«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2011-07-15 | #131, 2011-07-16 | #132, 2011-07-19


ԱՌԱՆՑ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԵՍ ՄՇԱԿԻ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեւանում

Առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարությունները հակասում են թե՛ բանակցային գործընթացի տրամաբանությանը, թե՛ միջնորդների դիրքորոշմանը: Այս մասին, ըստ ԱԳՆ հաղորդագրության, երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Բեռնար Ֆասիեի եւ Իգոր Պոպովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը :

Հանդիպմանը շարունակվել են քննարկումները արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով նախատեսվող քայլերի վերաբերյալ: Համանախագահները Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել Բաքվում ունեցած իրենց հանդիպումներից ստացված տպավորությունները:

Համանախագահները երեկ հանդիպել են նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Այդպիսով ամբողջացել է տարածաշրջանային այցելության հանդիպումների շարքը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղ այցելության, որը տեղի չունեցավ. ԼՂՀ նախագահ Բաքո Սահակյանն արձակուրդում է:

Այդուհանդերձ, ինչպես դեռեւս նախորդ շաբաթավերջին Բաքու կատարած այցելությանը խոստացել էին միջնորդները, Երեւանում նրանք ԱԳՆ-ում ճեպազրույցի ընթացքում անդրադարձել են այցելությանն ու հանդիպումներին: Ըստ «Ազատության»ՙ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն նշել է, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտության լուծման դիվանագիտության շատ ակտիվ փուլ է, եւ առաջիկա շաբաթներին տեսանելի կլինեն գործադրվող ջանքերի արդյունքները:

«... Կազանից հետո պետքարտուղար Քլինթոնը հեռախոսով խոսել է նախագահներ Սարգսյանի ու Ալիեւի հետ: Ուստի ներկայում շատ ակտիվ փուլ է, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է զգույշ լինենք հապշտապ եզրակացություններ չանելու կամ արագորեն գնահատականներ չտալու` այս դիվանագիտության արդյունքների վերաբերյալ: Առաջիկա շաբաթներին մենք կտեսնենք գործադրվող ջանքերի արդյունքները», հայտարարել է ամերիկացի համանախագահը, ընդգծելով նաեւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի սերտ համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:

«Դեսպան Ֆասիեն հիշատակեց (Ռուսաստանի) արտգործնախարար Լավրովի այցը Վաշինգտոն, եւ այդ այցի ընթացքում Լավրովը հանդիպել է նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ու Սպիտակ տունը շատ պարզորոշ կերպով ի ցույց է դրել իր աջակցությունը` Լավրովի ու նախագահ Մեդվեդեւի ջանքերին», ասել է Բրադկեն:

Մոսկվայում

Երեկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ընթացքը քննարկման թեմա էր նաեւ Մոսկվայումՙ արդեն ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ: Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանՙ Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը ՌԴ ԱԳ նախարարին երեկ հանձնել է Բաքվի պատասխանն այն առաջարկներին, որ Լավրովը Բաքվին էր ներկայացրել իր այցելության ընթացքում` հուլիսին, մինչ այդ առաջարկներ ներկայացնելով նաեւ Երեւանում: Թե ինչ պատասխան է տվել Ադրբեջանը ՌԴ նախագահ Մեդվեդեւի առաջարկներին` ոչ Լավրովը, ոչ էլ Մամեդյարովը չեն տեղեկացրել: Վերջինը միայն նշել է, որ պետք է սպասել նաեւ հայկական կողմի պատասխանին:

Ընդհանուր առմամբ առաջընթաց որակելով կազանյան հանդիպումը` Մամեդյարովը հայտարարել է առանց հստակեցման, թե ում նկատի ունի. «Առկա վիճակը չի բավարարում կողմերից ոչ մեկին, նաեւ միջնորդներին, այն դարձել է ոչ ընդունելի նաեւ մեր հարեւանների համար»:

Այցելության ընթացքում նաեւ փոխանակելով Ռուսաստան-Ադրբեջան պետական սահմանի վավերացված պայմանագրի պատվոգրերը` Մամեդյարովը, ըստ ադրբեջանական կայքէջերի, առանց ամաչելու հայտարարել է, թե Ադրբեջանը Կազանի հանդիպումը առաջ քայլ է համարում, «չնայած քննարկումը տեւեց ավելի քան 4 ժամ եւ կոնկրետ տոնայնությամբ այն հարցերի շուրջը, որոնց առնչությամբ դեռեւս բեկման չենք հասել, այդուհանդերձ որոշ հարցերում մերձեցում զգացվում է»:

Մոսկվայում էլ Մամեդյարովը խոսել է խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու մասին` հիմնարար սկզբունքները դեռեւս չհամաձայնեցրած, ինչին Հայաստանի արտգործնախարարի արձագանքը արդեն ներկայացրել ենք վերեւում: Ադրբեջանի «առանց սկզբունք» բանակցելու պատրաստ արտգործնախարարը կրկին «պտտել» է ադրբեջանցի երեխայի մահվան պատմությունը:

Սերգեյ Լավրովն էլ, ըստ «Վեստի» հեռուստաընկերության եթերը վկայակոչող «Պանորամա.ամ»-ի, ադրբեջանցի լրագրողի խնդրանքով մեկնաբանելով շաբաթ օրը ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկատվությունը, թե ադրբեջանական Թովուզի շրջանում 13 տարեկան Այգյուն Շամխալիեւան պայթուցիկ սարքից զոհվել է, նախ նշել է, որ միջադեպի առնչությամբ Ադրբեջանի իշխանությունները քրեական գործ են հարուցել: Լավրովը կոչ է արել լրագրողներինՙ մինչեւ դատական գործի ավարտը զերծ մնալ «ահաբեկչական գործողություն ու վանդալիզմ» որակումներից: ՌԴ արտգործնախարարն ասել է. «Ռուսաստանի Դաշնությունը դատապարտում է ցանկացած բռնի գործողություն ղարաբաղա-ադրբեջանական սահմանային շփման գծում»:

Կրկին Երեւան, բայցՙ ԵԱՀԿ Մինսկի խումբ

«Համանախագահները կրկին ընդգծել են երկու նախագահներին հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնագրի հասնելու կարեւորությունը` համաձայնագիրը որպես վերջնական կարգավորման բանակցություններին անցնելու շրջանակ», երեկ, ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի, երեւանյան հանդիպումների ավարտին այսպիսի հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովը: Այս ընդգծումը թերեւս ոչ թե Ադրբեջանի նախագահի, այլ արտգործնախարարի համար է, որպեսզի վերջինս իրականությունը չլցնի դրան չհամապատասխանող դատողություններով, թե հարկ է անցնել միանգամից խաղաղ համաձայնագրի մշակմանը` առանց ավարտելու աշխատանքը հիմնարար սկզբունքների ուղղությամբ:

Համանախագահները նաեւ հայտարարությամբ ընդգծել են, որ ժամանակն է քաղաքական կամք դրսեւորելու, որն անհրաժեշտ է «տարածաշրջանի ժողովուրդներին տեւական խաղաղություն, անվտանգություն ու հաշտեցում բերելու համար»: Ըստ համանախագահներիՙ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստ են շուտով տրամադրել իրենց արձագանքը «շրջանակային փաստաթղթի համար առաջարկված վերջին ձեւակերպումների առնչությամբ եւ շարունակել աշխատանքը համանախագահների ու համանախագահող երկրների կառավարությունների հետ` խաղաղ կարգավորման որոնման գործընթացում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4