«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2011-07-13 | #129, 2011-07-14 | #130, 2011-07-15


ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 54.800 ՀԱՅ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ

2009-ին 54.800 հայ Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել` զբաղեցնելով երկրորդ տեղը ՌԴ քաղաքացիություն ստացող ազգությունների ցանկում: Տեղեկատվությունը Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության ամենամյա զեկույցից է: Զեկույցի համաձայնՙ Ռուսաստանում քաղաքացիություն ստացող հայերի թիվն ավելացել է 2005-ից:

Համեմատության համար, եթե 2001-ին ՌԴ անձնագիր ստացել է 19.267 հայ, 2005-ին թիվը եռապատկվել է: Վերջին 9 տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն ստացած հայերի թիվը կազմել է 272.000: Ռուսաստան արտագաղթող մարդկանց 10 երկրների թվում առաջին հորիզոնականը զբաղեցնում են ուկրաինացիները, երկրորդ-երրորդ հորիզոնականը զբաղեցնում են Ուզբեկստանն ու Ղազախստանը: 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը ցուցակի «պատվավոր» չորրորդ տեղն է զբաղեցնում:

Բացի Ռուսաստանիցՙ հայերը նախընտրում են արտագաղթել Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Հոլանդիա եւ Հունաստան: Եթե Հունաստանում քաղաքացիություն ունեցող հայերի թիվը կազմում է 12.000, ապա լեհահայերը ամենամեծ համայնք ունեցող 3 ազգություններից մեկն են: Հայաստանցիներն ընդգրկվել են նաեւ այլ պետություններից ապաստան խնդրող 25 երկրների ցանկում: Ընդ որումՙ տարեցտարի ցուցակում Հայաստանը «առաջընթաց» է գրանցում: 2005-ին մեր երկիրը 18-րդն էր, 2009-ին` 16-րդը. 4 տարվա ընթացքում 22 տոկոսով ավելացել է ապաստան հայցող հայերի թիվը:

Հայերը ապաստան խնդրում են հիմնականում Ֆրանսիայից. եթե 2000-ին ապաստան խնդրած հայերի թիվը կազմել է 405, ապա 2009-ին թիվը հնգապատկվել է:

Հ.Հ.

Հ. Գ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի հետ խոսել չհաջողվեց: Հեռախոսը ոչ ոք չէր վերցնում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4