«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2011-07-15 | #131, 2011-07-16 | #132, 2011-07-19


ՀԱԿ-Ը ՆԱ՞Զ Է ԾԱԽՈՒՄ, ԹԵ ԱԿՆԱՐԿՈՒՄ Է tete-a-tete ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Չնայած մեկ օր առաջ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր տարածել, թե իշխանությունը գործադիր իշխանությունից պետք է պատվիրակություն ձեւավորի, որ ՀԱԿ-ը երկխոսության գնա, այնուամենայնիվ իշխանության արդեն կազմավորած կոալիցիոն պատվիրակությանն էլ պատրաստ են լսել: Այնպես որ` երեկ ՀԱԿ-ի եւ կոալիցիոն պատվիրակությունները հանդիպեցին եւ այն էլ ոչ թե, ասենք, ինչ-որ հյուրանոցում կամ հանգստի վայրում, ինչպես ավելի վաղ տարբեր շրջանակներ կատակում էին, այլ Հանրային խորհրդի ժողովասրահում: Կոալիցիոն պատվիրակությունը եկել էր ողջ կազմով` Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը (երկուսն էլ ՀՀԿ-ից), Վարդան Բոստանջյանն ու Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանն ու Խաչիկ Հարությունյանը (ՕԵԿ): ՀԱԿ-ի պատվիրակության վաղուց հայտնի կազմն էլ լրիվ էր` Դավիթ Շահնազարյան, Լեւոն Զուրաբյան, Վահանգն Խաչատրյան, Սամվել Աբրահամյան, Ֆելիքս Խաչատրյան: Հանդիպումն ընթացավ փակ ձեւաչափով, մոտ երկու ժամ տեւած հանդիպումից հետո կոալիցիայի անունից լրագրողների հարցերին պատասխանած կոալիցիոն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նախ դրական համարեց հանդիպումը` նշելով, որ կոալիցիոն պատվիրակությունը ներկայացնում է հենց Հայաստանի նախագահին եւ գործադիր իշխանությանը, ապա նշեց, թե հանդիպման ընթացքում էլ պատվիրակության անդամները ներկայացրել են իշխանական կողմի պատկերացումը երկխոսության մասին: Դեռ հավելեց, որ երկխոսությունն իշխանության ընկալմամբ նշանակում է նոր մշակույթի ձեւավորում, որը, սակայն, բացարձակ հակամարտությունից անմիջապես համագործակցությանն անցում չէ, չնայած ինքը լավատեսորեն է տրամադրված:

Դավիթ Շահնազարյանը լրագրողներին հայտնեց, թե կոալիցիոն պատվիրակության հետ հանդիպման ընթացքում պարզվել է, որ այս պատվիրակության լիազորությունները շատ ավելին են, բացի դրանից` պատվիրակության անդամները հավաստիացրել են, որ ցանկացած հարց պատրաստ են քննարկել, ու չկան այնպիսի հարցեր, որոնք քննարկման ենթակա չլինեն. «Հանդիպում` որպես այդպիսին, տեղի չունեցավ, բայց ես կարծում եմ, որ որոշակի արդյունքներ կան, եւ ես չեմ բացառում, որ սա կարող է շարունակություն ունենալ», ասաց նա: «Արտահերթ ընտրությունների թեման շոշափվե՞ց», «Ազգի» հարցին Շահնազարյանը պատասխանեց. «Անկասկած: Մենք ներկայացրինք մեր տեսակետները, ինչպես նաեւ այն, որ քաղաքական այս խոր ճգնաժամից միակ ելքը մենք տեսնում ենք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով, ինչպես նաեւ, որ մինչեւ սեպտեմբեր այդ հարցերը այսպես թե այնպես պետք է հստակեցվեն», ասաց Շահնազարյանը` հավելելով, որ «խորագույն այս քաղաքական ճգնաժամի` օր ավել շարունակվելը մեծ վտանգներ է պարունակում», սակայն ինքը ռեալիստ է ու կարծում է, թե երկխոսությունը շարունակություն կունենա: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւս նկատեց, որ կոալիցիայի պատվիրակության հայտարարությունները նոր հանգամանքներ բացահայտեցին, այսինքն` որ նրանք շատ ավելի լայն լիազորություններ ունեն, եւ ՀԱԿ-ը կսպասի, մինչեւ այդ լիազորությունների մասին հստակ հայտարարություններ արվեն, քանի որ կոալիցիայի պատվիրակության ` հանդիպման ընթացքում հնչած հայտարարություններով ՀԱԿ-ն իր որոշումների մեջ չի կարող կողմնորոշվել. «Մինչեւ նրանց հայտարարությունները հանրության սեփականությունը չդառնան` մենք չենք կարող որոշում ընդունել: Մենք կսպասենք` երբ այդ հայտարարությունները կարվեն, հետո մեր դիրքորոշումը կհայտնենք: Պետք է խոսք գնա այնպիսի պատվիրակության մասին, որը ներկայացնում է գործադիր իշխանությանը, գործող նախագահին, այսինքն` մի պատվիրակություն, որը կարող է լրջորեն քննարկել այն լուծումները, որոնք մենք առաջարկում ենք երկրում իրավիճակը կարգավորելու համար: Սա հիմնական պատվիրակություն չէ: Մենք ասել ենք, որ մինչեւ սեպտեմբեր որեւէ արդյունք եթե չլինի, մենք կհամարենք երկխոսության հնարավորությունները սպառված»: Նա նշեց, որ բուն բովանդակային քննարկում չի եղել, չնայած ՀԱԿ-ը հանդիպումից ըմբռնել է, որ այս պատվիրակությունը որեւէ հարցի քննարկում չի բացառում: Լեւոն Զուրաբյանն ասում էր, որ ուղիղ եթեր են պահանջում, չեզոք հանդիպավայր` այս, Հանրային խորհրդի սրահի հանդիպմանն էլ հավան չէ: Ո՞վ պետք է լինի իշխանական պատվիրակությունում, որ Լեւոն Զուրաբյանն ուզենա հարց քննարկել. «Գործող նախագահը, իշխանության բոլոր այն ներկայացուցիչները, որոնց համաձայնությունն անհրաժեշտ է` արտահերթ ընտրությունների համար: Մեր կարծիքով դեֆակտո այդ հարցերը լուծում է Սերժ Սարգսյանը: Պնդում ենք, որ պատվիրակությունը պետք է ունենա հստակ լիազորություններ Սերժ Սարգսյանի կողմից»: Այսինքն` Զուրաբյանն ակնարկում է Տեր-Պետրոսյան-Սարգսյան tՍte-Ո-tՍte հանդիպման մասի՞ն, թե ՀԱԿ-ը նազ է ծախում, որպեսզի միանգամից տրվելով լրիվ չանվանարկվի:

Չնայած հանդիպումից առաջ ԲՀԿ-ից Վարդան Բոստանջյանն ասել էր, որ հանդիպման ժամանակ կփորձեն օրակարգ ձեւավորել, փաստենք սակայն, որ այդ օրակարգն այդպես էլ չի ձեւավորվել, եւ որեւէ համաձայնություն չի ձեռք բերվել: Առաջինը միշտ կուտ է գնում, այդպե՞ս մտածենք, թե՞ նաեւ բնական է` ստուգիչ հանդիպում էր, որից հետո թիմերը մարտավարական առումով կկողմնորոշվեն:

Ամեն դեպքում տեսակետները փոխանցեցինք, իսկ հետեւող զարգացումները այսօր ավելի հստակություն կմտցնեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4