«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2011-07-14 | #130, 2011-07-15 | #131, 2011-07-16


Հ. ՔԼԻՆԹՈՆԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՌԱԴԱՐՆԵՐԻ ՀԱՐՑԸ

ԱՄՆ վարչակազմը դեռ չի որոշել, թե Հարավային Եվրոպայի որ երկրում է տեղադրելու հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարը: Այդ մասին լրագրողներին հայտնել են պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները, որոնք հուլիսի 15-16-ը ստամբուլյան այցի ժամանակ ուղեկցում են պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:

«Առայժմ որոշում չի ընդունվել ռադարի տեղադրության վայրի առնչությամբ, նշել են նրանք: Բայց այդ հարցը կքննարկվի Թուրքիայի կառավարության հետ»: Քլինթոնի Թուրքիա մեկնելու նախօրեին ամերիկյան Foreign Policy հանդեսը հաղորդեց, որ պետքարտուղարը արդեն շաբաթ օրը կարող է Ստամբուլում ստորագրել համապատասխան համաձայնագիր:

Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության ռադարի տեղադրման դեմ արդեն արտահայտվել են մի շարք հանրապետական սենատորներ, այդ թվումՙ Ջոն Քայլը եւ Մակ Քիրկը: Քլինթոնին հղած նամակում նրանք ընդգծել են, որ ձեռնտու չեն Անկարայի առաջ քաշած պայմանները, մասնավորապեսՙ այդ ռադարի տվյալները Իսրայելի հետ չկիսելու պահանջը:

Հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի հետ կապված հարցերը փորձաքար են դարձել Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում: Ռուսաստանը պահանջում է իրավաբանական երաշխիքներ, որ Եվրոպայում ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգը չի ուղղվի իր դեմ:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4