Ծնունդով ռումինացի, կինոռեժիսոր Կոռնել Գեորգիտան ապրում եւ ստեղծագործում է Ֆրանսիայում: Երեք տարի առաջ իր «Գյուղական նվագախումբը» ֆիլմը ընդգրկված էր «Ոսկե ծիրան»-ի վավերագրական ֆիլմերի մրցույթի ցանկում: Իսկ այս տարի Կոռնել Գեորգիտան փառատոնի խաղարկային մրցույթին ներկայացրել է «Եվրոպոլիս» գեղ. ֆիլմը: Այս գործը հետաքրքրական է, հումորով լեցուն: Այն մարդկային ողբերգության մասին է, սակայն մատուցման ձեւը զավեշտական է: Ֆիլմը մի այլաբանություն է մահվան տեսլիքների մասին, այն ժամանակի եւ տարածքի մասին, երբ մարդու հոգին մարմնից դուրս գալով դեռ իր տեղը չի գտել ու թափառում է: Եվ այդ ամենին ռեժիսորը փորձել է ավանդույթներով ու բանահյուսություններով լուծումներ տալ, ինչպես Մարկ Շագալը իր գեղանկարներում, Փարաջանովը իր «Սայաթ-Նովա» ֆիլմում, պատմում էր ռեժիսորը: «Իմ ֆիլմը մի այլաբանություն է մահվան տեսիլքների վերաբերյալ: Ինձ համար ամենադժվարը ֆիլմի տոնայնությունը գտնելն էր, թե ինչպես հոգին կարող է դառնալ ուրվական եւ խուսափել ուրվական դառնալուց: Երբ անելանելի վիճակում ես, լավ է հետ նայես, որ առաջ գնաս»:
Ի՞նչն է հանդիսացել առիթը հոգու տեղափոխումը ֆիլմի նյութ դարձնելու, «Ազգի» հարցին Կոռնել Գեորգիտան ասաց. «Երբ շատ հին բացիկների հետ ծանոթացա ցուցասրահում ու տեսա, որ եւ բացիկ գրողները եւ ստացողները մահացած են, բայց հակառակ նրանց բացակայությանը, այդՙ բացիկների միջոցով նրանց հոգին ներկա է: Հենց դա ինձ հետաքրքրեց ու ես սկսեցի հետաքրքրվել, այդ երեւույթ ասեմ թե իրավիճակ, դեպքերով»: Ռեժիսորը շատ զարմացել էր, երբ Երեւանում իր հյուրանոցի համարի դռան արանքում, «Եվրոպոլիս» ֆիլմի ցուցադրությունից հետո մի գրություն էր գտել «մայրդ խնդրում է զանգահարել»: Առաջին պահին ցնցվել էր, որովհետեւ մայրը վաղուց մահացել էր, իսկ հետո հասկացել էր, որ դա ֆիլմից ստացած տպավորության արդյունքն է:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ