ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորի Ուդովիցկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան:
Տիկին Ուդովիցկին իր գոհունակությունն է հայտնել Հայաստան-ՄԱԿ գործընկերային հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնել քննարկումներ ծավալելու հետագա համագործակցության այլ ոլորտներ նախանշելու նպատակով:
Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Հայաստանում Եվրոմիության հետ համագործակցության շրջանակներում ընթացող բարեփոխումների համատեքստում ՄԱԶԾ-ի` որպես վստահելի գործընկերոջ կարեւոր դերը տարբեր ոլորտներում բարեփոխումային հայեցակարգերի եւ ռազմավարությունների մշակման, ինչպես նաեւ դրանցից բխող գործողությունների ծրագրերի իրականացման գործում` որպես օրինակ առանձնացնելով մարդու իրավունքների ազգային ծրագիրը, գենդերային հավասարության հայեցակարգը, ինչպես նաեւ սահմանների համալիր կառավարման ծրագիրը:
Քննարկվել է Վարշավայում հոկտեմբեր ամսին կայանալիք Արեւելյան գործընկերության երկրների գագաթաժողովից հետո Հայաստանում ՄԱԶԾ-ի, ԵՄ անդամ երկրների եւ այլ դոնորների մասնակցությամբ միջազգային համաժողովի կազմակերպման հարցը` համատեղ կատարած աշխատանքի լուսաբանման եւ նոր գործընկերների եւ համախոհների որոնման նպատակով: