«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2011-07-15 | #131, 2011-07-16 | #132, 2011-07-19


ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԵՂԵՂԱՏԱՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԻ ԲԵՐՎԵՆ. ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Մինչ քաղաքապետի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են մերձքաղաքային երթուղիների վերջնականգառները Երեւան քաղաքի ավտոկայաններ տեղափոխելու որոշման դեմ ու պահանջում, որ իրենց վերաբերող հարցերում իրենց կարծիքն էլ հարցնեն կամ գոնե խնդիրը տարբեր տեսանկյուններից դիտարկեն եւ որոշում կայացնեն հօգուտ քաղաքացու, քաղաքապետ Կարեն Կարապետյանին հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցել են, որ Արագածոտնի մարզից Երեւան եկող ուղեւորատար տրանսպորտային միջոցները արդեն կայանում են կենտրոնական ավտոկայանում:

Արարատի մարզից եկած ուղեւորատար տրանսպորտային միջոցները կայանում են երկաթգծի կայարանին հարակից Սեւանի փողոցի հատվածում հատկացված երթակարգավարական տարածքում:

Նախկին «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ Գյումրի, Արթիկ, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքներից եկող տրանսպորտային միջոցների վերջնականգառը կենտրոնական ավտոկայանն է:

Արմավիրի մարզից մայրաքաղաք եկող եւ նախկինում Սարյան փողոցում կայանող ուղեւորատար տրանսպորտային միջոցները սպասարկման ծառայություններն իրականացնում են կենտրոնական ավտոկայանից, իսկ մայրաքաղաքին մոտիկ հյուսիսային շրջաններից Երեւան եկող ուղեւորատար տրանսպորտային միջոցների վերջնականգառը հյուսիսային ավտոկայանն է:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետեւողական վերահսկողությունը մայրաքաղաքի տրանսպորտային երթեւեկի բեռնաթափմանն ուղղված այս եւ մյուս միջոցառումների ուղղությամբ:

Մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով քաղաքի որոշ հատվածներում երթեւեկության համար առաջացած դժվարանցանելիությունը վերացնելու եւ խնդիրը կանոնակարգելու նպատակով, պատասխանատու բոլոր կառույցներին քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել հեղեղատարները կարգի բերելու ուղղությամբ: Հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին Կարապետյանը հանձնարարել է բարեկարգել վթարների հետեւանքով քանդված փողոցները` լուրջ ուշադրություն դարձնելով ասֆալտապատման որակին:

Քաղաքապետարանը համատիրություններին, դպրոցներին ու նախադպրոցական ուսումնական հաստատություններին խոտհնձող ժամանակակից սարքավորումներ եւ կանաչապատման ու խնամքի այլ մեքենամեխանիզմներ է հատկացրել` Երեւանի կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքը պատշաճորեն իրականացնելու նպատակով: Քաղաքապետի հանձնարարականով պետք է լուրջ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների խնամքին ու ոռոգման աշխատանքներին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4