«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2011-07-13 | #129, 2011-07-14 | #130, 2011-07-15


ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՏԱՐԲԵՐՈՒՄ «ՕՏԱՐՈՒՄՆ» ՈՒ «ԼՈՒԾԱՐՈՒՄԸ»

Հայ ազգային կոնգրես կոչվող քաղաքական ուժը հուլիսի 13-ին հայտարարություն է տարածել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանիՙ դատական ատյանների կողմից տուգանվելու կապակցությամբ: Բանն այն է, որ նախկին վարչապետի բազում անհեթեթություններից մեկի կապակցությամբ, հերքելու եւ ներողություն խնդրելու պահանջով դատարան էին դիմել Կենտրոնական բանկն ու ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Համառոտ ներկայացնենք խնդրի էությունը: Հրանտ Բագրատյանը մեղադրել էր Տիգրան Սարգսյանինՙ նրա ԿԲ նախագահ եղած ժամանակ «Ագրոբանկը» անվճարունակ դարձնելու եւ «Հայխնայբանկի» սեփականաշնորհումը ԿԲ կողմից կազմակերպելու մեջ: Բնական է, որ, ինչպես միշտ, Հրանտ Բագրատյանը իրեն նեղություն չէր տվել փաստերով խոսել: Դրանից հետո Տիգրան Սարգսյանը եւ Կենտրոնական բանկը դիմել են դատարան: Դատարանը որոշել է Հրանտ Բագրատյանին պարտավորեցնել հրապարակել հերքում, ներողություն խնդրել ԿԲ-ից եւ Տիգրան Սարգսյանից, միաժամանակ տուգանելով նրան 602 հազար դրամ: Քանի որ հիշյալ հերքումն ու ներողությունը Հրանտ Բագրատյանը չի հրապարակել, դատարանը նրան մեկ անգամ տուգանում է 200 հազար դրամով եւ եւս երկու անգամ 400-հազարական դրամով:

Ահա այս մասին է Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը: Անկախ ամեն ինչից, այն շատ հատկանշական բացահայտում է անում: Հայտարարության մեջ հետեւյալ նախադասությունն է գրվածՙ «կառչելով նախկին վարչապետի խոսքում «լուծարում» բառի փոխարեն օգտագործված «օտարում» բառից»: Ուշադրություն պետք է դարձնել, որ հայտարարության մեջ չի նշվում, թե շփոթությամբ է Հրանտ Բագրատյանը «օտարում» բառն օգտագործել, ավելինՙ այդ բառերը ներկայացվում են որպես հոմանիշներ: Հետեւաբար, Հայ ազգային կոնգրեսը նույնպես փաստել է Հրանտ Բագրատյանի տնտեսագիտական գիտելիքների, մեղմ ասած, անմխիթար մակարդակը, հաստատելով, որ նախկին վարչապետը միմյանցից չի տարբերում «օտարումն» ու «լուծարումը»: Եվ պատահական չէ, որ այս մարդն է եղել վարչապետը 90-ականների առաջին կեսին, երբ երկրի տնտեսությունը պարզապես փլուզվեց, փակվեցին 600 հազար աշխատատեղեր (ըստ Համաշխարհային բանկի տվյալների), հարյուրհազարավոր մեր հայրենակիցներ արտագաղթեցին Հայաստանից, իսկ մնացյալն ընկղմվեցին էներգետիկ ճգնաժամ կոչվող դաժան իրականության մեջ, որն ուղեկցվում էր զանգվածային աղքատացմամբ: Ընդհանրապես Հրանտ Բագրատյանին թվում է, թե ներկա սոցիալական խնդիրները եւ դժգոհությունները գործող իշխանություններից` մարդկանց կստիպեն մոռանալ իր եւ իրեն ներկայացնող քաղաքական ուժի կառավարման տարիները:

Սակայն վերադառնանք նախկին վարչապետի ներկա գործունեությանը եւ նրա մասնագիտական ունակություններին: Առիթ ունեցել ենք թվարկելու, թե քանի անգամ նրա կանխատեսումները պարզապես փուչ են դուրս եկել, քանի որ դրանք առանձնապես չեն տարբերվել գուշակություններից եւ չեն ունեցել որեւէ մասնագիտական հիմք: Սակայն նախկին վարչապետը չի ընկրկում: Նա շարունակում է մամուլի ասուլիսներ հրավիրել, գոռգոռալ, զայրանալ, հատկապես ջանալով սեւացնել գործող վարչապետին: Նախկին հրապարակման մեջ գրել էինք, որ դա հետեւանք է Հրանտ Բագրատյանիՙ դեռ 90-ականներից եկող «աբիժնիկության», երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունեց այն ժամանակ ընդդիմադիր Տիգրան Սարգսյանի մոտեցումը հայկական դրամին անցնելու մասին, այլ ոչ թե Հրանտ Բագրատյանի պնդումըՙ մնալ միակ երկիրը, որտեղ պահպանվելու է սովետական ռուբլին: Սակայն պարզվում է, որ դա Տիգրան Սարգսյանից Հրանտ Բագրատյանի նեղացած լինելու միակ պատճառը չէ: Փաստորեն, դրան ավելացել է նաեւ ներկայումս դատարանի կողմից Հրանտ Բագրատյանին պարբերաբար տուգանելը: Ինչի մեղքը, սակայն, Հրանտ Բագրատյանը լավ կլինի, որ փնտրի իր մեջ: Ի վերջո, շատ գիտելիքներ պետք չեն տարբերելու համար «օտարումն» ու «լուծարումը», իսկ եթե չի տարբերում, ապա գոնե ընդունի իր չիմացությունը եւ կատարի դատարանի որոշումը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հ. Գ. - Ուշ երեկոյան ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացրեց, որ Հ. Բագրատյանի վերաբերյալ կատարողական վարույթն ավարտված է, քանի որ պահանջատերը խնդրել է վերադարձնել կատարողական թերթիկը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4