«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2011-07-14 | #130, 2011-07-15 | #131, 2011-07-16


ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԷՐ ՕԼԻՎՅԵ ԿՈՒՍՄԱԿԻ «ՑԱՎԻ ԶԱՎԱԿԸ» ՖԻԼՄԸ

Օլիվյե Կուսմակին Միքայել Ստամբոլցյանը ներկայացնելով ասաց. «Փառատոնին ներկայացված «Ցավի զավակը» ֆիլմը շատ հետաքրքրական է որպես միաժամանակ ֆրանսիական կինոյի շարունակություն եւ որպես ինչ-որ մի նոր հայացք»: Ֆիլմը 15-ամյա Սելինի մասին է, որը ցանկացել է վրեժ լուծել այն դատավորից, որը բանտարկության դատավճիռ է կայացրել իր մոր նկատմամբ: Աղջնակը մտնելով դատավորի տուն, շահելով ամուսինների վստահությունը, խաբում է, որ անչափահաս է: Եվ մի օր, հարմար պահի գայթակղում է նրան, որպեսզի թակարդը գցի դատավորին: Ինչպես ասում էր Օլիվյե Կուսմակը, դա իր կողմից հորինված պատմություն է եւ այդ թեման միշտ էլ առկա է:

Մարդկանց ու երեւույթների մասին պատմող 90 րոպե տեւողությամբ ֆիլմում ռեժիսորը ներկայացրել է բարու եւ չարի առկայությունը միաժամանակ: «Ես կարծում եմ, որ մարդիկ ավելի շատ ոչ բարու եւ ոչ էլ չարի մեջ են, այլ գտնվում են գորշ մի տարածքում, որտեղ ամեն մեկը պայքարում է իր ներքին դեւերի դեմ: Հենց այդ պայքարի ու «բարուց» չարին կերպարանափոխումն է, որ ցանկացել եմ ներկայացնել դատավորի կերպարով, որը մարդկային ճակատագրերի հետ է խաղում, միաժամանակ բարի մարդու համբավ վայելում: Մենք ապրում ենք մեր աշխարհում, որտեղ անընդհատ մանիպուլյացիայի ենք ենթարկվում եւ հեռուստատեսության, եւ թատրոնի, եւ գովազդների եւ անգամ քաղաքական գործիչների կողմից ու այդ երեւույթը դարձել է իմ ֆիլմի ասելիքներից կարեւորը», ասում էր Օլիվյե Կուսմակը: Իսկ այն հարցին ռեժիսորնե՞րն էլ են մանուպուլյացիայի ենթարկում դերասաններին, Օլիվյե Կուսմակը ասաց. «Գուցե: Բայց նպատակին հասնելու համար նրանք էլ են գնում այդ քայլին, ինչպես մեզանից յուրաքանչյուրը»:

«Ազգի» հարցին պատասխանելով ռեժիսորն ասաց. «Կինոն ինձ համար անարդարության դեմ պայքարի միջոց է: 19 տարեկանում որոշեցի կինոյով զբաղվել, քանի որ այն աշխարհը, ուր ապրում էի, ինձ դուր չէր գալիս: Իսկ ֆիլմ նկարելով ես այդ բոլոր վատ կողմերի վրա երաժշտություն կդնեմ ու կյանքը կգեղեցկացնեմ: Կյանքի ու իմ մոտեցումների միջեւ դեռ մելամաղձություն է մնացել, որն էլ փորձել եմ ֆիլմի միջոցով կիսել ձեզ հետ»:

Ֆրանսիական այսօրվա կինոյի մասին ռեժիսորը դժվարացավ կարծիք ասել. «Այսօր Ֆրանսիայում մի քանի հաջողված նոր ֆիլմեր կան: Ես հավատում եմ, որ երիտասարդները օգտագործելով ժամանակակից հնարավորությունները կարող են լավ ֆիլմեր նկարել», ասաց Օլիվյե Կուսմակը:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4