Կինոգետ Միքայել Ստամբոլցյանը երեկ ներկայացրեց փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթին ներկայացած երիտասարդ հայ ռեժիսորներ Վահան Խաչատրյանինՙ «Սուրբ Խաչն առանց խաչի» եւ Հարություն Շատյանինՙ «Բեռնելով կյանքս» ֆիլմերը: «Իմ կարծիքով «Բեռնելով կյանքս» ֆիլմը «Հայկական համայնապատկեր» մրցույթի ամենահետաքրքրական ֆիլմերից է, որովհետեւ պատկանում է ամենաբարդ ժանրին թե գրականության եւ թե կինոյում, դա խոստովանության ժանրն է: Երբեմն այդ ժանրով հրապուրվելով, մարդ կարող է հրապուրվել ինքն իրենով եւ ներկայացնելով ցույց տալ ավելի լավ, քան ինքը կա: Հարություն Շատյանի 37 րոպեանոց ֆիլմը երիտասարդ ընտանիքի տղամարդու անելանելի հիվանդ վիճակի մասին է: Նա փորձում է կյանքում լուսավոր կետեր փնտրել: Զինվորական ծառայությունն ավարտելուց մի քանի օր առաջ ֆիլմի հերոսը հիվանդանում է շաքարախտով եւ զորացրվում: Այստեղից թլ սկսվում են բոլոր խնդիրները; Ինստիտուտ, ընտանիք, երեխա, ամենօրյա պարտադիր սրսկումներ: Դեղ գնելու հնարավորություն չունեցող երիտասարդը ստիպված է հանցագործություն անել: Պարտքեր, աշխատանքի որոնում, միամիտ եւ անզգույշ քայլեր, որոնք ի վերջո բանտ ընկնելու իրական նախապայմաններ են լինում:
«Ազգի» հարցին, թե ինչպես մտահղացավ այդ սցենարով ֆիլմ նկարել, ռեժիսորն ասաց, որ մի առիթով տեսել է, թե ինչպես 50-60 շաքարախտով տառապողներ դեղի համար ժամերով հերթ են կանգնում ու էլի շատերը չեն կարողանում ստանալ հատկացված անվճար «ինսուլինը»: Իսկ երիտասարդը, որը նույնպես չի կարողանում օգտվել օրենքով հասանելիք այդ դեղամիջոցից, ստիպված է իր գլխի ճարը տեսնել: Երիտասարդ ռեժիսորը ցանկություն ունի էքսպերիմենտալ ֆիլմերի ոճը շարունակել, վերհանելով մեր երկրում անհատների, մարդկային ճակատագրերի ու նրանց շրջապատող միջավայրի մասին: «Այսօր ինտերնետի միջոցով ամբողջ աշխարհն է կապվում իրար: Ինտերնետի հնարավորությունը ֆիլմ դիտելու տեսակետից մի կողմից լավ է, մյուս կողմիցՙ վատ, քանի որ խանգարում է հանդիսատեսի ճաշակի ձեւավորմանը: Ինտերնետով ֆիլմը նայելուց հետո այլեւս կինոսրահ չեն գնա», եզրափակեց երիտասարդ խոստումնալից ռեժիսորը:
Վահան Խաչատրյանի «Սուրբ Խաչն առանց խաչի» 60-րոպեանոց ֆիլմում երիտասարդ ռեժիսորը արծարծել է մի հարց, որն անտարբեր չի կարող թողնել որեւէ մեկին: Ֆիլմը նկարվել է անցած տարի Արեւմտյան Հայաստանում, Աղթամար եկեղեցում պատարագ մատուցելու հարցի շուրջը բարձրացած տարակարծությունները հստակեցնելու համար: «Ես փորձել եմ ֆիլմով ներկայացնել հայոց երազանքի, խաբված հույզերի, այսօրվա Թուրքիայի իրական դեմքը եւ մեր մշտական հույզերը»: «Ազգի» այն հարցին, թե ինչպես մտահղացավ հենց այդ թեմայով ֆիլմ նկարել, նա ասաց. «Ամեն մի հայ մոր կաթի հետ սնվում է այն հայրենասիրությամբ, որը հետագայում, գիտակից կյանքում դառնում է նպատակ, ձգտում եւ արդարության վերականգնում: Ֆիլմում խաչը տեղադրվում է, դա պարզապես խաչ է-երկաթի կտոր չի, իսկ իսկական խաչը իմ սրտում է: Ո՞վ է այդ խաչի տերն այսօր, այ սա է իմ ասելիքը, չկա պահապանը այդ խաչի: Հենց այդ ֆիլմով ես ցանկացել եմ տեսնել, թե որտեղ է իմ անցյալը, որտեղ է ապագան եւ ինչ կարող ենք մենք անել այսօր մեր պատմական վայրերում»:
Երիտասարդ ռեժիսորը այժմ աշխատում է «Ջավախքՙ խորթ զավակ» ֆիլմի վրա, ու կրկին անդրադառնում մեր պատմական բռնագրավված տարածքներին, ու նրանց հետ կապված խնդիրներին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ