեւ յուրատեսակ կամուրջ հանդիսացող ֆրանսահայ ստվար համայնքի առկայությամբ: Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Սարկոզիին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի, հետեւողական ջանքերի համար, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հիմնախնդրի լուծմանն ու հարավկովկասյան տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատմանը:
Երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն է այցելել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նույնպես դեսպանատան աշխատակազմին շնորհավորելով տոնի առթիվ: Նա ասել է, որ Ֆրանսիայի ազգային տոնն այն բացառիկ տոներից է, որ նշվում է ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ տարբեր պետություններում, հաշվի առնելով այն մեծ խորհուրդը, որ նա իր մեջ կրում է: Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին, վարչապետը նշել է, որ դրանք ունեն խոր արմատներ: Սակայն ավելի կարեւոր է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ապագան: Վարչապետի համոզմամբՙ մեր երիտասարդ պետությունը, որ այս տարի նշելու է իր անկախության 20-ամյակը, Ֆրանսիայի հետ համագործակցության շնորհիվ ունենալու է նորանոր ձեռքբերումներ տնտեսական, սոցիալական, քաղաքական բնագավառներում:
Մ. Խ.