«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2011-07-15 | #131, 2011-07-16 | #132, 2011-07-19


ՄՐՑԱՆԱԿՆԵՐ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆՅԱՆ 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

Անցած շաբաթը նշանավորվեց «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնով: Վիվասել-ՄՏՍ ընկերության (գլխ. հովանավոր) եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի ներկայացավ նոր անակնկալներով եւ մասնակից երկրների ընդլայնված աշխարհագրությամբՙ կինոարվեստի սիրահարների առջեւ բացելով երեւակայության եւ իրականության միջեւ թռիչքի սահմանները: Փառատոնին ուղարկված 631 հայտից ընտրվել էր շուրջ 150 ֆիլմ, որոնցից 67-ը մրցում էին միջազգային 4 մրցույթներում: «Փառատոնին, ինչպես ասաց հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը , աշխարհի տարբեր երկրներից մասնակցում էին 150 կինոաշխարհի մարդիկ, իսկ մեկ շաբաթվա ընթացքում բոլոր սրահներում փառատոնի ֆիլմերը դիտել են շուրջ 37.000 կինոսիրող»: Ավելացնենք, որ ամեն օր Ազնավուրի հրապարակում 19.00-24.00 հանդես էին գալիս ջազային տարբեր խմբեր, անհատ կատարողներ ու երգիչներ: Եվ ինչպես ժողովուրդն է ասումՙ «ասեղ գցելու տեղ չկար»: Նույնն էր նաեւ կինոսրահներում: Եվ այդ ամենը նկատելով, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ քաղաքապետ Կարեն Կարապետյանը խոստացան, որ փառատոնը այսուհետեւ կունենա իր կինոկենտրոնըՙ կինոսրահներով ու դահլիճներով: Հուսանք, որ այդ խոստումները 9-րդ փառատոնին իրականացված կտեսնենք:

Միջազգային ժյուրիների 6 խմբերն ամփոփել էին իրենց արդյունքները եւ հաղթողներին մրցանակները հանձնվեցին «Լաթար» հյուրանոցային համալիրի բացօթյա հարթակում: Չնայած անձրեւին, այդ հանդիսավոր արարողությանը մասնակցող շուրջ 300 մարդկանց փառատոնի տնօրենությունը բաժանել էր անձրեւանոցներ: Երբ անձրեւը մեղմացավ, կարծես հրաշք տեղի ունեցավՙ միանգամից պարզ ու արեւի շողերով գունազարդված հառնեց Արարատ սարն իր ձյունածածկ գագաթով: Ներկաները զմայլվում էին ու հիանում, որովհետեւ մեկ շաբաթվա ընթացքում նրանց բախտ չէր վիճակվել Արարատն այդպես պարզ տեսնել: Փառատոնի կոչնակի ազդարարմամբ, հանդիսավար Սերժ Ավետիքյանը բեմ հրավիրեց «Միջազգային խաղարկային ֆիլմերի» մրցույթի ժյուրիի նախագահին: Վերջինս ազդարարեց, որ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը հանձնվում է իրանցի ռեժիսոր Աղհար Ֆարհադիին «Նադիր եւ Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմի համար: «Արծաթե ծիրան» մրցանակը հանձնեց Փարկ Չուն-բումին «Մուսանյան նոթեր» ֆիլմի համար, իսկ ժյուրիի հատուկ մրցանակըՙ արգենտինացի ռեժիսոր Պաուլա Մարկովիչին «Պարգեւը» ֆիլմի համար: Այդ ֆիլմը արժանացավ նաեւ Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Յուրահատուկ ստեղծագործական հայացք» մրցանակին: Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթի «Ոսկե ծիրան» գլխ. մրցանակին արժանացավ Ալեքսանդր Նանաուի «Աշխարհըՙ ըստ Յոն Բ.-ի» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ըՙ Լին Թրու, Նելսոն Ուոքեր 3-րդ, Ցերինգ Պերլո «Ամառային արոտավայր» եւ «Հատուկ հիշատակում» մրցանակըՙ Ահմադ Սեյեդքեշմիրի «Հոյակապ ոչինչ» ֆիլմերին: «Հայկական համայնապատկեր» մրցույթի գլխ. մրցանակը հանձնվեց Հարութ Շատյանին «Բեռնելով կյանքս ֆիլմի համար»: «Ազգ»-ը այդ ֆիլմը ներկայացրել է իր ընթերցողներին եւ նշել, որ այն հավակնում է մրցանակի: Ի դեպ, այդ ֆիլմն արժանացավ նաեւ Բրիտանական խորհրդի սահմանած մրցանակին եւ Ազգային կինեմատոգրաֆիստների կենտրոնի «Նուարդ» մրցանակին: Նույն անվանակարգում «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Էմիլ Մկրտչյանի «Տիեզերանավը» ֆիլմը եւ նաեւ Հրանտ Մաթեւոսյանի անվ. հատուկ մրցանակի, իսկ «Հատուկ հիշատակում»-ին արժանացավ Անաստասիա Պոպովայի «Վարդագույն քաղաքի վերջին հիպին» ֆիլմը: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում գլխ. մրցանակը հանձնվեց Պյոտր Սուբոտկոյի «Գլազգո» ֆիլմին, իսկ «Հատուկ հիշատակում»-ըՙ Սերհաթ Կարաասլանի «Հեծանիվ» ֆիլմին: FPRESCI-ի ժյուրիի մրցանակին արժանացավ Էբրահիմ Սայիդիի «Մանդու» ֆիլմը: Իսկ «Էկումենիկ» կամ եկեղեցիների անկախ ժյուրիի մրցանակը հանձնվեց Կոռնել Գեորգիտայի «Եվրոպոլիս» ֆիլմի համար: Հայտնի կինոռեժիսոր Բելա Տարին փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը հանձնեց «Փարաջանովյան տալեր» գլխ. մրցանակըՙ կինոարվեստում ունեցած մեծ ավանդի համար: «Մանթաշյանցի» անվ. մեդալին արժանացան «Փյունիկ» հիմնադրամի համանախագահներ Գաբրիել Ջեմբերջյանն ու Լեւոն Սարգսյանը ու նաեւ «Լաթար» հյուրանոցային համալիրի տնօրեն Ռադիկ Վանունցը: Իսկ «Ոսկե Մանթաշով» մեդալը հանձնվեց ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանինՙ ութ տարի շարունակ փառատոնին աջակցելու համար:

Ավարտվեց եւս մեկ տոն, որի մասին դեռ շատ կխոսեն կինոաշխարհում, ուր արդեն հեղինակություն է ձեռք բերել մեր երեւանյան «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4