«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2011-07-13 | #129, 2011-07-14 | #130, 2011-07-15


ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ ՆԱՆԱ ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ ԳԱՎԱԹԸ

Փոթիում մեկնարկած հանրաճանաչ վրացի շախմատիստուհի Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությանը մասնակցում են Հայաստանի 44 պատանի շախմատիստ-շախմատիստուհիներ: Շախմատային յուրօրինակ այդ փառատոնն անցկացվում է տարիքային 3 խմբով (8,10 եւ 12 տարեկաններ), իսկ մյուս մասնակիցները հանդես են գալիս բաց մրցաշարում:

Կայացած 3 տուրից հետո լավագույն արդյունքը հայ շախմատիստներից ունեն բաց մրցաշարի մասնակիցներ Դավիթ Շահինյանն ու Արթուր Ղարագյոզյանը, որոնք 3 պարտիաներն էլ շահել են: Շահինյանը հաղթել է վրացի շախմատիստներ Վախթանգ Մալանիային, Տարիել Մոդեբաձեին եւ Նիկոլոզ Կումսիաշվիլուն: Ղարագյոզյանի մրցակիցներն էին վրացի շախմատիստներ Արշիլ Սվանիձեն, Գեորգի Սիբաշվիլին եւ Գեորգի Բագատուրովը: 2,5-ական միավոր են վաստակել Դավիթ Քալաշյանը, Հովիկ Հայրապետյանը, Արման Միքայելյանն ու Խաչատուր Երանյանը:

Ամենակրտսեր տարիքային խմբում (մինչեւ 8 տարեկաններ) տղաների մրցաշարում Հայաստանի 5 պատվիրակներից առայժմ բոլորից հաջող է մեկնարկել Արարատ Մուրադյանը, որը 2 միավորով ընթանում է 6-րդ տեղում: Արարատը մեկնարկում հաղթեց Իլիա Ջանջալիային եւ Գուբազ Կուխիլավային, իսկ 3-րդ տուրում պարտվեց Լազարե Լոմսաձեին: Վերջինս Լեւան Չաչավայի, Շոթա Խոդաշնելիի եւ Նիկոլոզ Կաչարավայի հետ 3 միավորով գլխավորում է աղյուսակը:

Մինչեւ 8 տարեկան աղջիկների մրցաշարում Մանե Հովհաննիսյանը եւ Անահիտ Մկրտչյանը վաստակել են 2-ական միավոր:

Մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարում Հայաստանի շախմատիստներից հաջող է հանդես գալիս Գոռ Թադեւոսյանը, որը 3 հնարավորից վաստակած 2 միավորով ընթանում է 15-րդ տեղում: Գոռը մեկնարկեց հաղթանակովՙ առավելության հասնելով Լեւան Ջաբուայի նկատմամբ, ապա ոչ-ոքի խաղաց Դմիտրի Ջիբուտիի եւ Սաբա Չխաիձեի հետ: Տարիքային այս խմբում 3-ական միավորով առաջատարներն են Արշիլ Մեմարնիշվիլին, Նիկոլոզ Պետրիաշվիլին, Կոկա Բուկիան եւ Գեորգի Ինանեյշվիլին: Աղջիկների մրցաշարում 2-ական միավոր ունեն Մարիամ Բաբայանն ու Սուսաննա Հարությունյանը:

Մինչեւ 12 տարեկան տղաների մրցաշարի 3 հայ պատանիներից առավել հաջողը Մհեր Եսայանի մեկնարկն է: Նա մրցաշարը սկսեց Թենգիզ Խուխունաիշվիլու հետ ոչ-ոքի արդյունքով, ապա հաղթեց Նոդար Կվարացխելիային եւ Ալեքսանդր Պանասենկոյին: Առաջատարներն են 3-ական հաղթանակ տոնած Իրակլի Ախվլեդիանին եւ Գեորգի Տավզարաշվիլին: Աղջիկների մրցաշարի մեր միակ մասնակից Անի Իվանյանը 2 միավորով 6-րդ տեղում է: Այստեղ 3-ական միավորով առաջատարներն են Նարմին Մամադովան եւ Թեա Չոլաձեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4