«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2011-07-14 | #130, 2011-07-15 | #131, 2011-07-16


ՀԻՏԼԵՐԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ

Բոլորին է հայտնի, որ «կազուս-բելի» ունենալու համար Ադոլֆ Հիտլերը «լեհերի կողմից գերմանական խաղաղ բնակչության սպանության փաստեր էր» լուսանկարում: Իրականում դիվերսիա անում էին լեհական բանակի համազգեստ հագած վերմախտի զինվորները:

Հիտլերը վաղուց չկա: Բայց «նրա գործը կենդանի է»: Ոչ միայն եվրոպական նեոֆաշիստներն, այլեւ Ադրբեջանի իշխանություններն են նպատակադրված, որ «խելագար եֆրեյտորին» մարդիկ հիշեն: Եվ, որքան էլ զարմանալի հնչի, «ֆյուրերի հավերժության» ջատագով է դառնում Իլհամ Ալիեւի աշխատակազմը:

Նախօրեին ադրբեջանական` գերազանցապես հատուկ ծառայությունների խոսափող լրատվամիջոցները «կայծակ- հաղորդագրություն» էին տարածել, որ Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում դժբախտ պատահար է տեղի ունեցել, զոհվել է Այգյուն Շախմալիեւան, իսկ նրա մայրը` Էլնարա Շախմալիեւան, ստացել մարմնական վնասվածք ազդրի շրջանում:

Ամեն երկրում պատահարներն անխուսափելի են: Կարելի է ցավել, որ Թովուզի շրջանում երեխա է զոհվել, իսկ մայրը` ստացել մարմնական վնասվածքներ: Բայց Ադրբեջանում հակված են ամեն ինչ, նույնիսկ եթե դա բնական պատահար է, կապել Հայաստանի եւ հայերի հետ: Եվ ահա Իլհամ Ալիեւի աշխատակազմի պատասխանատու Ալի Հասանովը հայտարարել է, որ «այդ դեպքի հետ կապված կտեղեկացվեն բոլոր միջազգային կազմակերպություններն ու խաղաղարար գործընթացին մասնակից կողմերը: Մենք կդիմազերծենք Հայաստանի ասածները, որ իր զինված ուժերը ներկայացնում է որպես հրեշտակների»:

Ի՞նչ կապ ունի Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի տարածքում տեղի ունեցած դժբախտ պատահարը Հայաստանի եւ նրա զինված ուժերի հետ: Բանից պարզվում է, որ «Այգյուն Շախմալիեւան, որ խաղալիս է եղել Թովուզ գետակի մոտ, ջրից հանել եւ տուն է բերել շնիկանման խաղալիք, որը պայթել է, երբ երեխան այն զարկել է սեղանին, ինչի հետեւանքով նա զոհվել է, իսկ մայրը` ստացել վնասվածքներ»:

Դեպքի մասին Իլհամ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովի «մեկնաբանությունն» այս է: Թե ինչո՞ւ է Ալի Հասանովն այդքան օպերատիվ արձագանքել միջադեպին` ինքնին կասկածելի է: Դիտարժան է հատկապես, որ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե «Շախմալիեւների ընտանիքը մշտապես բնակվում է Սանկտ Պետերբուրգում եւ Թովուզ հյուր էր եկել բարեկամներին»:

Ամեն դեպքում, որեւէ հստակ փաստ չկա, որ «մահվան խաղալիքն ուղարկվել է հայկական կողմից»: Իրականում անհնար է պարզել, թե ով եւ ինչ նպատակով էր Թովուզ գետակ նետել «շնիկանման խաղալիքը, որի ներսում տեղադրված է եղել պայթուցիկ սարք»: Իլհամ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչը, սակայն, միանշանակորեն դա համարում է «հայկական զինված ուժերի ձեռքի գործ»:

Զարմանալին այն է, որ նման «դժբախտ պատահարներ», որոնք հատկապես կապվում են երեխաների հետ, Ադրբեջանում «տեղի են ունենում» այն ժամանակ, երբ միջնորդներն սկսում են խոսել ղարաբաղյան կարգավորման բանակցություններում հավանական առաջընթացի մասին: Այդպես եղավ նախագահների հանդիպումից անմիջապես հետո` ընթացիկ տարվա մարտի սկզբներին, երբ Բաքուն հայտարարեց, որ «հայ զինվորի դիպուկահար կրակոցից սպանվել է Աղդամի շրջանի Օրթա Քարվենդ գյուղի բնակիչ Ֆարիզ Բադալովը»: Ադրբեջանական կողմը, սակայն, որեւէ քայլ չձեռնարկեց, որ «միջադեպը» հետաքննվի բոլոր կողմերի մասնակցությամբ` ինչպես պայմանավորվել էին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:

Այսօր Ալի Հասանովը խոսում է մանկահասակ Այգյուն Շախմալիեւայի «սպանության» մասին, բայց դարձյալ չի անում որեւէ ակնարկ, թե «միջադեպը ենթակա է բոլոր կողմերի մասնակցությամբ անաչառ հետաքննության»: Տպավորությունն այն է, որ Իլհամ Ալիեւի վարչակազմի համար էականը ոչ այնքան մարդկանց ճակատագիրն է, որքան քարոզչության համար հերթական առիթը: Իսկ ով շահագրգռված է, նա էլ կարող է «գտնել» առիթը:

Ինչպես ասում են, այդքան պատահականություններ չեն լինում. ըստ պաշտոնական տեսակետի, Օրթա Քարվենդ գյուղի բնակիչ Ֆարիզ Բադալովն ընտանիքի միակ երեխան էր, մեծացել էր անհայր, իսկ Շախմալիեւների ընտանիքը չուներ Ադրբեջանի քաղաքացիություն: Սա արդեն պատահականություն չէ, այլ` սարսափելի օրինաչափություն. Իլհամ Ալիեւի հատուկ ծառայություններն ընդունակ են մահվան դատապարտել նույնիսկ անմեղ երեխաների, միայն թե Ադրբեջանը Հայաստանին «մեղադրելու առիթ ունենա»: Ճիշտ այնպես, ինչպես գերմանական աբվերն էր Լեհաստանի հետ սահմանին խժդժություններ հրահրում, որպեսզի Գեբելսն առիթն ունենար ասելու, որ «պատերազմն անխուսափելի է»:

Ինչ վախճան ունեցան աբվերն ու Գեբելսը` հայտնի է: Բայց ի՞նչ վճարեց մարդկությունը, որպեսզի կայանա Նյուրնբերգը: Էականն այս է: Եվ արժե՞ եւս մեկ անգամ միլիոնավոր կյանքերի գնով հասնել նրան, որ միջազգային դատարանը պատերազմի հանցագործ ճանաչի Իլհամ Ալիեւին: Ավելի հե՞շտ չէ հենց այսօր կանգնեցնել նրան: Սա արդեն նրանց խնդիրն է, ովքեր կարծում են, թե ժամանակակից «խելագար եֆրեյտորի» հետ հնարավոր է հասնել որեւէ խնդրի արդարացի կարգավորման:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4