ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի համակարգող Ֆիլիպ Փիրսին:
ՄԱԶԾ ղեկավարության եւ ՀԿՍՀԿ հայաստանյան թիմի հետ իրականացվող ծրագրի ընթացքի, ժամկետների եւ բյուջեի հետ կապված հարցերի քննարկման նպատակով Հայաստանում գտնվող Ֆիլիպ Փիրսը Արթուր Բաղդասարյանին տեղեկացրել է ծրագրի ընթացքի եւ առկա խնդիրների մասին եւ իր գոհունակությունն է հայտնել ծրագրի առաջընթացի վերաբերյալ:
Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագիրը, քանի որ այն թույլ է տալիս արդյունավետ եւ համապարփակ մոտեցում ցուցաբերել սահմանի կառավարմանն առնչվող խնդիրներին հարակից բոլոր ոլորտներում, այդ թվում` միգրացիա, թրաֆիքինգ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, ինչպես նաեւ առեւտրի դյուրինացում եւ մարդկանց ազատ եւ անվտանգ սահմանացում, որոնք որ գերակա առաջնահերթության հարցեր են Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության խթանման գործընթացում:
Արթուր Բաղդասարյանն ընդգծել է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացում իրատեսական հիմքերի վրա կարիքների գնահատման իրականացման անհրաժեշտությունը, որը թույլ կտա առավելագույնս արդյունավետ բաշխել նախատեսված ֆինանսական միջոցները, եւ կարեւորել է այս համատեքստում ԵՄ փորձագիտական աջակցությունը: Նա նաեւ շեշտել է սահմանային ենթակառուցվածքների եւ սարքավորումների արդիականացմանը համընթաց բովանդակային մասի կարեւորության փաստը, այն է` վերապատրաստումների եւ դասընթացների կազմակերպում սահմանի կառավարման հարցերում ներգրավված մարմինների համար, այդ մարմինների պարտականությունների հստակ բաշխում, ինչպես նաեւ լիազորությունների ոչ պատշաճ իրականացմանը վերաբերող համապատասխան օրենսդրական փոփոխություններ` «մեկ պատուհան» սկզբունքի լիարժեք կենսագործման նպատակով:
Ֆիլիպ Փիրսը տեղեկացրել է, որ ապագայում նախատեսվում է հիմնել սահմանների համալիր կառավարման հարցերով միջազգային խորհրդատվական խումբ, որն այդ հարցում կարող է կարեւոր դերակատարություն ունենալ` մասնագիտական եւ փորձագիտական աջակցության տեսքով:
Քննարկվել է Հայաստանում Արեւելյան գործընկերության, ԵՄ անդամ եւ այլ երկրների մասնակցությամբ սահմանների համալիր կառավարմանը նվիրված միջազգային համաժողովի կազմակերպման հարցը, որի ընթացքում կներկայացվի այս ոլորտում առաջընթացը, կիրականացվի լավագույն փորձի փոխանակում, եւ կծավալվեն քննարկումներ սահմանների կառավարմանն առնչվող հարցերի շուրջը: