«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2011-07-15 | #131, 2011-07-16 | #132, 2011-07-19


ՀԱՆԳՍՏԻ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԵՐԻ 80 ՏՈԿՈՍԸ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔՈՒՄ

Ի տարբերություն նախորդ տարիներիՙ այժմ զբոսաշրջիկներն ավելի գիտակցաբար ու պատասխանատու մոտեցում են ցուցաբերում ապահովագրությանն ու մինչ ճամփորդության կամ գործուղման մեկնելը համապատասխան ընկերությունների հետ բժշկական ապահովագրության պայմանագիր են կնքում:

Եթե ԱՊՀ երկրներ մեկնելու համար բժշկական ապահովագրությունն ըստ ցանկության է, ապա Շենգենյան երկրներ մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր է: Շենգենյան գոտու երկրների համար մեկ օրվա արժեքն է 450 դրամ, ԱՄՆ-ի համար` 500 դրամ:

«Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արեւշատ Մելիքսեթյանի փոխանցմամբ` հանգստի մեկնող ՀՀ քաղաքացիների 80 տոկոսը համապատասխան պայմանագիր է կնքում: Ըստ վիճակագրությանՙ միայն 10 տոկոսն է ստանում փոխհատուցում:

Հանկարծակի հիվանդություն, դժբախտ պատահար կամ մահ:

Միայն այս պարագայում ճամփորդական ապահովագիր կնքած զբոսաշրջիկը կստանա փոխհատուցում: Եթե ապահովագրական ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել, ապա ՀՀ քաղաքացին իրավունք ունի դատական կարգով պաշտպանելու իր իրավունքները:

«Քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածները կարգավորում են վերոնշյալ խնդիրները», ասում է իրավաբան Տարոն Սիմոնյանը :

Նա նշում է, որ ապահովագրական ընկերությունները հաճախ հրաժարվում են տրամադրել փոխհատուցում` ասելով, որ զբոսաշրջիկը մեկնել է արտասահման ոչ թե ճամփորդության, այլ բուժման նպատակով: Եթե դատարանում ապացուցվում է, որ զբոսաշրջիկն իրավացի է, ապա, բացի փոխհատուցումից, ապահովագրական ընկերությունը պարտավորվում է հավելյալ գումար վճարել կրած վնասների համար:

2009-ին «Ինգո»-ի ծառայություններից օգտվել է 12.833 մարդ, 2010-ին նրանց թիվը կտրուկ աճել է` կազմելով 17.724 քաղաքացի:

Այս տարվա վեց ամսվա ընթացքում ճամփորդական ապահովագրությունից օգտվել է 7.530 մարդ:

«Եթե 2010-ին միջին հատուցման գումարի ծավալը կազմել է 175.000 դրամ, ապա մեկ հոգու առավելագույնը անցյալ տարի կազմել է 3.201.000 դրամ: Այս տարվա 6 ամսվա դրությամբ փոխհատուցման միջին թիվը կազմել է 465.000 դրամ, իսկ մեկ պատահարի դիմաց առավելագույնը վճարվել է 4.750.000 դրամ», ասաց Մելիքսեթյանը` հավելելով, որ ապահովագրական պայմանագիրն ազատում է զբոսաշրջիկին ավելորդ գլխացավանքից, եւ պատահարի դեպքում նա կարող է հենց տեղում, իրեն տրված քարտի հիման վրա, համապատասխան փոխհատուցում ստանալ:

Անդրադառնալով փոխհատուցումներին` Մելիքսեթյանն ասաց, որ անցյալ տարի փոխհատուցման պահանջ ներկայացրել է 150 քաղաքացի, բավարարվել է 138-ը: Այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում ներկայացվել է 43 պահանջ. բոլորն էլ բավարարվել են:

«Մահվան դեպքում ապահովագրությունը կազմակերպում է, որ աճյունը տեղափոխվի Հայաստան», ասաց «Ինգո Արմենիայի» գործադիր տնօրենի առաջին տեղակալը` հավելելով, որ անցյալ տարի մահվան ելքով պատահար էր տեղի ունեցել Թուրքիայում, սակայն իրենք կարողացել են առանց խնդիրների լուծել:

Իրավաբանն էլ նշում է, որ հաճախ քաղաքացիները կեղծ տվյալներ են ներկայացնում, որպեսզի փոխհատուցում պահանջեն:

«Ինձ դիմած քաղաքացիներից միայն մեկի պարագայում էր, որ ապահովագրական ընկերությունը խախտել էր օրենքը: Դատական գործընթացից հետո ընկերությունը քաղաքացուն վճարեց փոխհատուցումը»:

«Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալը նշում է, որ Հայաստանում իրենց հանգիստը կազմակերպող հայերը հիմնականում չեն ապահովագրվում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4