«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2011-07-15 | #131, 2011-07-16 | #132, 2011-07-19


ՏՈՒԺՈՂԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երբ մենք Իլհամ Ալիեւից կառավարվող քարոզչությունը կեղծարար ենք համարում, Բաքվում իսկույն վիրավորվածի տեսք են ընդունում: Բայց ի՞նչ կարող ենք անել. հերթական «հրետանային նախապատրաստությունը», որ ՄԽ համանախագահների եւ Եվրոխորհրդարանի մի խումբ պատգամավորների` Բաքվում գտնվելու օրերին կազմակերպել էր Իլհամ Ալիեւի աշխատակազմը` ներգրավելով ԱԳՆ-ին, կառավարող կուսակցությանն ու Գանիրա Փաշաեւայի նման «էգ առյուծին», անառարկելիորն վկայում է, որ ալիեւյան քարոզչությունը ոչ միայն կեղծիք, այլեւ ավելի շատ պարզ հիմարություն է:

Խնդրեմ. ադրբեջանական ANS հեռուստատեսությունը հարցազրույց է կազմակերպել զոհված Այգյուն Շախմալիեւայի մոր` Էլնարա Շախմալիեւայի հետ: Ի դեպ, վերջինիս հանդեպ ուշադրություն սրելու նպատակով Միլլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաեւան շտապ մեկնել էր Թովուզ եւ «ծանր վիճակում գտնվող կնոջը» տեղափոխել Բաքու` վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ինստիտուտ:

Ի՞նչ է պատմել Էլնարա Շախմալիեւան. «Ես սպասք էի վերցնում արկղից: Կռացա, եւ հանկարծ ծուխն ինձ պատեց: Երբ այն ցրվեց, տեսա, թե ինչպես է ճչում եղբորս աղջիկը: Շրջվեցի եւ իմ աղջկան տեսա գետնին... Վազեցի դեպի ճանապարհը: Չգիտեի, որ գնդակն ինձ էլ է դիպչել (ընդգծումները մերն են- Վ. Ա.): Ոտքերս ծալվեցին, եւ ես ընկա...»:

Ո՞րն է այստեղ էականը:

Նախ, պաշտոնական վարկածով` Այգյունը զոհվել է «խաղալիքի պայթյունից` Ջաֆարովների տանը, երբ, վերադառնալով գետափից, շնիկանման խաղալիքը դրել է ճաշասեղանին»:

Էլնարա Շախմալիեւան ասում է, որ ինքը կռացել էր, որ «արկղից սպասք վերցնի»: Այդ ո՞ր օրվանից են Հարավային Կովկասի ամենահարուստ երկրում` Ադրբեջանում, մարդիկ սպասքն արկղերի մեջ պահում: Չէ՞ որ հիմա 21-րդ դարն է եւ բացառված է, որ Սանկտ Պետերբուրգից հյուրեր ընդունող Ջաֆարովների ընտանիքը ճաշի սպասքը պահեր ոչ թե գոնե սնդուկում, այլ` արկղում:

Երկրորդ, Էլնարա Շախմալիեւան չի պատմում, որ աղջկան տեսել է հատակին: Նա հստակ ասում է` «իմ աղջկան տեսա գետնին»: Ռուսերեն տարբերակում ասված է` «վՈ ջպՎսպ»:

Երրորդ, դեպքից հետո նա վազել է ոչ թե «փողոց», այլ` «դեպի ճանապարհը»:

Համադրելով Էլնարա Շախմալիեւայի հարցազրույցի այդ խիստ կարեւոր դրվագներում ասվածը, վստահաբար կարող ենք ասել, որ Այգյուն Շախմալիեւան զոհվել է ոչ թե Ջաֆարովների տանը` ճաշասեղանի մոտ, այլ` ինչ-որ այլ վայրում: Գուցե` Թովուզ գետի ափին, որտեղ, հավանաբար, հյուրընկալները զբոսախնջույք էին կազմակերպել: Այդ դեպքում նրանք կարող էին հարկավոր սպասքը վերցնել արկղում, Այգյունը կընկներ ոչ թե հատակին, այլ` գետնին, մայրն էլ ոչ թե փողոց, այլ դեպի ճանապարհը կվազեր:

Իսկ թե ինչի՞ց է զոհվել Այգյունը, կարելի է ենթադրել նրանից, որ նրա մայրն իր վերքի պատճառ համարում է «գնդակը»: Ամենայն հավանականությամբ, խոսքը հրացանի կրակոցից արձակված «գնդակի» մասին է: Հակառակ դեպքում նա կօգտագործեր «բեկոր» բառը: Հարցազրույցի այդ հատվածն ռուսերեն հնչում է այսպես. «ծպ ջվՈսՈ, փՑՏ Ռ Վպվÿ ջՈՊպսՈ տցսÿ»:

Հատկանշական է, որ Թովուզի շրջանային հիվանդանոցի հերթապահ բժիշկ Մամեդովը նույնպես Էլնարա Շախմալիեւայի` «ազդրի աջ շրջանում ստացած վերքի» պատճառ առաջինը համարել է «հրազենային կրակոցը»: Չպետք է բացառել, որ հենց այս «վրիպումն» է պատճառ հանդիսացել, որ Էլնարա Շախմալիեւան Թովուզից տեղափոխվի Բաքու: Հավանաբար` որպեսզի տեղի բժիշկները Մամեդովի «սխալը շտկեն»:

Ո՞վ է զբոսախնջույքի ժամանակ զենքի հետ անզգույշ վարվել: Այգյուն Շախմալիեւա՞ն: Հազիվ թե: Հավանականն այն է, որ զենքը կրակել է Ջաֆարովների 16- ամյա որդու` Էլսեւարի ձեռքին: Կրակոցն Այգյունի համար ճակատագրական է եղել: Իսկ մայրը փրկվել է, որովհետեւ այդ պահին կռացած էր, ինչի շնորհիվ էլ կենսական կարեւոր օրգանները չեն խոցվել: Գնդակը նրան վերք է պատճառել ազդրի շրջանում: Դա միանգամայն բնական է, քանի որ, կրկնենք, կրակոցի պահին նա արկղից սպասք հանելու համար կռացած է եղել:

Ասվածի օգտին է խոսում նաեւ այն, որ Էլնարա Շախմալիեւան խոսում է «իրեն պատած ծխի» մասին: Ամեն ոք գիտի, որ ծուխ առաջանում է վառոդի բռնկումից: Իսկ պայթուցիչ սարքերն «աշխատում են» չոր հրապատիճի գործադրմամբ` գրեթե անծուխ: Այսքանից հետո ինչպե՞ս չասենք, որ իլհամալիեւյան քարոզչամեքենան կատարելապես հիմար կեղծարար է: Միակ բանը, որ նա կարող է այսուհետեւ անել, որպեսզի խնայած լինի «գերագույն գլխավոր հրամանատարին», լռելն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4