«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2011-07-15 | #131, 2011-07-16 | #132, 2011-07-19


ԽԵԼԱՑԻ ՏՆԵՐ, ՄԱՔՈՒՐ ՄԵՔԵՆԱՆԵՐ, ՊՏՏՎՈՂ ՇԵՆՔԵՐ...

Միկրոէլեկտրոնիկայի զարգացումը երազանքներն իրականություն կդարձնի

«Խելացի» տունը ճանաչում է տանտիրոջը եւ նրա առջեւ բացում դուռը: Բանալու կարիք այլեւս չկա: Ներս մտնելուց հետո տան կամ առանձին սենյակների լույսերը վառվում են տանտիրոջ նախընտրած ուժգնությամբ, հեռուստացույցը կամ երաժշտական կենտրոնը միանում են տանտիրոջ նախասիրությունն ու տրամադրությունը հաշվի առնելով: Նույն կերպ կարգավորվում են նաեւ տան ջերմաստիճանը, գունային լուծումները, սենյակների լուսավորությունըՙ ըստ օրվա ժամերի եւ տարվա եղանակների, լոգարանի եւ ջրի ջերմությունը եւ այլն:

Այս ամենն արդեն իսկ իրականություն է եւ հնարավոր է դարձել գիտական եւ տեխնոլոգիական նվաճումների շնորհիվ: Մարդու երեւակայությունն անսահման է, ինչպես եւ մտքի թռիչքը: Դա նշանակում է, որ այսօր աներեւակայելի թվացող գաղափարները վաղն անպայման իրականություն են դառնալու, եւ առաջիկա 20 տարիներին մի քանի նման տեխնոլոգիական հրաշքներ ենք տեսնելու:

Օրինակՙ «մաքուր մեքենա», որը փոշի է կլանում եւ մաքուր օդ արտաշնչում: Կամՙ «ներկայության պատրանք ստեղծող տեսալսողական միջավայր», որը ստեղծում է մեր ամենօրյա կյանքի նմանակ 3D միջավայր: Բարդագույն տեխնոլոգիաներով օժտված էկրանն իր ինտերիերային պատերով եւ շարժմանն արձագանքող տեսախցիկներով ներկայության պատրանք է առաջացնումՙ պասիվ էկրանից վերածվելով ակտիվ գործընկերոջ: Իսկ պտտվող աշտարակներով շենքերն իրենց անհրաժեշտ էներգիան ստեղծում են քամուց:

Վերջին 50 տարում մարդկության պատմության մեջ գրանցված ամենանշանակալի ձեռքբերումների, տիեզերքի հետազոտման ու նվաճման ժամանակագրության ու ոչ հեռավոր ապագայում միկրոէլեկտրոնիկայի հավանական նոր նվաճումների մասին է խոսվել Կանարյան կղզիներում այս տարվա հունիսին, առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի պատմական թռիչքի 50-ամյակին նվիրված ՍԹԱՐՄՈՒՍ փառատոնի ժամանակ: Փառատոնին մասնակցել են հայտնի գիտնականներ, տիեզերագնացներ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ղեկավարներ: «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ Ռիչ Գոլդմանի ելույթն անդրադարձ էր միկրոէլեկտրոնիկայի զարգացման պատմությանը:

Տրանզիստորի հայտնաբերումը 1947թ.-ին Bell Labs հետազոտական կենտրոնի անդամների կողմից դարձավ բազմաթիվ նորարարությունների ներդրման եւ տեխնոլոգիայի զարգացմանը խթանելու կարեւորագույն գործոն: Հետո, 1958-ին` Texas Instruments-ի ինժեներ Ջեք Քիլբիի կողմից ստեղծված առաջին ինտեգրալ սխեման դարձավ ժամանակակից միկրոէլեկտրոնիկայի հիմքը: Շուտով ինտեգրալ սխեմաները սկսեցին օգտագործվել հաշվիչների եւ համակարգիչների արտադրության մեջ առանձին տրանզիստորների փոխարեն, ինչը թույլ տվեց զգալիորեն նվազեցնել չափը եւ բարձրացնել արտադրողականությունը:

Տեխնոլոգիական առաջընթացով պայմանավորվեց նաեւ տիեզերքի նվաճման սկիզբը: 1957-ին ԽՍՀՄ-ն ուղեծիր ուղարկեց Երկրի առաջին արհեստական արբանյակը` «Սպուտնիկ-1»-ը: 1959թ.-ին «Լունա-2» կայանը առաջին անգամ հասավ Լուսնի մակերեւույթին: 1961-ի ապրիլին Յուրի Գագարինը առաջին թռիչքը կատարեց տիեզերք: 1965-ին Ալեքսեյ Լեոնովը դուրս եկավ բաց տիեզերք: 1969-ին Նեյլ Արմսթրոնգն առաջին անգամ ոտք դրեց Լուսնի վրա:

Գիտատեխնիկական հեղափոխությունը նոր թափ ստացավ, երբ 1968-ին Intel ընկերության հիմնադիր Գորդոն Մուրը կռահեց, որ մեկ չիպի վրա տրանզիստորների քանակը մեկ եւ կես տարվա ընթացքում կրկնապատկելով, պրոցեսորները կդառնան ավելի էժան եւ արագագործ, իսկ դրանց արտադրությունն ավելի զանգվածային: 1971-ին արտադրված Intel-4004 առաջին միկրոպրոցեսորի մեջ 2300 տրանզիստոր կար, երբ 1969-ին Fairchild ընկերության ամենաբարդ չիպում ընդամենը 64 տրանզիստոր կար: 1989-ին Intel 486 պրոցեսորում դրանց թիվն արդեն 1,2 մլն էր, 2000-ին Intel Pentium 4-ումՙ 42 մլն: Նոր քառամիջուկ Intel Core 2 Extreme պրոցեսորը պարունակում է 820 միլիոն տրանզիստոր:

1975-ին IBM-ը թողարկեց առաջին սարքը, որը կարելի էր անվանել անձնական համակարգիչ: 1976-ին ստեղծվեց ամերիկյան Cray Research Inc ընկերության առաջին սուպերհամակարգիչը` Cray -1, որը 240 մլն լողացող ստորակետով թվաբանական գործողություններ էր կատարում մեկ վայրկյանում, իսկ նրա արժեքը կազմում էր 4-11 միլիոն դոլար: Սակայն այսօր 2010-ի արտադրության iPhone-ը 689 անգամ ավելի հզոր է, քան Columbia մաքոքի համակարգիչները, իսկ գինը տատանվում է մի քանի հարյուր դոլարի սահմաններում:

Միկրոէլեկտրոնիկայի աներեւակայելի տեմպերով զարգացման շնորհիվ, բջջային հեռախոսներում, տեսախցիկներում եւ այլ էլեկտրոնային սարքերում, 1 քառ. սմ մակերեսի վրա տեղադրված են 2 մլրդ տրանզիստորներ: Ունենք բջջային հեռախոսներ, որոնց չափերը գնալով փոքրանում են, իսկ ֆունկցիոնալությունըՙ ավելանում, «խելոք» մեքենաներ, որոնք շարժվող համակարգիչներ են եւ շատ ավելի հզոր են, քան 60-ականներին տիեզերանավերի վրա տեղակայված թռիչքի կառավարման համակարգիչները:

Վերոնշյալը կասկած չի թողնում, որ առավել քան իրական են առաջիկայում նոր, ցնցող նվաճումներն ու դրանց կիրառությունը կյանքում: Հայաստանը կարող է իր լուրջ դերն ունենալ այս գործընթացում, քանի որ խորհրդային ժամանակներից այդ երկրի միկրոէլեկտրոնիկայի կենտրոններից էր, իսկ ներկայումս «Սինոփսիսի» եւ մի շարք բուհերի համագործակցության շրջանակներում իրականացվում են միկրոէլեկտրոնիկայի կրթական ծրագրեր, որոնք ընդօրինակելի են դարձել նաեւ այլ երկրների համար: Ակնհայտ է, որ գիտության կիրառական նշանակություն ունեցող այս ճյուղում կատարված ներդրումները բազմապատիկ ավելի մեծ եկամուտներ կբերեն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4