«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2011-07-14 | #130, 2011-07-15 | #131, 2011-07-16


ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ

Արգենտինահայ կինոքննադատ եւ դերասան Ջեկ Պողոսյանը «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիրների հետ համագործակցել է շուրջ հինգ տարի եւ այդ համագործակցության ընթացքում ստեղծվել է հրաշալի մի ծրագիր, պատմում էր Ջեկ Պողոսյանը։ «Երբ Բուենոս Այրեսում հանդիպեցի Հարություն Խաչատրյանին եւ Սուսաննա Հարությունյանին, ծանոթացա իսկական ֆիլմերի հետ։ Հենց այս հանդիպումը հիմք հանդիսացավ, որ ես սկիզբ դնեմ մի շատ կարեւոր ծրագրիՙ եւ ՀԲԸՄիությունում ամեն ամիս կազմակերպում եմ հայկական ֆիլմերի ցուցադրություն։ Այդ ծրագրում հաճախ ընդգրկվում են նաեւ սփյուռքահայ ռեժիսորների ֆիլմերը։ «Պոետի վերադարձը», «Մեր մանկության տանգոն» մի քանի անգամ ենք ցուցադրել, ու եթե էլի ցուցադրենքՙ մեծ հաճույքով դիտելու կգան ոչ միայն արգենտինահայերը, այլեւՙ արգենտինացիները, որոնք մշտապես հետաքրքրված են հայկական կինոյով։ Արգենտինայում տարեկան 100 ֆիլմ է նկարահանվում եւ արգենտինյան կինոն վերջին տարիներին զարգացել է։ Ռեժիսոր Խոսե Կամպանելլայի «Նրա աչքերի գաղտնիքը» ֆիլմն արժանացել է Օսկարն հատուկ մրցանակի։ Արդեն հինգ տարի անընդմեջ ընթացող իմ այդ ծրագիրը Բուենոս Այրեսից բացի իրականացնում են Մոնտեւիդեոյում, Կորդոբայում եւ այլ մարզերում։

Մոնտեւիդեոյի կինոփառատոնին Հարություն Խաչատրյանի ֆիլմերից բացի այս տարի ներկայացրել եմ Սուրեն Բաբայանի «Կայացում», «Մի նայիր» ֆիլմերը, որոնք արժանացել են բարձր ընդունելության։ Ինձ մեծ օգնություն են ցուցաբերում «Ոսկե ծիրան» փառատոնի կազմակերպիչները, որոնց, առիթն օգտագործելով, ուզում եմ հայտնել ողջ արգենտինացիների երախտագիտությունն ու շնորհակալությունը»։

Արմատներով Ադանայից, Ուրուգվայում ծնված Ջեկ Պողոսյանը դերասանի մասնագիտությանը զուգահեռ հմտացել է կինոքննադատի մասնագիտության մեջ եւ պատրաստվում է բեմադրել Գարսիա Լորկայի մոնոներկայացումը։ Մինչ այդ 30 ֆիլմ է նկարել «Արգենտինյան տանգո» շարքից։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4