«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2011-07-15 | #131, 2011-07-16 | #132, 2011-07-19


ԾԻՐԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸՙ ՈԳԵՎՈՐԻՉ ԹՎԵՐՈՎ

Անցած ուրբաթ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գյուղոլորտում այս օրերին ծավալվող գործընթացներից մեկիՙ ծիրանի բերքի արտահանման վերաբերյալ հանրությանը մի անչափ հետաքրքրող թիվ ներկայացրեց. ՀՀ-ից արտահանվել է 7 հազար տոննա ծիրան: Ընդգծվեց, որ այս պտղի ոչ առատ բերքի պայմաններում ցուցանիշը բավարար պետք է գնահատել:

Ի՞նչ է 7.000 տոննա արտահանված ծիրանի բերքը, որն այս տարի հիմնականում հասունացել է Արարատի ու Արմավիրի մարզերում: Ըստ ՀՀ գյուղնախարարության 2008 թվականի «Հայաստանի գյուղատնտեսությունը» հրապարակմանՙ Արարատի մարզում գյուղաբնակներ են 194 հզ. մարդ, Արմավիրումՙ 180 հզ. մարդ, միասինՙ 374 հզ. գյուղաբնակ: Հայկական այս մրգի արտահանման պատվավոր գործընթացին նրանց միջին մասնակցությունը պարզելու նպատակով 7 հզ. տոննան, որը 7 մլն կգ է, բաժանենք 374 հազարի. ստանում ենք մոտ 20 կգ թիվ: Թե ոգեւորության ինչ աստիճանի լիցք է պարունակում այս թիվը, չփորձենք գուշակել: Այ եթե բազմապատկենք ընտանիքների միջին 4-5 թվակազմով, 80-100 կգ արտահանումը ինչ-որ պատկեր ստեղծում է, ասենքՙ 20-25 հազար դրամի մուտք, անշուշտ տարվա կտրվածքով ողջ ընտանիքի համար: Չենք բացառում, որ բերքաշատ տարիներին այս գումարը կարող է կրկնապատկվել, անգամ եռապատկվել: Նկատենք նաեւ, որ մեզանում արձանագրվում են բերքի առավել պակաս տարիներ:

Իրականում արտահանողներին ներկայացնելու 100 կգ-ի սահմաններում բերք ուներ գյուղացիական տնտեսություններից յուրաքանչյուրը, քանզի գնորդները հիմնականում պահանջում են ծիրանենիների առավել արեւ տեսած պտուղները: Մնացածը վաճառվեց մեր շուկայում, միջինըՙ 600-700 դրամով, իսկ առավել ցածր որակի ու տեսքի ծիրանըՙ 350-500 դրամով: Դժվար է ասելՙ ՀՀ բոլոր բնակիչները հնարավորություն ունեցա՞ն համտեսելու բաղձալի պտուղը, թե՞ եղան նաեւ գնել չկարողացողներ: Ինչեւէ, 20-օրյա համազգային ծիրանասպասումն ու ծիրանավայելքն ավարտվեցին:

Այսուհանդերձ գործընթացը նաեւ այլ դրսեւորում ունի, քանզի բերքն ինքն իրենով չի լինում: Ծառի պահպանումն ու բերքի հասունացումը ծախսեր են պահանջում, ասենք, ջրելու, պարարտացնելու, սրսկումների աշխատանքներ: Արդյոք սրանք այնքան աննշա՞ն ծախսեր են, որ ծիրան մշակողների եւ արտահանման ներկայացնողների տրամադրություններում ի վերջո ոգեւորության որոշակի դրսեւորումներ են արձանագրվում: Պատասխանը ակնկալում ենք գյուղնախարարության համապատասխան մասնագետներից:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4